Կարապետիչի հաղթարշավն ավարտվե՞ց

Կարապետիչի հաղթարշավն ավարտվե՞ց
Երեկ նշանակված ժամից բավական ուշացումով Մատենադարանի հարթակից մեկնարկեց Ժողովրդական կուսակցության բացօթյա համաժողովը: Համաժողովը բացօթյա էր, որովհետեւ օրերս Տիգրան Կարապետյանը դիմել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մեծ դահլիճը վարձակալելու  համար, եւ նրանից դրա դիմաց 10 միլիոն դրամ էին ուզել:



Չցանկանալով այդքան փող ծախսել՝ Կարապետյանը որոշել էր հավաքվել Մատենադարանի հարթակում: Թեեւ նախապես հայտարարվել էր, որ համագումար է լինելու, սակայն տեղի ունեցածն ավելի շատ նման էր փոքրիկ հանրահավաքի: Համագումարում հատուկ ոչինչ տեղի չունեցավ՝ ոչ կուսակցության նոր նախագահ ընտրվեց, ոչ էլ որեւէ վարչություն կամ խորհուրդ ձեւավորվեց: Ինչեւէ, երեկվա հավաքն էականորեն տարբերվում էր նախորդ՝ հունվարի 19-ի հանրահավաքից: Այս անգամ ներկա էր ընդամենը 500-600 մարդ, ովքեր հազիվ զբաղեցնում էին Մատենադարանի դիմացի հարթակը: Տիգրան Կարապետյանը մարդկանց սակավությունը բացատրեց մի քանի հանգամանքով:



Նախ, որ դա համաժողով է, եւ ներկա են միայն իրենց կուսակիցները, երկրորդ՝ որ իշխանությունները փակել են մարզային ճանապարհները (չնայած մարզերից եկածները պնդում էին, որ հասել են առանց խոչընդոտների), եւ երրորդ՝ ժողովուրդը շատ դեպքում տեղյակ չի եղել հավաքի մասին, քանի որ ԱԼՄ-ն այլեւս չկա, եւ չեն կարողացել իրազեկել հասարակությանը: Չնայած դրան՝ նա խորհուրդ տվեց չհուսահատվել, քանի որ առջեւում «մեծ հանրահավաք» կա, եւ ժողովուրդը կգա փետրվարի 28-ին: Համաժողովում այս անգամ էլ նույնն էին եւ պաստառները, եւ մասսան՝ 60-ն անց տատիկներ եւ պապիկներ, ովքեր հիմնականում սոցիալական ծանր պայմաններից դժգոհողներն են եւ ԱԼՄ-ի ֆանատները: Եվ եթե նախորդ անգամ բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները Տիգրան Կարապետյանին գրեթե ձեռքերի վրա էին տանում, եւ «Հայաստանի թագավորի»՝ հարթակ հասնելը մոտ մեկ ժամ տեւեց, ապա այս անգամ ամեն ինչ այլ էր:



Հարթակում կանգնած մի քանի հարյուր հոգուց ոմանք մոտեցան, փեշից քաշեցին, ողջունեցին, ասացին, որ իրենք Կարապետյանի հետ են, որ չվախենա՝ իր մեջքին կանգնած են, հույս տվեցին ու հեռացան: Երբ Կարապետյանը բեմահարթակ բարձրացավ, ԱԼՄ-ի աշխատողներից մեկը նրան հուշեց, որ ՀԱԿ երիտասարդները ներքեւում իրենց թերթոններն են բաժանում ժողովրդին, ինչից Կարապետյանը բորբոքվեց եւ, միկրոֆոնին մոտենալով, միանգամից սկսեց, որ իր դեմ արշավ են սկսել: Ընդդիմությունն ու իշխանությունն իրենց հասցեին հերյուրանքներ են տարածում, ասում են, որ թողնի ժողովրդին եւ սուսուփուս գնա-միանա ՀԱԿ-ին: Ասաց ու հարց ուղղեց հավաքվածներին. «Դուք կո՞ղմ եք, որ մենք միանանք ՀԱԿ-ին», ինչին ի պատասխան՝ ներկաներն արձագանքեցին՝ «ո՜չ»:



«Մենք պայքարում ենք իշխանության դեմ ու ուրիշ ոչ մի այլ ուժի դեմ չենք պայքարում: Հասկանում ենք, որ մարդիկ կան, ովքեր ուզում են, որ դաշտում մենակ իրենք լինեն, եւ նրանց կարգախոսն է՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է»: Այդպիսի կարգախոսով հայությունը երբեք չի միավորվի»,-հայտարարեց Տիգրան Կարապետյանը: Ապա բեմահարթակից ընթերցվեց 19 կետից բաղկացած «հռչակագիրը», որտեղ իշխանություններից, մասնավորապես, պահանջում էին անհապաղ ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բացառել ԼՂՀ-ի հանձնումը Ադրբեջանին, ապահովել սոցիալական արդարություն, կանխել գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի սակագների բարձրացումը, չհիմնավորված գնաճը, վերականգնել փողոցում առեւտուր իրականացնող մարդկանց աշխատանքը՝ ապահովելով այլընտրանքային լուծումներ, բարձրացնել կենսաթոշակն ու նպաստը, երիտասարդներին հատկացնել առաջնային տեղ եւ մի շարք այլ պահանջներ: Հռչակագիր-պահանջագիրն ընթերցելուց հետո «պատվիրակությունն» այն տարավ Բաղրամյան 26:



Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները կարճ ժամկետում չկատարեն իրենց պահանջները կամ գոնե դրանց կեսը, ապա իրենք  փետրվարի 28-ին իշխանություններին «կարմիր քարտ ցույց կտան» եւ ժողովրդին կոչ կանեն անվստահություն հայտնել գործող իշխանություններին ու գնալ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների: Փաստորեն, փետրվարի 28-ը Կարապետյանի եւ նրա հետագա կարիերայի համար բախտորոշ օր է: