Նոր փուլ

Նոր փուլ
Քաղբանտարկյալների մերձավորներն արդեն անհանգստանում էին՝ չնայած ամենաբարձր մակարդակից հնչած խոստումներին, մայիսի 19-ին դեռ ոչինչ չէր հուշում այն մասին, որ քաղբանտարկյալները մասնակցելու են մայիսի 31-ի հանրահավաքին: Սակայն երեկ բարի լուրը տարածվեց երկրով մեկ. Սերժ Սարգսյանը դիմել է Ազգային ժողովին՝ առաջարկելով մայիսի 28-ի կապակցությամբ համաներում կիրառել: Երկար սպասված համաներումը, բնականաբար, իրականացվում է քաղբանտարկյալներին եւ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին ազատ արձակելու նպատակով: Անշուշտ, դեր են խաղացել ՀԱԿ-իշխանություն համագործակցության փորձերը եւ իշխանական դաշտի պատրաստակամությունը՝ գնալ զիջումների: Կարծում եմ, որոշակի դեր խաղաց նաեւ հասարակության տարբեր խավերի, մասնավորապես լրատվամիջոցների պայքարը: Թերեւս, վճռորոշ եղավ նաեւ միջազգային հանրության պահանջը: Սակայն կարեւորը դա չէ, այլ այն, որ այս քայլով երկրում կլիցքաթափվի առճակատումը, հասարակության մեջ եթե ոչ զրոյական, ապա նպաստավոր իրավիճակ կստեղծվի, որը հնարավորություն կտա ոչ թե կենաց-մահու կռիվ տալ, այլ քաղաքակիրթ պայքար մղել: Վերջապես՝ կհասկացվի ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն: Կպարզվի, թե սրանցից յուրաքանչյուրն ինչպիսի երկիր է ուզում եւ ինչ խնդիրներ է իր առաջ դնում: Երկիրն ու մարդկանց կարմիրների ու սեւերի բաժանելու բոլշեւիկյան ժամանակներին վերջապես հրաժեշտ կտանք: Կհասկանանք, որ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսների ժամանակն անցել է՝ «մերոնք» կարող են եւ ինչ-որ սխալներ ունենալ, իսկ «նրանք» կարող են եւ շատ մերժելի չլինել: Ի վերջո, ռազմաճակատային պերմանենտ վիճակը հյուծում է մարդկանց ու հասարակությանը՝ մարդիկ նաեւ ապրել են ուզում: Նորմալ, առողջ ու դրական միջավայրում: