Ման ենք գալիս ում դատի տանք

Ման ենք գալիս ում դատի տանք
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը «Ա1+»-ի հայտը մերժելը բացատրել էր նրանով, որ ընկերությունը ակնհայտ կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: «Կեղծված են մասնավորապես՝ Բրիտանական «Hobbington Manegment Limited» ընկերության կողմից «Մելտեքս» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթը եւ Բելիզի «Rogeston Logistics LTD» ընկերության կողմից «Մելտեքս» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթը։



Համապատասխան երկրների իրավասու հաստատությունների տեղեկատվության համաձայն՝ նման գործող կազմակերպություններ գոյություն չունեն»,-մրցույթից հետո հայտարարել էր Ամալյանը: Երեկ «Մելտեքսը» դիմել է ՀՌԱՀ-ին՝ իրեն տրամադրել հիշյալ ընկերություններին՝ «Ա1+»-ին ֆինանսավորման խնդրի հետ կապված հարցման պատճենները: «Բացի մրցույթից, մենք խնդիր ունենք այդ երկու կազմակերպությունների համբավն ու պատիվը պաշտպանելու եւ պատասխանատվության կանչելու այն արատավորողներին: Կոպիտ ասած՝ մենք ման ենք գալիս ում տանք դատի եւ կանչենք պատասխանատվության:



Դա կլինի կամ ՀՌԱՀ-ը, կամ այդ կազմակերպությունների ղեկավարները»,-ասաց «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: Նա հավելեց նաեւ, որ եթե ՀՌԱՀ-ը դիմումատուի փաթեթում տեսել է կեղծ փաստաթղթեր,  պարտավոր էր զգուշացնել նրան: «Դա նրան հիմք էր տալիս հանել դիմումը մրցույթից, բայց մինչեւ հանելը, տասնօրյա ժամկետում, օրենքով նախատեսված կարգով պետք է տեղեկացներ դիմումատուին, որ խախտումներ է նկատել: Ինչն այս դեպքում ՀՌԱՀ-ը չի արել», -ասաց Տեր-Եսայանը: «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն իր հերթին ավելացրեց, որ շարունակելու է հետաքննությունը:



«Պատժվելու է կամ սխալ փաստաթղթեր ներկայացնող կողմը, կամ ՀՌԱՀ հանձնաժողովը»,-ասաց Մեսրոպ Մովսեսյանը: «Ա1+»-ը երեկ իր առաջին դատական հայցն է ներկայացրել վարչական դատարան՝ ՀՌԱՀ-ից պահանջելով տրամադրել մրցույթին ներկայացված առաջարկների փաթեթի կրկնօրինակը: Փաստորեն, «Ա1+»-ին եթեր չթողնելու հիմնական պատճառաբանությունը ֆինանսականն էր: «Ա1+»-ը բիզնես ծրագրով ֆինանսական ապահովման համար ներկայացրել էր 852 հազար դոլար, որպեսզի ապահովի իր ներկայացրած ծրագիրը, սակայն եթե այդ ծրագրից հանենք էլ այդ երկու կազմակերպությունների կատարած ներդրումները, ապա դա չէր խոչընդոտում ծրագրին, քանի որ, ըստ «Ա1+»-ի տնօրենի, իրենց ներկայացրած փաթեթում անհրաժեշտ 695 հազար եվրոն հեռուստաընկերությունը կարողանում է ապահովել առանց այդ երկու ընկերությունների օժանդակության, «հետեւաբար անհիմն է ՀՌԱՀ-ի այն հիմնավորումը, թե ««Ա1+»-ն ի վիճակի չէր իրականացնել իր ծրագիրը»:



«Ա1+»-ի փաթեթում ՀՌԱՀ-ի մատնանշած մյուս խախտումը կապված էր Աննա Տանելյանի կատարած 280 հազար եվրոյի ներդրման հետ: Հանձնաժողովը պնդում է, որ Աննա Տանելյանի ֆինանսական աջակցության տակ չկա վերջինիս ստորագրությունը, սակայն Տեր-Եսայանը երեկ լրագրողներին ներկայացրեց Փարիզից ստացված հավաստագիր, որով բարերար կինը ՀՌԱՀ-ին վստահեցնում է «Ա1+»-ին ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին: Տարբեր ուղղություններով դատական գործեր բացելը «Ա1+»-ն ինքնանպատակ չի համարում:



«Պարզապես մենք ՀՌԱՀ-ից եւ պարոն Ամալյանից պահանջում ենք խորին հարգանք դիմումատուների նկատմամբ: Մենք այսպիսի բան չէինք սպասում, մերժման դեպքում ավելի գրագետ բան էինք սպասում»,-ասաց Տեր-Եսայանը: Ասուլիսի վերջում հարց հնչեց, թե ակնհայտ չէ՞, որ «Ա1+»-ին եթեր չեն տրամադրելու, էլ ինչու՞ են մտնում դատական կարուսելի մեջ: Ի պատասխան Մեսրոպ Մովսեսյանն ասաց. «Առաջին անգամ առաջին պլանում եթեր վերադառնալու խնդիրն էր դրված, եւ մենք Եվրադատարանում հենց դրա համար էինք պայքարում, բայց այս անգամ դրան ավելացավ մեկ այլ խնդիր՝ վիրավորանքի եւ նվաստացման խնդիրը եւ ամբողջ պետական մեքենայով «Ա1+»-ի դեմ պայքարելու խնդիրը: Հիմա առաջին պլան է մղվել այս խնդիրը եւ երկրորդ պլան է մղվել հեռարձակման խնդիրը, որն ինքնըստինքյան կլուծվի առաջինի լուծման դեպքում»: