Վարչապետը հեգնեց Հրանուշ Հակոբյանին, սակայն չդիմադրեց

Վարչապետը հեգնեց Հրանուշ Հակոբյանին, սակայն չդիմադրեց
Չինաստանյան շրջագայությունը բավականին կայտառացրել է Տիգրան Սարգսյանին: Նա այնպես էր լիցքաթափվել, որ ուրբաթ օրվա մեկուկես ժամանոց նիստի  ընթացքում անսպառ խոսում էր, ամեն զեկույցին ակտիվորեն արձագանքում, միջամտում ու դիսկուսիայի վերածում:  Իսկ ամենազվարճալի ու աշխույժ «կտորը» Ուսուցչի տոնի վերաբերյալ ԿԳ նախարար Աշոտյանի զեկույցն էր, որի շուրջ ծավալվեցին սփյուռքի դեսպան Հրանուշ Հակոբյանը, Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը: Ուսուցչի տոնը պատշաճ կազմակերպելու, մանկավարժների մեծարման եւ արժեւորման երեկո անցկացնելու համար կրթության ոլորտի գլխավոր պատասխանատուն գումար խնդրեց կառավարությունից:



Ապա  ավելացրեց, որ նվազագույնը երկու ուսուցչի համար նախատեսել են ավտոմեքենա: Նախապես որոշված է եղել «Ժիգուլի», բայց, չգիտես ինչու, Արմեն Աշոտյանը բարձր ամբիոնի մոտ մտափոխվեց ու «Հոնդայի» խոսք բացեց՝ մակնիշային փոփոխությունը բացատրելով էժան գնով: Այսինքն՝ համ ուսուցիչը սովետական մեքենայի փոխարեն արտասահմանյանը կվարի, համ էլ այդպես էժան կնստի:  «07»-ն արժե մոտ 10 հազար դոլար, իսկ «Հոնդան» ավելի էժան է եւ որակյալ: Գնի մասին չնշեց,  վարչապետին հաճոյացավ՝ միայն խնայված քանակի մասին հրապարակումով: Ըստ Աշոտյանի՝ տնտեսված գումարը կկազմի ամեն մեքենայից 2 հազար դոլար:



Ինչեւէ, վարչապետն էլ բավականին ոգեւորվեց ուսուցչին արժեւորող տոնակատարությունից: Բայց մեքենայի ընտրության հարցում ընդհանուր հայտարարի չեկան, առաջարկեց հետո միասին քննարկել: Սակայն դահլիճում կար մեկը, որը խանդը չկարողացավ զսպել ու «պայթեց» «բա իմո՞նք» ձեւաչափով: Հրանուշ Հակոբյանն էր: Նա հայտարարեց, որ արդարացի չէ  հայաստանյան ուսուցիչներին պարգեւատրել, իսկ արտասահմանում աշխատող հայ ուսուցիչներին կամ, իր լեզվով ասած, սփյուռքյան ուսուցիչներին ոչինչ չտալ:  «Խասյաթի» համաձայն՝ առաջարկեց սա էլ դարձնել համահայկական տոն:



Բայց, որքան էլ տարօրինակ է, վարչապետին առաջարկը դուր չեկավ, եւ նա կիսաջղային հեգնեց տիկին Հրանուշին. «Տիկին  Հակոբյան, ընդհանրապես պետք է բոլոր տոներին ուրեմն անդրադառնանք ու հասկանանք, թե ինչ ձեւաչափ եք Դուք առաջարկում մեր պետական մասնագիտական տոները նշելու համար: Մենք ունենք բազմաթիվ այլ մասնագիտական տոներ՝ Ֆինանսական աշխատողի օր, դա է՞լ պետք է սարքենք համահայկական, Դատախազության օր, Ոստիկանության օր՝ էդ բոլորը սարքենք համահայկակա՞ն»:



Բայց դե, սփյուռքի պաշտպանը չընկրկեց ու հակադարձեց Տիգրան Սարգսյանին՝ ստիպված լինելով որոշ տարրական հարցերի շուրջ «մանրանալ». «Պարոն վարչապետ, կրթությունը համահայկական խնդիրների ուսումնասիրման եւ վերհանման հիմքն է: Առավել եւս՝ դպրոցը սփյուռքում ամբողջ հայապահպանության մեխն է: Ես նկատի ունեմ, որ եթե մենք այսօր մեծ պարգեւներ ենք տալիս հայաստանյան ուսուցիչներին, մենք անպայման պետք է անդրադարձ կատարենք նաեւ սփյուռքի ուսուցիչներին: Մենք 8 հարյուր դպրոց ունենք, ինչպե՞ս ենք խրախուսում ուսուցիչներին»:



Կարծես թե նախարարուհին համոզեց վարչապետին, եւ վերջինս  խորհուրդ տվեց այդ առնչությամբ առաջարկներ մշակել ու ներկայացնել: «Դուք նոր գաղափար եք առաջարկում, պետք է որոշել՝ ինչ չափանիշներով ենք գնահատելու սփյուռքի ուսուցիչների աշխատանքը»: Բայց այսքանով քննարկումը չավարտվեց, խառնվեց նաեւ կառավարության նիստի ընդդիմախոս` Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա  առաջարկեց  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ  բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տոնական միջոցառման կազմակերպումը հանձնարարել մշակույթի նախարարությանը, սակայն վարչապետը մերժեց՝ բացատրելով, որ նախարարությունների խնդիրը քաղաքականություն մշակելն է, ոչ թե միջոցառում կազմակերպելը: Որպեսզի ՎՊ նախագահի կասկածները ֆինանսական մասով ի չիք դառնան, գլխավոր գործադիրը խոստացավ վերջում անպայման հաշվետվություն ներկայացնել: