Մոլդովան ընդդեմ ռուսական զորքերի

Մոլդովան ընդդեմ ռուսական զորքերի
Մոլդովայի ժամանակավոր նախագահ Միխայ Գիմպուն պաշտոնական նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, որով օգնություն է խնդրել ռուսական զորքերը չճանաչված Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետությունից դուրս բերելու համար: Գիմպուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուսական ռազմական ուժերը տարածաշրջանում լարվածության աղբյուր են հանդիսանում եւ ակտիվացնում են պրիդնեստրովյան անջատողականությունը: Ըստ Մոլդովայի Սահմանադրության՝ Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետությունում արգելված է տեղակայել այլ պետությունների զորքեր:



Նշենք, որ ռուսական զորքերն իբրեւ խաղաղապահներ Պրիդնեստրովյայում են գտնվում 1992 թվականից: Պաշտոնական Մոսկվան չի ճանաչել պետության անկախությունը, թեեւ տնտեսապես աջակցում է նրան: Հոկտեմբերի վերջին Ռուսաստանի արտգործնախարարությունը եւս մեկ անգամ հրապարակել է երկրի պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, համաձայն որի, Ռուսաստանը չի պատրաստվում իր զորքերը դուրս բերել Պրիդնեստրովյայից: Նշենք, որ Մոլդովայի ժամանակավոր նախագահի դիմումը ՆԱՏՕ-ին նախորդել է Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովին եւ Մոլդովայում խորհրդարանական ընտրություններին: