Հայկական կոնյակը արտադրվում է Վրաստանո՞ւմ

Հայկական կոնյակը արտադրվում է Վրաստանո՞ւմ
Թեեւ նախորդ տարեվերջին խոսվում էր, որ մեկ ամսից շահագործման կհանձնվի ՕԵԿ առաջնորդ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին պատկանող Ոսկեվազի գինու-կոնյակի գործարանը, սակայն, պարզվում է՝ այն դեռեւս լիարժեք չի գործում: «Առայժմս չի գործում»,-ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, ով նույնպես ՕԵԿ անդամ է:



Սակայն երեւանյան խանութներում արդեն կարելի է տեսնել Ոսկեվազի կոնյակի գործարանի արտադրանքը, մասնավորապես՝ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում «Հայասի» անունը կրող կոնյակներ են վաճառվում: Գյուղապետը բացատրեց, որ փորձարկվել է ընդամենը մի երկու արտադրամաս: «Նոր գործարան է, մինչեւ հունի մեջ մտնի, ամիսներ պետք կլինեն»,-ասաց նա:



Գյուղապետի խոսքով՝ ամբողջ թափով աշխատելու դեպքում գործարանում մոտ 500-700  աշխատատեղ կբացվի, կարտադրվեն գինի, կոնյակ, գարեջուր, օղի եւ այլ ըմպելիքներ, ինչպես նաեւ հնարավոր կլինի արտադրանքն արտահանել նաեւ հարեւան երկրներ: Մինչդեռ, մեր տեղեկություններով, ներկայումս կոնյակի համար անհրաժեշտ հումքն էլ (ոմանք ասում են՝ պատրաստի կոնյակը) ներկրվում է հարեւան Վրաստանից, եւ գործարանում այն ընդամենը շշալցվում է:



Մի բան պարզ է՝  այս տարի գործարանը խաղողի մթերումներ չի իրականացրել, եւ Վրաստանից սպիրտը ներկրելու պարագան շատ իրական է: Բայց եթե այդպես շարունակվի նաեւ առաջիկայում, կնշանակի՝ խաղողագործությունը խթանելու եւ մարզին ու երկրին օգուտ տալու մասին խոսք լինել չի կարող: