Սամվել Ալեքսանյանն իր հազար հոգուն տանելու է Սեւան

Սամվել Ալեքսանյանն իր հազար հոգուն տանելու է Սեւան
Մինչ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է իր «զորավոր համայնքին» տանել Քոբուլեթի, մեզ տեղեկություններ հասան, որ իր հազար հոգուն նա իրականում տանելու է Սեւան, որպեսզի «փողը Հայաստանից դուրս չգա» եւ ՏՄՊՊՀ-ն էլ քաղցր աչքով նայի իրեն: Սակայն հայոց իսթեբլիշմենթն այս ամառ «ճանապարհային նոր քարտեզ» է գծել, եւ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ նախընտրում էր Բուլղարիան ու Դուբայը, այս տարի բոլոր ճանապարհները տանում են դեպի Իսպանիա, կրուիզներով եւ առանց: Այս պահին Իսպանիայում է հայոց քաղաքական ակտիվի մեծ մասը, մնացածներն էլ մինչեւ շաբաթվա վերջ կմիանան նրանց: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը մինչեւ հուլիսի 31-ը գործուղման է, գտնվելու է Լոնդոնում, իսկ դրանից հետո, մինչեւ օգոստոսի 17-ն արձակուրդում է լինելու: Ռելաքսի մեջ հայտնված բարձրաստիճան չինովնիկները փորձում են մինչ նրա վերադարձը Իսպանիայում հանգստացնել իրենց բազմաչարչար նյարդերը, չնայած Իսպանիայում «մոլեգնող տերտերին»` տնտեսական ճգնաժամին: