Փաստաբանների վիճակը լուրջ է

Փաստաբանների վիճակը լուրջ է
«Ֆեմիդա» հասարակական  կազմակերպությունը Եվրոպական հանձնաժողովի  աջակցությամբ իրականացնում է «Դատական համակարգից դեպի անկախ դատական իշխանություն» ծրագիրը, որի շրջանակներում իրավաբանները մշակում են օրենսդրական առաջարկություններ:



Փաստաբանական գործունեության մութ կողմերի վրա իմ ուշադրությունը հրավիրեց մի շատ լավ փաստաբան, հետո՝ մի այլ նույնպես լավ փաստաբան, ապա՝ մեկ ուրիշը, եւ այդպես շարունակ, ինչն էլ գրելուս առիթը դարձավ: Ըստ էության, այդ մութ կողմերի մասին չեն խոսում: Ստացվում է, որ փաստաբանները ազատ խոսքից ամենապաշտպանվածն են: Ինչո՞ւ: Դե, չէ՞ որ փաստաբանն է մեր միակ հույսը դատարանում ու նաեւ տարբեր այլ իրավիճակներում: Ու թեեւ շատ հաճախ նա այդքան էլ մեզ չի օգնում, փոխարենը կարողանում է արդարանալ՝ մեզ ներկայացնելով իր պարտության օբյեկտիվ պատճառները: Այդ պատճառները նա սիրում է, որովհետեւ դրանք հնարավորություն են տալիս քողարկել մասնագիտական անկարողությունը: Վերջերս մի մարզի դատարանում էի: Կարեւոր չէ՝ որ, որովհետեւ երեւույթը համատարած է: Քրեական դատավարություն էր: Ինչպես միշտ, մեղադրողն ակտիվ  էր, իսկ պաշտպանը՝ ամոթխած, համեստ մի  կին: Համեստությունն անշուշտ ավանդական արժանիք է հայ կնոջ համար: Բայց ոչ պաշտպանի դեպքում: Պաշտպանը չպետք է ամաչի նայել մեղադրողի աչքերին ու թեեւ կին է, ձայնը մեղմացնելու փոխարեն պետք է կոշտացնի: Պաշտպանի խոսքը պետք է լինի պարզ ու համոզիչ: Կարճ ասած, համեստ պաշտպանուհուն չհաջողվեց հիմնավորել իր փաստարկներն ու մեղադրանքի վերաորակման անհրաժեշտությունը: Բայց նիստից հետո ամբաստանյալի հարազատները դժգոհում էին միայն մեղադրողից ու դատարանից, իսկ պաշտպանն անչափահաս աղջնակի ձայնով զգուշորեն յուղ էր լցնում կրակին: Իմ հարցին՝ դիմելո՞ւ են արդյոք վերաքննիչ դատարան, ամբաստանյալի հարազատները նայեցին պաշտպանուհուն, որն էլ որոշեց, որ «կարելի է փորձել, թեեւ»… ու միտքը թողեց անավարտ:



Նկարագրվածը մի սովորական երեւույթ է, երբ ոչ պաշտպանն է  ընդունում իր մասնագիտական ոչնչությունը, ոչ էլ դա հասկանում է պաշտպանյալը՝ հարազատներով հանդերձ: Մինչդեռ հայտնի են նաեւ քրեորեն պատժելի երեւույթներ փաստաբանների «ցածր խավերում»: Օրինակ, քաղաքացուց խաբեությամբ գումար կորզելը՝ իբր դատավորին կաշառելու համար: Եթե դատավորն իրականում որեւէ գործարքի մեջ չի մտել փաստաբանի հետ եւ  որոշում է կայացնում հօգուտ տվյալ քաղաքացու, վերջինս վերագրում է դա կաշառքին, իսկ եթե ի վնաս, գործի են դրվում դատավորին վարկաբեկող մեխանիզմները, որոնք, ինչպես լավ գիտենք եւ մենք, եւ դատավորները, չափազանց գործունակ են:



Միայն հետխորհրդային տարածքում, մասնավորապես  Հայաստանում, կարելի է լսել փաստաբանից մեղադրանքներ դատարանի հասցեին, թե դատարանը կայացրել է անօրինական վճիռ/դատավճիռ, որ դա կոռուպցիայի հետեւանք է, որ դատավորն անգրագետ է, որ, որ… Միայն մի փոքր խումբ հայտնի ու իրոք տաղանդավոր փաստաբաններն են, որ զերծ են մնում նման էժան պահվածքից, դրա փոխարեն շարունակելով կատարել իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ բողոքարկելով տվյալ դատական ակտը բարձրագույն դատական ատյաններում, հետո` Եվրոպական դատարանում:



Մի այլ անօրինականություն է, երբ  փաստաբանն «աշխատում է» ոչ միայն իր պաշտպանյալի, այլեւ միաժամանակ մյուս կողմի  օգտին, բոլոր անսպասելի բարդությունները, իհարկե, վերագրելով դատարանին կամ դատախազությանը: Մի խոսքով, վիճակը լուրջ է: Բանը հասել է այնտեղ, որ փաստաբանը ծեծի է ենթարկում իր պաշտպանյալին: Ու նորից նույն հարցը` ինչ անել: Բնակչության անելիքը փաստաբանի ճիշտ ընտրությունը պետք է լինի ու սխալ ընտրությունից ժամանակին հրաժարվելը: Իսկ օրենսդիրի անելիքն այն է, որ հրաժարվի, այսպես կոչված, կիսամրցակցային դատավարությունից ու օրենսդրորեն ամրագրի մեղադրող ու պաշտպանական կողմերի իսկական, լիարժեք մրցակցությունը: Դա նշանակում է նաեւ դատավորի ակտիվության սահմանափակում: Թող դատավորը, ինչպես Արեւմուտքում, չխառնվի վիճաբանությանը, ակտիվորեն աջակցելով մեղադրողին, ու բերանը բացի միայն  ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այդպիսի իրոք մրցակցային դատարանում մութ կողմերը լուսավորվում են, եւ բոլորին պարզ է դառնում, թե որ փաստաբանն է փաստաբան եւ որն այդ պատասխանատու գործը կատարելու իրավունք ընդհանրապես  չունի: Այնպես որ շատ ու շատ փաստաբանների համար ներկա իրավիճակը փրկություն է:



Ջուլիետա Ամիրխանյան