Օրինական միգրացիա դեպի Ռուսաստան

Օրինական միգրացիա դեպի Ռուսաստան
Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ` սկսած 2006 թվականից, գործում է Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունը: Ծրագրի նպատակը «հայրենակիցների» վերադարձն է Ռուսաստանի Դաշնություն: Իսկ ծրագիրն իրականացնողները հայրենակիցներ են համարում Խորհրդային Միության կազմում գտնված պետությունների ժողովուրդներին: Փաստորեն, հայերն էլ են համարվում ռուսների «սոոտեչեստվեննիկները», եւ որքան էլ մեզ համար զարմանալի է, ռուսական միգրացիոն ծառայությունը Հայաստանի քաղաքացիներին օրինական ճանապարհով տեղափոխում է Ռուսաստանի Դաշնություն՝ հիմնականում չբնակեցված կամ նոսր բնակեցված տարածքներ, եւ լուծում իր ժողովրդագրական խնդիրները:



Ծրագրով մեկնել ցանկացողներին աշխատանք է տալիս՝ սկզբի համար որոշակի գումար, ինչպես նաեւ շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտ 6 ամսում, լուծում է քաղաքացիության հարցը: Աշխատանք չունեցող մարդուն այդպիսի շահավետ առաջարկով գայթակղելը շատ հեշտ է: Ծրագիրը, փաստորեն, օրինական միգրացիա է կազմակերպում Հայաստանից:



Վերջերս ավելի շատ սկսեցին խոսել այդ ծրագրի մասին, եւ մենք որոշեցինք ամեն դեպքում հետաքրքրվել, թե դա ինչ ծրագիր է եւ կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում: ՖՄՍ-ի (Ֆեդերալնայա միգրացիոննայա սլուժբա) գրասենյակը գտնվում է Սարմենի փողոցում, Գիտությունների ազգային ակադեմիայի հարեւանությամբ: Առաջինը, ինչը մեզ զարմացրեց, մարդկանց բազմությունն էր՝ կուտակված գրասենյակի բակում: Մարդիկ այստեղից-այնտեղից լսել էին, որ այդպիսի ծրագիր կա, եւ եկել էին իրենց բախտը փորձելու: «Լսել եմ, որ սրանք շատ հեշտ մարդկանց տանում են Ռուսաստան, դաժե սկզբի համար փող են տալիս, աշխատանք ու, ամենակարեւորը՝ գրանցման հարցն են լուծում՝ մի քանի ամսից քաղաքացիություն են տալիս»,- ասում էր մեկը, որը երկար տարիներ բնակվում էր Ռուսաստանում եւ վերջերս էր վերադարձել Հայաստան:



Կրկին Ռուսաստանում հայտնվելու համար եկել էր դիմելու այս «շահավետ» ծրագրի օգնությանը: Սկզբում մարդկանց հերթով ընդունում էին, գրանցում անուն-ազգանունը, օր նշանակում սեմինարի մասնակցելու համար եւ բացատրում, որ սեմինարի ժամանակ կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ի դեպ, ամբողջ տարածքում տեսախցիկներ էին տեղադրված եւ հսկվում էր մարդկանց անցուդարձը: Զուտ հետաքրքրության համար գրանցվեցինք եւ նշանակված օրը գնացինք սեմինարի: Երբ բոլորը հավաքվեցին, ֆիլմ ցուցադրեցին, որտեղ այդ ծրագրով Ռուսաստան գնացածները պատմում էին, որ գոհ են, որ լավ աշխատանք ունեն եւ այլն:



Այնուհետեւ ծրագրի ներկայացուցիչներից մեկը սկսեց ներկայացնել պայմանները: Այն փաստը, որ Ռուսաստանն այս ծրագրով լուծում է իր տարածքները վերաբնակեցնելու խնդիրը, փաստ է: ՖՄՍ-ի միջոցով մարդիկ կարող են գնալ Ռուսաստանի միայն 25 երկրամաս, որոնք հիմնականում ծայրամասերում են եւ նոսր են բնակեցված: Ամբողջ փաստաթղթային գործընթացը կատարվում է Հայաստանում: Մեկնել ցանկացողը լրացնում է համապատասխան հայտը, նշում, թե ուր է ցանկանում գնալ, ըստ երկրամասերի՝ Ռուսաստանից ուղարկված աշխատանքների ցուցակից նշում, թե ինչ աշխատանք է ուզում, եւ հավաքված ամբողջ թղթերն ուղարկվում են նշված երկրամաս կամ քաղաք:



Այնտեղից եկած դրական պատասխանից հետո ՖՄՍ-ն տալիս է այնտեղ աշխատելու թույլտվություն եւ բնակության համար անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո մարդը հանգիստ կարող է մեկնել Ռուսաստան: Մեկնելուց հետո դիմում են ներկայացնում, եւ բոլոր ծախսերը փոխհատուցվում են: Փաստորեն, փողի մասին շրջանառվող լուրերն էլ էին ճիշտ: Ծրագրով մեկնածներին ՖՄՍ-ն սկզբում որոշակի գումար է տալիս: Գումարի չափը կախված է տարածքի աշխարհագրական դիրքից. որքան հեռու եւ խուլ տեղ է, այնքան մեծ է գումարի չափը, սակայն մոտ 60 հազար ռուբլու չափ գումար է տրամադրվում: Գումարը տրամադրվում է անվերադարձ, սակայն եթե 2 տարվա ընթացքում մարդը որոշում է վերադառնալ կամ փոխել բնակության վայրը, ապա պետք է ամբողջությամբ վերադարձնի տրամադրված գումարը:



Մեկնելուց մոտ 6 ամիս հետո կարող են դիմել նաեւ քաղաքացիություն ստանալու, որի համար պետք է անպայման հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից: Ահա ծրագրի ամբողջ նպատակը: Հարցի կապակցությամբ զրուցեցինք ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կից միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի հետ: Որքան էլ զարմանալի է, Եգանյանն այդքան էլ մտահոգված չէր իրենց աչքի առաջ կազմակերպվող այս մասսայական միգրացիայով:



- Պարոն Եգանյան, որքանո՞վ է օրինական այդ ծրագիրը:



- Հարցը կոռեկտ չէ: Ո՞նց կարող է օրենքի շրջանակներում չլինել: Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել: Իհարկե, օրենքի սահմաններում է ամեն ինչ: Դա հայրենակիցների վերադարձի ռուսական ծրագիրն է, ես ծրագրին ծանոթ եմ: Նպատակը հայրենակիցների վերադարձն է Ռուսաստանի Դաշնություն:



- Այսինքն Հայաստանում բնակվող ռուսների՞: Չէ որ ծրագիրը վտանգավոր է մեզ համար՝ Հայաստանից արտագաղթ են կազմակերպում, այն էլ մեր թողտվությամբ:



- Հայրենակիցների սահմանումը լավ կլինի իրենց հարցնեք: Ընդհանրապես միգրացիոն հոսքերի միջոցով տարբեր երկրներ փորձում են դրանով իրենց ժողովրդագրական իրավիճակը որոշակի բարելավեն, եթե ունեն խնդիրներ աշխատանքային ռեսուրսների պակասի հետ, խնդիրներ ունեն ժողովրդագրական իրավիճակի վատթարացման հետ եւ այլն: Տարբեր երկրների կողմից նման ծրագրեր իրականացվում են: Ասենք՝ կան երկրներ, որոնք աշխատուժի կարիք ունեն եւ ներգաղթի ծրագրեր են անում՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա, ԱՄՆ եւ այլն: Ռուսաստանը, անշուշտ, եւս ունի դեմոգրաֆիական խնդիր: Այդ խնդիրը լուծելու համար 2 ճանապարհ կա: Մեկը՝ խրախուսել ծնելիությունը, որի համար հսկայական գումարներ են ներդրվում Ռուսաստանում, մյուսը՝ միգրացիոն բաղադրիչի միջոցով փորձում են իրենց դեմոգրաֆիկ վիճակը շտկել, լավացնել: Այդ միջոցներից մեկն էլ «հայրենակիցների» վերադարձի այդ ծրագիրն է:



- Փաստորեն ստացվում է, որ Ռուսաստանն իր ժողովրդագրական խնդիրը լուծում է մեր միջոցով: Ինչ է, մենք նման խնդիր չունե՞նք:



- Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ այդքան զանգվածային է: Ենթադրում եմ, որ եթե այդքան զանգվածային, մեծածավալ լիներ, ապա ինչ-որ ձեւով իրազեկված կլինեի: Բայց դա Ռուսաստանի խնդիրն է, իրենց ներքին գործը, թե իրենք ինչպես են լուծում իրենց դեմոգրաֆիկ խնդիրները:



- Իսկ ՀՀ-ն ինչ-որ ձեւով չի՞ կարող կանխել այդ միգրացիան:



- Չէ: Իհարկե չի կարող միջամտել: Օրինակի համար դա նույն բանն է, ինչ Հայաստանը փորձի միջամտել «գրին քարտ» ստանալուն: Վերջին հաշվով իր տեղաշարժի հարցը անձն է որոշում: Նա նայում է առաջարկվող պայմաններին եւ որոշում՝ գնալ, թե մնալ: Եթե լավ պայմաններ են առաջարկում, նշանակում է մոտիվացիան ավելի են մեծացնում: Այդ ամենը կատարվում է անձի անհատական որոշման հիման վրա:



- Անձի անհատական որոշումից է կախված, բայց դրանից տուժում է պետությունը:



- Եթե, իհարկե, զանգվածային բնույթ կրի՝ անշուշտ: Դեմոգրաֆիկ խնդիրներ կառաջանան մեզ մոտ:



ՀԳ - Այս ոլորտի պատասխանատուները կարծես չեն էլ գիտակցում այս ծրագրի վտանգավորության աստիճանը կամ էլ գիտակցում են, սակայն չմիջամտելու «լուրջ» պատճառներ ունեն: Նախ` նույն ժողովրդագրական խնդիրը կար մեզանում եւ սրանով ավելի է խորանում: Երկրորդ՝ հաշվի առնելով, որ ծրագրով Ռուսաստան են մեկնում հիմնականում մարզերում եւ գյուղերում բնակվողները, մեր սահմանամերձ տարածքներն են դատարկվում, եւ պաշտպանական առումով առաջանում է կարեւոր խնդիր: Բացի այդ՝ ինչով բացատրել, որ Ռուսաստանի Դաշնությանը հետաքրքրում է իր երկրում դեմոգրաֆիական խնդիրը, իսկ մեզ՝ ոչ: