ԵԽԽՎ բանաձեւ Հայաստանի հանքերի մասին

ԵԽԽՎ բանաձեւ Հայաստանի հանքերի մասին
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում ընդունվել է Հայաստանի լեռնաարդյունաբերական հանքերի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրի վրա աղետալի ազդեցության մասին բանաձեւի նախագիծ, որով ԵԽԽՎ-ին առաջարկվում է համապատասխան զեկուցող նշանակել եւ հանձնարարականներ տալ Հայաստանի իշխանություններին: Դրա տակ ստորագրել են ԵԽԽՎ 24 պատվիրակ: Փոխարենը վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամները հրաժարվել են միանալ բանաձեւին:



Բանաձեւում ասվում է, որ ՀՀ-ում գործում են լեռնաարդյունաբերական բազմաթիվ հանքեր, որոնք ահազանգող խնդիրներ են առաջացրել բնակչության առողջության  եւ անվտանգ ապրելու իրավունքի համար: «Այն  բնակավայրերում, որտեղ գտնվում են այդ հանքերը, բնակչության հիվանդության (նորագոյացություններ, շնչառական հիվանդություններ, անոմալ ծնունդներ, չբերություն, վիժումներ եւ այլն) ցուցանիշն ակնհայտ մտահոգիչ բարձր է հանրապետական ցուցանիշների համեմատությամբ:



Հանքավայրերին մոտ բնակավայրերի շրջակա միջավայրում (հող, օդ, ջուր, սննդամթերքում եւ մարդկանց օրգանիզմում) ծանր մետաղների եւ այլ վտանգավոր նյութերի առկայությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը: ՀՀ կառավարությունը, խախտելով ազգային օրենսդրությունը եւ մի շարք միջազգային նորմեր, լիցենզիաներ է տրամադրել նոր լեռնաարդյունաբերական հանքերի շահագործման եւ հետախուզման նպատակով, որոնցից են Թեղուտի եւ Կապան քաղաքի Շահումյանի հանքավայրերը, ինչպես նաեւ ՀՀ ողջ տարածքում ուրանի հետախուզման եւ ապագա շահագործման նպատակով, որոնց աշխատանքներն արդեն մեկնարկել են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում՝ մեծ անհանգստություն պատճառելով մարզի բնակիչներին»: