Կմրցեն փողոցում

Կմրցեն փողոցում
Ապրիլի 8-ին պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը, եւ կուսակցությունները, քաղաքական ուժերը կլծվեն ժողովրդի վստահությունը շահելու գործին: Այդ ընթացքում պլանավորվում են հանրահավաքներ, եւ քաղաքական մի քանի ուժեր արդեն հայտ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան Ազատության եւ մի քանի այլ հրապարակներում հանրահավաքներ անցկացնելու համար: Երեւանի քաղաքապետարանի կայք-էջից տեղեկանում ենք, որ մասնավորապես Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու նպատակով ապրիլի 7-ի համար հայտ է ներկայացրել «Օրինաց երկիրը», ապրիլի 10-ին՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, ապրիլի 20-ին հանրահավաք կանցկացնի ՀԱԿ-ը, 23-ին՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Մյուս քաղաքական ուժերը դեռեւս հանրահավաքներ անցկացնելու հայտ չեն ներկայացրել, բայց, մեր տեղեկություններով, քարոզարշավի վերջին օրը՝ մայիսի 4-ին, կոալիցիոն 2 գործընկերներ՝ Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը» միաժամանակ, նույն ժամին հանրահավաքներ են անելու՝ մեկն Ազատության հրապարակում, մյուսը՝ Մատենադարանի հարակից տարածքում: Հավանաբար որոշել են միմյանց զարմացնել իրենց համակիրների թվով: Ի դեպ, այդ օրը հանրահավաք անցկացնելու համար դիմել են այլ կուսակցություններ եւս, սակայն մերժում են ստացել՝ պատճառաբանությամբ, որ տարածքներն արդեն զբաղված են: