Իրավազուրկների երկիր

Իրավազուրկների երկիր
Երկու օր է՝ ինտերնետային մամուլը գրում է Կիեւ-Երեւան չվերթի մասին, լրագրողները պատմում են, թե ինչ փորձությունների են ենթարկվել նշված օդանավի ուղեւորները եւ ինչ տանջանքների գնով են հասել Երեւան: Կատարվածի տարբեր պատճառներ են նշվում. չվերթն իրականացնող ընկերության պարտքերը, եղանակային պայմանները, անգամ՝ օդաչուների հարբածությունը եւ այլն: Բայց կարեւորն այստեղ այն է, որ ուղեւորը՝ սպառողը, մեր երկրում միանգամայն իրավազուրկ է: Նրան կարող են ֆինանսական վնաս պատճառել ու չփոխհատուցել: Նրան կարող են հոգեբանորեն ու բարոյապես ճնշել: Կարող են իջեցնել բոլորովին այլ քաղաքում եւ ասել. ինչպես ուզում ես՝ հասիր քո երկիր: Որտեղ ուզում ես՝ գիշերիր: Ինչպես ուզում ես՝ սնվիր: Եթե ուզում ես արագ հասնել՝ լրացուցիչ ծախս արա եւ նոր տոմս գնիր. Թբիլիսի-Երեւան: Կամ՝ նստիր ավտոբուս եւ կես ժամվա ճանապարհն անցիր 12 ժամում: Մի խոսքով, ոչ մի պատասխանատվություն չկա, ոչ մի պայմանագիր ու պայմանավորվածություն մեր երկրում չի պահպանում: Ոչ մի կազմակերպություն չի վախենում, որ կհեղինակազրկվի, որ իրեն դատի կտան ու մեծ գումարներ կպահանջեն: Եվ սա էլ գալիս է նրանից, որ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը Հայաստանում չի գործում: Ավելի շուտ՝ գործում է, բայց միայն մամուլի նկատմամբ: Իսկ սպառողի նկատմամբ այս ցինիզմն էլ իր պատճառներն ունի՝ մի կողմից մենաշնորհները. ուղեւորափոխադրողների, սպասարկողների, օդանավակայանի: Մյուս կողմից այն, որ քաղաքացին չի պայքարում, չի բողոքում՝ հաշտվել է իր իրավազուրկ վիճակի հետ: Ձեռքը թափ է տվել, հույսը կտրել, որ իր երկրում կարող են իր իրավունքներն ու անձը հարգվել: Ինքն իրեն մի անզոր ու մոռացված պտուտակ է զգում, որի դերը միայն մի խումբ մարդկանց բարեկեցությունն ապահովելն է: