«Տաշիր գրուփ»-ը չէ այս քաղաքի տերը

«Տաշիր գրուփ»-ը չէ այս քաղաքի տերը
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, ուր իր մտահոգությունն է հայտնում Երեւանի այգիներից մեկում նոր շինարարական նախաձեռնության կապակցությամբ: «Ըստ մեզ հասած տեղեկությունների` «Տաշիր գրուփ» ընկերությունը պատրաստվում է կապիտալ շինարարություն ծավալել Մաշտոցի պողոտայի և Սարյանի փողոցի միջնամասում ընկած այգում (առևտրի սրահ և ստորգետնյա ավտոկանգառ): Դրա արդյունքում անխուսափելիորեն կկտրվեն ծառեր և կվնասվի այգու բուսականությունը: Հանրային զբոսայգին մեկընդմիշտ կկորցնի իր նպատակային նշանակությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:



Ըստ այդմ քաղաքացիական նախաձեռնությունն այդ ծրագրին դեմ արտահայտվելու համար այգում նախատեսում է իրականացնել խորհրդանշական ծառատունկ: «Այս միջոցառման ժամանակ այգում կտնկենք ծառ, որը կօրհնվի և որին կտրվի անուն՝ ցուցանակով: Այս արարողությունը կարտահայտի այգին խնամելու մեր պատրաստակամությունը և կվերածվի տոնի՝ երգչախմբի և մանուկների երգով, պարերով. ներկաներն ծառերին կամրացնեն խորհրդանշական ժապավեններ»,- պատմում են կազմակերպիչները: Կազմակերպչական գործընթացին մասնակցում են նաեւ այգուն հարակից շենքերի բնակիչները եւ Armenian Tree Project-ը: