Ըստ գերմանացի պատգամավորի, Հովիկ Աբրահամյանը մոդել է

Ըստ գերմանացի պատգամավորի, Հովիկ Աբրահամյանը մոդել է
Երեկ ԱԺ-ում «կուլտ-արշավ» էր` Բունյուելի ֆիլմերին բնորոշ տեսարաններով: Բունդեսթագի երկարամյա պատգամավոր Վ. Բյորնզեի` պառլամենտարիզմին նվիրված հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսն էր` հեղինակի մասնակցությամբ, պաշտոնական հյուրերով, ճոխ ֆուրշեթով: Բոլորն սպասում էին Հովիկ Աբրահամյանին, նա աստիճաններից աշխույժ իջավ ու բոլորին, թե` «Գութըն թագ»: Ներկաները հիացած էին: Բացառիկ հումորով օժտված գրքի հեղինակն իր խոսքում ասաց հետեւյալը. «Այստեղ կանայք շատ գեղեցիկ են հագնված, տղամարդիկ էլ, իսկ ձեր Ազգային ժողովի նախագահն իսկական մոդել է...»:



Թերեւս նկատի ունենալով վերջինիս թանկ կոստյումը:  Հետո պրն Բյորնզեն հարկ համարեց արձանագրել, որ, որպես օրինաչափություն, իրենց Բունդեսթագում չորս տարին մեկ պատգամավորներ են փոխվում: «Մեր մոտ մի հավիտենական պատգամավոր կա` Գալուստ Սահակյան»,- հարկ համարեց նկատել Հովիկ Աբրահամյանը, որովհետեւ Գալուստ Գրիգորիչը մեկումեջ ակտիվություն էր դրսեւորում, իսկ Աբրահամյանի ելույթի պահին խոսում էր գերմանացիների հետ ու խանգարում խոսնակին:



Հետո եկավ գինեձոնման պահը, Աբրահամյանը կրկին սեւեռվեց Գալուստ Սահակյանի վրա. ասեք գա, բաժակ խփի: «Հարցազրույց է տալիս»,- պատրաստակամ տեղեկացրեց Էդուարդ Շարմազանովը: «Ի՜նչ հարցազրույց, մեկ ա, իր ասածներից ոչ մեկը բան չի հասկանում, ասեք` գա»: Ֆուրշեթի ավարտին դիմեցինք Հ. Աբրահամյանին` շա՞տ շոյվեցիք, որ պարոն Բյորնզեն ասաց, որ մոդելի տպավորություն եք թողնում: «Էնքան են ըտենց բաներ ասել` չէ՜»,- համեստորեն ասաց ԱԺ նախագահը: