Մտավորականի նամակ

Մտավորականի նամակ
Ինձ երբեմն զարմացնում է ռուս ինտելիգենցիան: Երկիր, որտեղ մասսայական հարբեցողության, իշխանական կոռուպցիայի ամենաբարձր մակարդակն է: Որն աշխարհին Ստալին է «տվել» ու 37 թիվ: Որտեղ ընդդիմությունն արդեն մի քանի ընտրություն է՝ խորհրդարան չի անցնում, երբեմն ապշեցնում է ազնվականության, համարձակության, տոտալիտար իշխանության դեմ ընդվզելու պոտենցիալով: Ամիսներ առաջ բարիկադներ բարձրացած Քսենյա Սոբչակի, ընդդիմության հանրահավաքում ելույթ ունեցած Վլադիմիր Պոզների շարքում երեկ էլ հայտնվել է 70-80-ականների երիտասարդության կուռքը՝ «Մաշինա վրեմենիի» մենակատար Անդրեյ Մակարեւիչը, ով տարիներ շարունակ հեռուստատեսությամբ «Սմակ» հաղորդման ժամանակ ճաշ էր պատրաստում:



Նա նամակ է հղել ռուսաստանյան բռնապետին՝ Վլադիմիր Պուտինին, որտեղ պատմել է երկրում տիրող կոռուպցիայի մասին: Գրել է, որ վաղուց ի վեր օրինականացված «ատկատներից» մարդիկ դժգոհ են, սակայն չեն դիմում դատարան, քանի որ այն նույնպես պատժիչ մեքենա է եւ «ատկատների» հիմնարկ: Մակարեւիչն իր նամակն ավարտել է տպավորիչ հանդիմանությամբ. «Ես չեմ հավատում, որ այդքան թքած ունեք երկրի վրա, որը Ձեզ նախագահ է ընտրել»: Ինչո՞ւ մեզանում երբեւէ նման հստակ, հատու, ազնվական խոսք չենք լսում: Ինչո՞ւ մեր մտավորականներն իրենց դժգոհությունը չեն բարձրաձայնում, չեն դիմում նախագահին, չեն ասում ճշմարտություններ, որոնք նա կարիք ունի լսելու, որ երբեմն էլ սթափվի այն քծնանքից, որն անընդհատ լսում է, եւ որը կարող է միայն զգոնությունը բթացնող դեր խաղալ: Ինչո՞ւ մեր երգիչ-երգչուհիներից, հաղորդավար-գրող-նկարիչ հանրությունից մեկը նման ընդվզում չի ունենում: Եվ անգամ հարցազրույցներում, որ տալիս են մեզ, ամեն ինչ անում են իշխանության զայրույթը չառաջացնելու համար: