Մոսկվայում լարված վիճակ է

Մոսկվայում լարված վիճակ է
Ռուսաստանի մայրաքաղաքում շարունակվում է լարվածությունը ռուս ազգայնականների եւ կովկասցիների միջեւ: Ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվայի կենտրոնում մարդկային կուտակումների դեպքում ստիպված կլինի միջամտել` հնարավոր վեճերը կանխելու համար: Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկատվություն էր շրջանառվում, որ շաբաթ օրը ազգայնականների կազմակերպած անկարգություններին ի պատասխան՝ Մոսկվայում բնակվող կովկասցիները պատրաստվում են վրեժխնդիր լինել:



Հիշեցնենք, որ Մանեժնայա հրապարակում հավաքված հազարավոր ազգայնականները հարձակվել էին կովկասյան արտաքին ունեցող մարդկանց վրա, ընդհանուր տուժածների թիվը, ըստ պաշտոնական տեղեկատվության, կազմել էր 32 մարդ, այդ թվում` երկու հայ 15-ամյա պատանիներ: Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի ոստիկանությունը Կիեւյան երկաթուղային կայարանի մոտակայքից ձերբակալել է ավելի քան 150 մարդկանց, որոնցից շատերի մոտ եղել են սառը զենքեր, գազով լի շշեր, էլեկտրաշոկեր: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ձերբակալվածներից շատերը կովկասյան հանրապետությունների քաղաքացիներ են:



Չորեքշաբթի օրը «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ վեճ է ծագել սլավոնական արտաքինով մի քանի մարդկանց եւ երկու հյուսիսային կովկասցիների միջեւ: Ոստիկանությունը պահանջել է նրանցից դադարեցնել վեճը եւ ցրվել, սակայն բարկացած քաղաքացիները տեղի չեն տվել: Վեճի բոլոր մասնակիցները ձերբակալված են: Դեկտեմբերի 15-ի երեկոյան տվյալներով` Կիեւյան կայարանի շրջակայքում մոտ 1.500 ոստիկաններ էին հերթապահում: