Եգիպտոս մեկնելը վտանգավոր է առողջության համար

Եգիպտոս մեկնելը վտանգավոր է առողջության համար
Մենք հայաստանցի մի խումբ բժիշկներ ենք, որոնք, կոչմանը համաձայն, մտահոգված են մեր ազգաբնակչության առողջությամբ: Խնդիրն այն է, որ օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե մեր երկրում «Արեւմտյան Նեղոսի տենդ» կոչվող հիվանդության դեպք չկա: Հասկանալի պատճառներով նախարարությունը չի ցանկանում խուճապ առաջացնել հասարակության շրջանում, բայց ամբողջ ճշմարտությունն այն է, որ այս պահի դրությամբ հանրապետությունում նման երկու վիրուսակիր կա, որոնցից մեկի վիճակը ծանր է:



Նրանք երկուսն էլ վերջերս են վերադարձել Եգիպտոսից` Շարմ էլ Շեյխ-Մոսկվա-Երեւան թռիչքով, քանի որ Հայաստանից Եգիպտոս զբոսաշրջային այցեր կազմակերպող հայտնի «Տեզ-Տուր» ընկերությունը Հայաստանում միայն սեպտեմբերի 21-ից է վերաբացելու հանգստյան աշնանային սեզոնը: Մեր մտահոգությունն այն է, որ դեպի Եգիպտոս հանգստյան սեզոնի վերաբացումով Հայաստան վերադարձողները իրենց հետ բերելու են «Արեւմտյան Նեղոսի տենդ» կոչվող վիրուսը, որից հարեւան Թուրքիայում ու Վրաստանում արդեն մահացության դեպքեր են արձանագրվել:



Ուստի հայցում ենք լրատվամիջոցների աջակցությունը` Եգիպտոս մեկնելու ցանկություն ունեցող անձանց կոչ անել հրաժարվել նման այցերից կամ հետաձգել այն ավելի ուշ ժամկետի: Հուսով ենք, որ այս հարցում իր դրական միջամտությունը կունենա առողջապահության նախարարությունը` ներկայացնելով իրական վիճակը եւ կոչ անելով խուսափել Եգիպտոս այցերից, իսկ «Տեզ-Տուր» ընկերությանը խորհուրդ ենք տալիս խուսափել շահադիտական նպատակներով ազգաբնակչությանը մոլորեցնելուց եւ զբոսաշրջիկներից վիրուսի առկայության փաստը թաքցնելուց: Առողջ եղեք:



ՀԳ - «Արեւմտյան Նեղոսի տենդի» վիրուսը լայնորեն տարածվել է Աֆրիկայում եւ Ասիայում: Վիրուսի փոխանցողներ են մոծակները, իքսոդային եւ արգասային տզերը, իսկ պահոց են թռչունները եւ կրծողները: Հիվանդությանը բնորոշ է արտահայտված ինտոքսիկացիան, մասնավորապես` ուժեղ տանջող գլխացավ` արտահայտված ճակատի եւ աչքերի շրջանում, մկանային ցավեր, փսխում, ախորժակի անկում, ցավեր սրտի շրջանում եւ կրծքավանդակի ձախ հատվածում, եղջերաթաղանթի կարմրություն: Հիվանդների մեծամասնության մոտ նկատվում են նաեւ հոդացավեր:



Կարեն ԲԱԲԱՅԱՆ