«Արմմոնոն»՝ Ղարաբաղում

«Արմմոնոն»՝ Ղարաբաղում
Մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն այս անգամ կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որը նվիրված կլինի Արցախի հռչակման 20-ամյակին: Փառատոնն անցկացվելու է ԼՂՀ տարբեր քաղաքներում՝ հուլիսի 18-22-ը: Այդ 5 օրերի ընթացքում հանդիսատեսին է ներկայացվելու 18 ներկայացում, որոնցից գոյացած եկամուտն ամբողջությամբ տրամադրվելու է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի վերանորոգման աշխատանքներին:



Մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ առանձնակի մեծ հույսեր չունեն, թե մեծ գումար կհավաքվի եւ դրանով հնարավոր կլինի վերանորոգել թատրոնը:



Կարեւորն այն է, որ դա ազդակ կհանդիսանա թատրոնի վերակառուցման գործում: Փառատոնի ծրագրում ընտրվել են հայ դասականների գործեր՝ Նարեկացի, Հրանտ Մաթեւոսյան, Լեւոն Զավեն Սուրմելյան, ժամանակակիցներից՝ Կարինե Խոդիկյան. «Եվ ինչու չէ՝ կարելի է ասել, որ Շեքսպիրը նույնպես մեր շատ ավանդական հայ գրողներից է»,- կես կատակ նշեց Մարիաննա Մխիթարյանն ու ավելացրեց, որ ընտրել են Հայաստանում ճանաչված ու «պոպուլյար» դերասանների՝ Արթուր Կարապետյան, Գրետա Մեջլումյան, Սամվել Բաղինյան, Ռոբերտ Հակոբյան եւ այլոց:



Փառատոնի տնօրենի կարծիքով՝ քանի որ Ղարաբաղի թատրոնների շենքերը ոչ բարվոք տեխնիկական վիճակում են, մոնոներկայացումներն այս դեպքում ամենալավագույնն են, որովհետեւ չեն պահանջում առանձնակի մեծ դեկորներ ու տեխնիկա: