Մեդալ Ասանժին

Մեդալ Ասանժին
Ինչքան էլ ոմանք պնդեն, որ ոչ մի «սարսափելի» բան տեղի չի ունեցել, որ «Վիքիլիքսի» հրապարակած տեղեկություններին մենք վաղուց էինք ծանոթ՝ այսպես ասած մեր մաշկի վրա ենք այդ ամենը զգացել, ամեն դեպքում, երբ ամերիկացի դիվանագետն է գրում այդ մասին եւ գրում է նման էմոցիոնալ մակարդակով ու հոգեբանական մանրամասներով, նոր ես հասկանում, թե ինչ երկրում ես ապրում: Նախագահական ընտրություններից 10 օր անց Ռոբերտ Քոչարյանն ԱՄՆ դիվանագետներին ասել է. «Վտանգավոր մի պահ կար` կապված «Երկրապահի» հետ, սակայն ես այդ հարցը կարողացա լուծել մեկ օրում»: Եվ ամերիկացիք, այս փաստը համադրելով Լեւոն Զուրաբյանի հաղորդածի հետ, թե փետրվարի 22-ին Քոչարյանը, վերադառնալով Մոսկվայից, կոշտ խոսակցություն է ունեցել գեներալ Մանվելի հետ, եւ դրանից հետո վերջինս ահաբեկվել է ու անհասանելի դարձել Տեր-Պետրոսյանի ճամբարի համար, այնուամենայնիվ որոշ փակագծեր բացում են: Ավելին՝ երկրի նախագահն ասել է. ««Երկրապահի» ղեկավարներն այժմ հասկանում են, որ եթե ուժ կիրառեն ի պաշտպանություն Տեր-Պետրոսյանի, ապա ստիպված կլինեն գործ ունենալ ոչ միայն ոստիկանության, այլեւ հայկական բանակի ողջ կարողությունների հետ»: Սա էլ կարելի է համադրել ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի հաղորդած տեղեկությունների հետ, որը հարցին, թե մարտի 1-ին ԼՂՀ-ից բերված զինուժ օգտագործվե՞լ է, պատասխանել է. «Այդ տեղեկությունները լիովին հիմնազուրկ չեն»: Եվս մի նախադասություն. Քոչարյանն ԱՄՆ դիվանագետներին հայտարարել է. «Եթե ես որոշեմ մաքրել հրապարակը, ապա դրա համար ընդամենը 40 րոպե կպահանջվի»: Իսկ դուք ասում եք՝ մարտի 1-ը չի բացահայտվել: Դա, փաստորեն, արդեն արել է «Վիքիլիքսը», որի հեղինակ Ասանժին Հրանտ Տեր-Աբրահամյանն առաջարկում է հայ ժողովրդի անունից մի կարգին շքանշան տալ: