Ոչ մի թիզ հող ազատության հրապարակից

Ոչ մի թիզ հող ազատության հրապարակից
ՀԱԿ երիտասարդների ուրբաթօրյա երթի հիմնական պահանջը Ազատության հրապարակի անազատությանը վերջ դնելն էր: Ընդդիմության՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտերի անհեթեթ պատճառաբանություններով մերժումը մերժելի ու անընդունելի է, եւ երիտասարդները, ի նշան բողոքի, երթով քայլեցին մինչեւ քաղաքապետարան, այնտեղ վանկարկեցին իրենց պահանջները եւ վերադարձան ՀԱԿ գրասենյակ: Այս անգամ ոստիկաններն ավելի ակտիվ ու մարդաշատ էին մասնակցում երթին, իսկ երբ երթի մասնակիցներն անցնում էին Օպերայի շենքի մոտով, տեսանք, որ Ազատության հրապարակի շուրջբոլորը օղակել էին կապույտ համազգեստով ոստիկանները եւ կարմիր բերետավորները, որ կազմուպատրաստ կանգնած էին՝ գրավյալ տարածքից ոչ մի թիզ ասֆալտ չզիջելու հաստատ հրամանով:



Նրանց թվաքանակն այդ պահին ավելի մեծ էր, քան  երիտասարդներինը: Յուրաքանչյուր մեկ-երկու մետրի վրա մի ոստիկան էր կանգնած: Մուտքերի մոտ կանգնած էին խմբերով: Եթե ահաբեկիչների մի հրոսակախումբ գրոհի Երեւանի կենտրոնի վրա, երեւի այդքան ոստիկան դուրս չբերեն նրանց դեմ, ինչքան ՀԱԿ-ի երիտասարդների դեմ էին դուրս բերել: Իհարկե, երգիծական շատ նյութ կա իշխանության՝ ամեն գնով Ազատության հրապարակը անառիկ պահելու մարմաջի մեջ, բայց նաեւ տխուր մի բան կա: Փաստորեն, իշխանությունը գոնե չի էլ ուզում ցույց տալ, որ ժողովրդավարական արժեքներն ինչ-որ բան արժեն իր համար, վախենում է, որ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքը կոգեւորի քաղաքացուն: Թվում է՝ ՀՀ իշխանություններն ավելի հեշտ ու հանգիստ ազատագրված տարածքները կզիջեն, քան Ազատության հրապարակը:



Մի քանի գեղեցիկ ու զվարճալի բան կատարվեց երթի ժամանակ, որ կներկայացնենք ձեզ, հարգելի ընթերցող, որպեսզի եթե չեք մասնակցել երթին, ավելի ամբողջական  պատկերացում ունենաք նրա մասին: Երբ երթի մասնակիցները «Ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Օպերա» վանկարկելով անցնում էին փողոցային երաժշտի կողքով, հնարամիտ երաժիշտը, որ դժվար թե գոհ լիներ մեր իշխանությունից, իր կլարնետով նվագեց 88-ի հայտնի շեփորականչը եւ մի քանի մանրադրամ վաստակեց:



ՀԱԿ-ի երիտասարդները մի քանի անգամ անչար  կատակեցին երթն ուղեկցող ոստիկանների հետ: «Սիրելի հայրենակիցներ, միացեք մեր պայքարին, եւ մենք կազատենք Ազատության հրապարակը, իսկ հետո՝ նաեւ ամբողջ երկիրը այս ապօրինի իշխանություններից: Մեր երթին նույնիսկ ոստիկաններն են միացել»,-բարձրախոսով ասաց  երիտասարդը: Մեր երկրում ոստիկանն էլ պաշտպանված չէ վերադասի կամայականություններից, եւ չի բացառվում, որ երթն ուղեկցող ոստիկանները համակրեն իրենց հսկողության տակ գտնվող երիտասարդներին. այ, էստեղ են ասել՝ էլ ինչ կատակ, որ դրա կեսը լուրջ չլինի:



Երթուղու վերջում, երբ երթի մասնակիցներն անցնում էին «Գրանդ քենդիի» «պոնչիկանոցի» կողքով, «պոնչիկանոցի» մոտ հավաքված երեխաները, լսելով «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումները, իրենց բռունցքները վերեւ բարձրացրին, ժպտալով, մանկական զվարթությամբ  ձայնակցեցին երթի մասնակիցներին եւ ձեռքները թափահարելով՝ ողջունեցին նրանց: Այդ երեխաների ոգեւորությունը ոգեւորող էր: Հայաստանի նույնիսկ ամենահոռետես քաղաքացին, որ էս երկրի հետ էլ որեւէ հույս չի կապում ու ուզում է ժամ առաջ կարգին երկիր գնալ, իր համար հանգիստ ու ապահով ապրել փախստականի կարգավիճակում, եթե այդ երեխաների վեր բարձրացված ձեռքերն ու կենսուրախ աչքերը տեսներ, կերկմտեր: