ՀՀԿ-ն ուզում է, որ ԲՀԿ-ի սրտով լինի

ՀՀԿ-ն ուզում է, որ ԲՀԿ-ի սրտով լինի
Համայնքապետերի թեկնածուների առաջադրումը մեկնարկեց օգոստոսի 5-ից, վերջնաժամկետը 10-ն է: Գյումրիում առաջինը շտապել է թեկնածությունն առաջադրել  քաղաքական դաշտի ունիվերսալ թեկնածուն` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: ՀՀԿ-ն էլ համակրում է «կառուցողական ընդդիմության» այս թեկնածուին եւ չի պայքարելու, իսկ ԲՀԿ-ի դաշնակից ՀՅԴ-ն փորձել է ինքնուրույն հանդես գալ, առաջադրելով իր թեկնածուին`  մարզպետարանի աշխատակից ընկեր Հովսեփ Սիմոնյանին: Ամեն դեպքում, դաշտում պայքարում են ընդդիմությունները` ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, իսկ արմատական  ընդդիմություն Կոնգրեսը դեռ վերջնական չի որոշել անելիքը:  Թերեւս ՀԱԿ-ը թեկնածու չառաջադրի` հաշվի առնելով այն հանգամանքը,  որ այստեղ  ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն  համատեղ ուժերով կանցկացնեն Բալասանյանին: Բոլորովին անկախ մեկ այլ ընդդիմություն` «Ժառանգություն» կուսակցությունը, քննարկումները շարունակում է. Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չեն որոշել, թե կոնկրետ Գյումրիում ինչ են անելու: Անկախ քաղաքական գործընթացներից՝ ՀՀԿ-ում կոմպլեքսավորվում են այս թեմայից եւ մինչ օրս վստահ չեն ասում, թե ում են սատարելու:



Ամենաանկաշկանդը Գալուստ Սահակյանն է, ով ի սկզբանե հաստատեց, որ իրենք «դրական են վերաբերվում» Բալասանյանին, ինչից հետո Շարմազանովը փորձեց շտկել իրավիճակը` հայտարարելով, թե հարցը քննարկվում է: Եղավ  Գալուստ Գրիգորիչի ասածով: Նա երեկ մեզ հետ զրույցում վերստին հաստատեց իր նախկին հայտարարությունները. «Ես արդեն ասել եմ, որ մենք դրական վերաբերմունք ունենք Սամվել Բալասանյանի հանդեպ  եւ պաշտպանելու  ենք իրեն»: Բա Վարդան Ղուկասյա՞նը: Նա լրիվ անպաշտպան վիճակում է՝ այն աստիճան, որ նախկին հոխորտանքները, թե մեկ է՝ կառաջադրվի, հօդս են ցնդել: Յուրայիններն անգամ  զգույշ են մոտենում հարցին: Երեկ, երբ Գյումրիի համարյա նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանին հարցրինք, թե ինչ է որոշել շեֆը, ասաց. «Կգա ժամանակը՝ կիմանաք»:



Բայց թե երբ են գալու երանելի ժամանակները, խոսնակը չգաղտնազերծեց: Անկախ Վարդանիկի առաջադրվել-չառաջադրվելուց, Գալուստ Սահակյանը հավաստիացնում է, թե «համայնքն անոր չի ընդուներ»: Ըստ ՀՀԿ վերլուծությունների,  զորավոր համայնքն իշխանության ճաշակին է՝ Բալասանյանին է պահանջում: «Մեր վերլուծություններով էդպես է, հիմա եթե ժողովուրդն ում կընտրի, ուրեմն նա էլ պիտի լինի: Համենայնդեպս, ես չեմ կարծում, որ մենք սխալ վերլուծություն ենք արել»,-մանրամասնեց Սահակյանը: Իսկ իր պաշտպանյալի դե յուրե կուսակցական  պատկանելությանն անդրադառնալով` փորձեց արդարացնել. «Մեր ցավը նա է, որ մենք մի տեղ գիծ ենք գծում ու մտածում ենք`        էդ գիծն անանցանելի է, ի՞նչ կապ ունի կուսակցությունը, ժողովուրդն իր հավակնություններով մոտ է Սամվել Բալասանյանին: Իրեն են ուզում, սա էլ համայնք է՝ թող իրենց ուզածով լինի: Էդպես մեծ գլոբալ քաղաքականություն չի, որ հաշվի առնենք՝ ընդդիմություն է թե դիմություն. դա համայնքի ղեկավարների ընտրությունն է»:



Հարցին՝ եթե դա գլոբալ քաղաքականություն չէ, ընդամենը համայնքի ընտրություն է, ինչո՞ւ մյուս բոլոր համայնքապետերի պաշտոնները նույն սկզբունքով չեն զիջում մյուս կուսակցություններին, մասնավորապես ԲՀԿ-ին, Սահակյանն արձագանքեց՝ ՀՀԿ-ի մեկ այլ սկզբունքի հղում անելով. «Դա էլ մի այլ սկզբունք է, որ քաղաքական թիմը մեծ նշանակություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին, եւ մենք ստանձնել ենք մեր որդեգրած քաղաքականությունը, որովհետեւ ժողովրդի շփումները հիմնականում համայնքի ղեկավարության հետ են, եւ համայնքի ղեկավարությունից են կախված ժողովրդի կենսակերպի խնդիրները: Այնպես որ, մենք ինքներս մասնակցում ենք, բայց դա չի նշանակում, որ  պարտադրված ենք լինում՝ անպայման ու անպայման մեր թեկնածուն հաղթի: Շատ տեղերում այս տարիների ընթացքում մենք այնքան անկուսակցական կամ այլ կուսակցության անդամի ենք սատարել»:



ՀԱԿ-Ը ՉԻ՞ ՄՏՆԻ ՄԱՏԻ ՈՒ ՄԱՏԱՆՈՒ ԱՐԱՆՔԸ



Արմատական ընդդիմություն  Հայ ազգային կոնգրեսը, թեեւ Գյումրիում սեփական թեկնածուն առաջադրելու հարցում որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, բայց, հավանաբար, չի մտնի մատի ու մատանու արանքը: ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը մեզ ասաց, որ, իր տեղեկություններով, որեւէ որոշում առայժմ չկա: «Ես մի առիթով ասել եմ՝ Գյումրիում ընչազուրկներն են շատ, այսինքն՝ որեւէ  մարդ քաղաքացիական դերակատարում չունի, քաղաքական  ընդհանուր պրոցեսը Գյումրիի համար առանձնահատուկ շեշտադրություն ունի: Եթե վերեւներում գործընթացները գնում են իշխանությունների համար սահուն սցենարով, նշանակում է  արդեն կանխորոշել են, թե ով պիտի լինի քաղաքապետը, իսկ ընդդիմությունն էլ, եթե սցենարը գնում է իշխանական սցենարով, անելիք չունի»,-ասաց Մակեյանը` նշելով, որ ինքը լավ ծանոթ է քաղաքի նիստուկացին, ընդդիմադիր ընկերներին եւ գտնում է, որ ՀՀ երկրորդ քաղաքի ղեկավարի  ընտրություններում ընդդիմությունը չի կարող որեւէ դերակատարում ունենալ: