Դաշնամուրային կոնցերտ լրագրողների համար

Դաշնամուրային կոնցերտ լրագրողների համար
Վերնագրից պետք չէ շփոթության մեջ ընկնել, թե աշխարհում գտնվել է կոմպոզիտոր, որ երաժշտական ստեղծագործություն է նվիրել լրագրողներին (թեեւ արժեր): Ուղղակի Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ավանդույթի համաձայն, հրավիրել էր հայաստանցի լրագրողներին` նշելու Մամուլի ազատության տոնը, եւ երեկոն եզրափակեց դաշնամուրային համերգով: Դա նորություն էր նախորդ տարիների համեմատությամբ:



Մյուս նորությունն էլ երեկոն վարող անձի, այսինքն ԱՄՆ դեսպանատան մամուլի պատասխանատուի փոփոխությունն էր: Այժմ այդ պաշտոնում Ջեյ Թրիլորն է, որ մի փոքր սովորել է հայերեն, համենայնդեպս «Have a great weekend»-ը փորձեց թարգմանել հայերեն, ստացվեց՝ «Շաբաթ-կիրակի great»:



Տիկին Յովանովիչը, սակայն, իր խոսքում ոչ այնքան կատակելու, որքան լրագրողներին դրվատելու եւ Հայաստանում լրատվամիջոցների հանդեպ ճնշումները դատապարտելու էր հակված: «Հասարակական գործիչները պետք է պատրաստ լինեն քննադատություն ընդունելու: Լրագրողներից կարելի է պահանջել ազնիվ եւ անաչառ լինել, բայց դա չպետք է վերածվի նրանց կարծիքի, ազատ արտահայտվելու իրավունքի որեւէ սահմանափակման:



Եթե չլինի ազատ խոսք, կարծիքների արտահայտում, մոտեցումների բախում՝ չեն լինի հասարակության ժողովրդավարացում եւ առաջընթաց»,- ասաց դեսպանը: Իհարկե, Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ լրագրողները վտանգի կամ սպառնալիքների են ենթարկվում, բայց ֆինանսական ճնշումով ազատ խոսքը լռեցնելու փորձերը բոլորի ուշադրությունն են գրավել:



Մանավանդ երբ խոսքը մարդու անկապտելի իրավունքի մասին է, իսկ ոտնձգություն կատարողներն էլ` նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ: Իսկ դեսպանի ողջույնի խոսքից հետո դաշնամուրային համերգն էր: Ենթադրելի է՝ գաղափարը տիկին Յովանովիչինն էր կամ առնվազն նրա հավանությանն էր արժանացել, հետեւաբար միանգամայն արդարացված էր, որ հնչած առաջին ստեղծագործությունը լիներ «Կնոջ բույրը» ֆիլմի երաժշտությունը:



Հրավիրված դաշնակահարն էլ` Տիգրան Ալավերդյան, առանց չափազանցության, հրաշալի կատարեց հայտագիրը` հաճախ սեփական իմպրոզիվներով` Գերշվինի  «Summer Night»-ից, այլ ինստրումենտալ, ջազային գործերից մինչեւ հայկական ֆոլկլորը վերջաբանում: