Տարբեր կարծիքներ Վանյանի մասին

Տարբեր կարծիքներ Վանյանի մասին
Արդեն մի քանի օր է`«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում չեն դադարում քննարկումները Ադրբեջանական ֆիլմի փառատոնի եւ նրա կազմակերպիչ Գեորգի Վանյանի շուրջ, ով այս օրերին ֆեյսբուքահայության շրջանում ավելի պոպուլյար է, քան բոլոր քաղաքական գործիչները միասին վերցրած: Մենք առանձնացրել ենք մի քանի կարծիքներ, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների: 



Պետրոս Ղազարյան. «Երբ Ոսկե Ծիրանը թուրքական և ադրբեջանական ֆիլմեր է ցուցադրում և նույնիսկ մրցանակներ տալիս ոչ մի «հայրենասեր» վրա չի տալիս, իսկ երբ Գեորգի Վանյանն էր փորձում նույնն անել,քիչ էր մնում վերջինիս խարույկի վրա այրեին: Վանյանն աչքիս լույսը չի, բայց ընտրովի հայրենազեղումը իսկականից զզվելի է:



Հակոբ Բադալյան. «Շատ հետաքրքիր ա, Վանյանին քշելուց բացի, որևէ մեկը Երեանից նույն պաթոսով կարա՞ գնա ասենք Գյումրի եւ փորձի Գյումրիից քշել էդ հրաշալի քաղաքում հաստատված կրիմինալի իշխանությունը, թե Վանյանը անշառ ա, Վանյանը հարմար ա,իսկ կրիմինալը կբռնի ու էդ քշողներին կքշի»:



Կարեն Վրթանեսյան. «Վանյանի՝ «կարծիք արտահայտելու իրավունքը» հարգելու պաշտպանները «չեն նկատում», որ այդ կարծիքը վիրավորում է հազարավոր մարդկանց։ Այսինքն` այսպես է ստացվում. «Դուք պարտավոր եք հարգել Վանյանի՝ ձեզ վիրավորելու ազատությունը»։



Յուլիա Անտոնյան. «Դրանք տարբեր բաներ են: Կարծիքը կարող է վիրավորող լինել, բայց այնուամենայնիվ, այն արտահայտելու իրավունքը պիտի լինի: Օրինակ, քաղաքական գործիչներ կան, որոնց ցանկացած արտահայտությունը վիրավորիչ է ամբողջ ժողովրդի համար, բայց նրանք այն հրապարակավ հայտնում են ու ոչինչ: Պարզապես Վանյանի դեպքում հասկանալի չէ` արդյոք նա արտահայտում է իր սեփական կարծիքը, թե ուրիշ մեկի և ընդհանրապես որն է այդ կարծիքը: Նա հո լրիվ գիժ չէ, որ նման փառատոններ է կազմակերպում միայն հայ-ադրբեջանական բարեկամության պատրանքից ելնելով: Եվ ամբողջ ազգի դեմ դուրս գալը բավականին համարձակություն է պահանջում»:



Մարիամ Մուղդուսյան. «Մարդիկ նենց են ոգեւորվել, որ Վանյանին ծեծել են, կարծես երկրորդ ղարբաղայան պատերազմն ա էղել ու հավելյալ տարածքներ են ազատագրել: Ի դեպ, նույնքան անհանդուրժող պետք է լինել ոչ թե կոնկրետ անձի, այլ հենց ադրբեջանական երաժշտության հանդեպ, որը, վստահ եմ էս «հայրենասերների» մեծ մասը լսում է»: