Վերջին կղզին

Վերջին կղզին
Յորքցի նավաստին առաջինն էր, ով ընտրված կղզում ապրեց ու զգաց «ուրիշի» (ըստ Ժիլ Դելյոզի սահմանման) բացակայության ֆենոմենը: Նա ուներ փետուրե գրիչ, թանաքի մեծ պաշար եւ ժամանակ: Հետեւապես գրվեց մենության մեջ անցկացրած օրերում` մտքերի ու զգացողությունների օրագիրը, երեւի դրա համար անմարդաբնակ մի լռություն էր պետք, մի տնակ, մի շուն, մի թութակ եւ վերջում մի Ուրբաթ: Ռոբինզոնի  օրագրի առաջին արքետիպը Աստվածաշունչն է, որ ասես Բարձրյալի կյանքի ու ստեղծագործության, նրա աշխարհայացքի, կեցության ու մտքերի օրագրային շարադրանքն է...



Դեֆոն իր արկածասեր երեւակայությամբ Ռոբինզոնին ազատեց ամբոխից, շեղեց «մարդկանց» մեջ ապրելու ճակատագրական ընթացքը` օգտագործելով ժառանգած փորձը, որ ի զորու էր կառուցելու (չնայած փոքր), բայց անկախ ու յուրօրինակ մի քաղաքակրթություն, որտեղ առկա էին մշակութային էլեմենտներ:



Կատակլիզմները Ռոբինզոնին հնարավորություն են տալիս ճանաչել եւ մերձենալ բնության կտրուկ ու խարիզմատիկ բնավորությանը, կարելի է ասել՝ ադամականությանը, որտեղ Աստված հանդիսանում է որպես թելադրող հիշողություն, գյուտերն ու մտահղացումները փոխանցող մի հնարավորություն: Եվ նա սկսում է արարել` տարրականությունից գալով ու հասնելով կատարելության, հետագայում փորձը պարտադրելով Ուրբաթ անունով մեկ «ուրիշի»:



Ռոբինզոնի ազդեցությունը Ուրբաթի վրա թվացյալ է: Քաղաքակրթությունը իր խոշոր թաթով բռնում է նախնականության թաթիկը ու փորձում կուտակված փորձը (լինի դա կրոնական թե իմաստասիրական) փոխանցել մի մարդակեր վայրենու, որ խուժում է իր կյանք, ոչ թե Դեֆոյի քմահաճույքի պարտադրանքով, այլ Ռոբինի անձնական շահագրգռվածությամբ: Այսինքն հերոսը, լիովին համաձայնվելով հեղինակի առաջարկած տարբերակին, մուտք է գործում մենակության եւ անմարդու տարածք` փորձի փոխանակման անհրաժեշտությունն իրացնելու նպատակով:



Եվ Ուրբաթը, ում հոգու ավազին դեռ չի դրոշմվել քաղաքակրթության կոպիտ ոտնաթաթը, գալիս է Ռոբինզոնի փորձը վերցնելու, նրա` քաղաքակիրթ աշխարհում ամբարված հիշողությունը կրելու, սինթեզելու, քաղաքակիրթ աշխարհի դատարկությունն իր ներկայությամբ լցնելու, հնարավոր է նաեւ` հետագայում իր մարդակեր եղբայրներին այդ փորձն ու վերապրածը փոխանցելու անկեղծ մղումով: Նա ասես ընթերցողի ալեգորիան լինի՝ ընթերցողի կերպարանափոխությունը:



Քաղաքակրթության եւ նախնականության դիսկուրսը սկսվում է այն պահից, երբ  Ռոբինը Ուրբաթի մեջ տեսնում է իր արտացոլքը: Գուցե վայրենի Ուրբաթն ավելի՞ էական ազդեցություն թողեց քաղաքակիրթ Ռոբինի վրա: Նրա՝ զառանցանքի նմանվող մենախոսությունն ի վերջո փոխարինվեց կցկտուր, բայց կայուն երկխոսությամբ: Քաղաքակիրթ աշխարհը, որ ապրում էր`  իր խոսքը լցնելով ինքն իր մեջ, հանկարծ լսեց սեփական ձայնը, եւ դա միմիայն Ուրբաթի մենաշնորհն է:



Կղզում, հետեւապես մարդկային կյանքում, իրադարձությունների անակնկալ շեղումը, կանոնների դեֆորմացիան լիովին փոխում են գոյության անվերջանալի, պարադոքսալ զարգացումները: Մարդը կղզում ձեռք է բերում մենակություն զգալու անհրաժեշտ խորամանկություն...



Ծառ, զուգարանակոնք, ճամպրուկ, արկղ, կոշիկ, գիտակցության հոսք, ձվաբջիջ, սահմանված խնդիր. սրանք կղզիներ են, որտեղ դեռեւս հնարավորություն կա առանձնանալու, վերաբնակվելու եւ ինքնաճանաչվելու...



Վիլյամ Գոլդինգի վեպի համանուն հերոսին` Հապուգա Մարտինին, ժայռաբեկոր է պետք, որ շրջակայքում լսելի լինի միայն օվկիանոսի ալեբախությունն ու իր նմանների լիարժեք բացակայությունը: Եվ սա՝ միայն անցյալը վերլուծելու ու սեփական «ես»-ը ոչնչացնելու համար, բայց հոգում փայփայելով հավերժական վերադարձ...



Կղզին թողնելու եւ ուրիշներին վերադառնալու Ռոբինզոնի ցանկությունը քաղաքակիրթ աշխարհի կարոտախտությունն է, ինքն իր կեղտի հանդեպ, բայց վերադարձի ճանապարհներ գրեթե չկան: Մեծ նավերը միշտ էլ շրջանցում են փոքրիկ կղզիները, մնում է վերադարձ-նավակի անզոր արարումը...



Իտալո Կալվինոյի «Բարոնը ծառի վրա» վեպի հերոսը` Կոզիմոն, «ուրիշների» հետ անընդհատ ապրելու ձանձրույթից բարձրանում է ծառը ու շարունակում կյանքը` ընտրելով գետնից բարձր մի դիրք, որ բնության անկեղծ ստեղծագործությունն է: Նրա մասնակցությունը կյանքին պարզապես վերեւից ունկնդրելն է, ներքեւի աշխարհից կտրված` վերեւում ինքն իրեն զգալը եւ ինչու չէ՝ հնարավորություն` մտաբերելու «մարդկանց» հետ անցած իր ճանապարհը: Նրա եղբայրը` Բիաջոն, Կոզիմոյին ապահովում է սննդով, անհրաժեշտ իրերով, ասես նրա Ուրբաթը լինի, քաղաքակրթության հետ կապող միակ արահետը:



Կոզիմոյի կյանքը ծառից ծառ է անցնում, իսկ զբաղմունքը գրքեր կարդալն է: Երբ կամենա, նա կարող է իջնել ծառից, բայց կամքը կարծես առանձնացել է գիտակցությունից ու պինդ փակվել հեռու մի տեղում: Անհատի եւ «մարդկանց» ամուսնական համատեղ կյանքի անհնարինությունը ծնունդ տվեց անհատի՝ անմարդաբնակ կղզի տեղափոխվելու ու հետագայում առանձնության մեջ ապրելու որոշմանը: Անհատականությունն առանձնացում է սիրում...



Կոբո Աբեի «Մարդ-արկղի» հերոսը արտաքին դատարկությունից դեպի ներքին դատարկություն գնալու եւ ազատագրվելու մի հնարավորություն է, ոչնչի փնտրտուք, էպոտաժների դեմ «anima»-ի ընդվզում: Բայց առանց արկղի նպատակը չի իրականանա ու ճանապարհը վերջ չի ունենա... Միշել Թուրնիեի Ռոբինը ինքնակամ հրաժարվում է վերադառնալ, Դելիոզի նշած՝ «ուրիշների» աշխարհ: Ըստ նրա` վեպում դա հանդիսանում է որպես վերլուծական մտածողության խթանիչ ուժ եւ ամենակարեւորը՝ բարձրացնում կարծես թե մոռացված հավերժական հարցեր...



Քաղաքակրթության զարգացման հետ փոխվում է նաեւ իրի ու մարդու ոգու կառուցվածքը: Հիմա միակ անմարդաբնակ կղզին անհատականությունն է, իսկ մարդաբնակ կղզիները քաղաքական ու սոցիալական դե յուրե փոփոխություններով ամեն կերպ ճնշում են անհատականության ինստիտուտին, ցեխոտ կոշիկներով ոտնակոխ անում ինքնատիպ աշխարհները: Տեխնիկական հնարավորությունները, այսպես թե այնպես, զրկում են մարդուն անձնական կյանք ունենալու որեւէ հնարավորությունից: Մնում է երեւակայության ֆանտասմոգորիկ հեռադիտակով նոր, անմարդաբնակ ու քաղաքակրթությունից չպղծված վերջին կղզին գտնելու երազանքը, որովհետեւ խորհումը կրկին մենակության կարիք ունի...



Արամ ՊԱՉՅԱՆ