Սամվել Բալասանյանի պաշտոնավարումը հարամեցին, կամ «նվեր» Գյումրիի քաղաքապետին

Սամվել Բալասանյանի պաշտոնավարումը հարամեցին, կամ «նվեր» Գյումրիի քաղաքապետին
«Նամակս կուզեք տպեք, կուզեք՝ ոչ, բայց որ «Հրապարակն» էլ չտպի, ուրեմն սամվելակերպերն իրապես էս երկրում ամեն ինչ առել են». այսպիսի հուսահատ պոռթկումով է սկսվում գյումրեցի մեր ընթերցողի նամակը, որը ստացանք հոկտեմբերի 10-ի երեկոյան, էլեկտրոնային փոստով: Նկարագրված դեպքերը, ըստ նամակի հեղինակի, տեղի են ունեցել Սամվել Բալասանյանի պաշտոնավարման նախօրեին եւ չարաբաստիկ ստվեր են նետում նոր քաղաքապետի հետագա գործունեության վրա:



 



 



ՊԱՏԺՎԵՑ ԻՐ ՓՈՂՆ ՈՒԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ



 



«Գյումրու քաղաքապետ նշանակված պիվնոյ բարոն Սամվել Բալասանյանի շրջապատն այսօր աչքի ընկավ իր քաջագործությամբ եւ իրենց «ոչ գործարար», «ոչ կրիմինալ» բոսին նոր պաշտոնը ստանձնելուց առաջ մի լավ նվեր մատուցեց: Գյումրու Շիրակացի փողոցի միջնամասում, ալան-ափաշկարա, Բալասանյանի ախրաննիկ կոչված քյալլագյոզները դաժան ծեծի են ենթարկել ոմն Արթուրի, որը դժբախտություն էր ունեցել լինել Բալասանյանի եւ նրա սիրասուն բալիկի թիկնապահը եւ հետն էլ համարձակություն էր ունեցել պահանջելու իր աշխատավարձը:



 



Մի խոսքով, մարդը պահանջել է տիրոջ ջանդակը սեփական կյանքի գնով պահպանելու դիմաց հասանելիք մի քանի գրոշը… Եվ համարձակ այս Արթուրիկը սաղ-սաղ, հարեւանների ու հարազատների աչքի առջեւ լանգետի վերածվեց: …Այն, որ ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Արթուրի գործը ծածկադմփոց կանեն` համոզված եմ, բայց որ Գյումրին փոքր քաղաք է, ու այստեղ նույնիսկ մախաթը պարկի մեջ չի կարելի թաքցնել, նույնպես փաստ է»,- հայտնում է նամակագիրը: Նույն օրը փորձեցինք այս լուրը ճշտել Հենց Սամվել Բալասանյանի շրջապատից՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանից: Նա անմիջապես կապվեց քաղաքապետի հետ եւ մեզ հաղորդեց, որ, լսելով Արթուր անունով ծեծված տղայի մասին, Բալասանյանը խիստ զարմացել է, ցանկացել է ճշտել Արթուրի ազգանունը, ապա ասել է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ ոչ ինքը, ոչ էլ իր որդին «ախրաննիկներ» չունեն:



 



ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԹԻԿՆԱՊԱՀ ԼԻՆԵԼԸ ԾԱՆՐ ԽԱՉ Է



 



Սամվել Բալասանյանը մի անգամ էլ է հրապարակավ հայտնել, որ ոչ ինքը, ոչ իր ընտանիքի անդամները թիկնապահներ չունեն: Այն ժամանակ նա ԱԺ փոխնախագահն էր, իսկ դեպքը, որի առիթով արվեց այս հայտարարությունը, տեղի էր ունեցել Բալասանյանների ընտանիքին պատկանող գարեջրի գործարանի մուտքի մոտ՝ 2011 թվականի փետրվարին: Գործարանի քցված բանվորներից մեկի եղբայրը դանակահարել էր Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի թիկնապահ, 1982 թվականին ծնված Արթուր Առաքելյանին: Արթուրին տեղափոխել էին Գյումրիի «Գյուլբենկյան» հիվանդանոց, որտեղ նա մահացել էր, իսկ մարդասպանը՝ Արմեն Սահակյանը, որը տառապում էր շաքարախտով եւ ամենակարիքավոր խավից էր, դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Մինչ օրս Գյումրիում հիշում են, թե Սահակյանի հարազատներն ինչ ողբ էին դրել դատարանի դահլիճում, երբ դատավորը հրապարակել էր դատավճիռը եւ արագ հեռացել:



 



ԱՐԹՈՒՐԻՆ ԱՐԱԳ ՏՈՒՆ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ



 



Մեկ տարի առաջ նկարագրված այս միջադեպի եւ երեկվա դեպքի միջեւ ընդհանրություն կա: Նոր զոհի անունը եւս Արթուր է: Ըստ նամակագրի, նա նույնպես թիկնապահ է եղել եւ ծառայել է Բալասանյանների ընտանիքին: Ինչպես եւ գարեջրի գործարանի բանվորը, նա «քցված» է եղել եւ ընդամենը ցանկացել է ստանալ իր հասանելիք աշխատավարձը: Ըստ նամակագրի, նա եւս տեղափոխվել է Գյումրիի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Գիտակցելով, թե որքան տհաճ է նոր քաղաքապետի համար նման դեպքի հրապարակումը, այն էլ իր պաշտոնավարման նախօրեին, նաեւ հաշվի առնելով մեր նամակագրի շահերն ու մտավախությունը, թե իր հաղորդած տեղեկությունները չեն հրապարակվի,  մենք չվստահեցինք պաշտոնական հերքմանը եւ գործի դրեցինք մեր աղբյուրները: Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից երկու միմյանց հակասող տեղեկություն ստացանք: Ստորին պերսոնալից հայտնեցին, որ մի ծեծված հիվանդ եղել է հիվանդանոցում, բայց գիշերով շտապ դուրս են գրել ու տարել հիվանդանոցից:



 



Հիշեցնենք, որ հենց հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան էինք Սամվել Բալասանյանի շրջապատից պարզաբանում խնդրել, եւ բացառված չէ, որ դեպքի հրապարակայնացումից խուսափելով, ծեծվածին շուտափույթ տարել են տուն: Զանգահարեցինք նաեւ հիվանդանոցի նեյրովիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանին, որն ասաց. «Որքան գիտեմ, այս երկու օրը եւ մոտ օրերս նման հիվանդ չենք ունեցել: Համենայնդեպս, ես չեմ ունեցել»: Սակայն առավոտից Գյումրիում շշուկներ էին շրջում, թե Բալասանյանի թիկնապահները մարդ են ծեծել, ոմն նախկին  թիկնապահի, որը ծանր վիճակում է: Երեկ մարդիկ եկել էին քաղաքապետարանի մոտ՝ նոր քաղաքագլխի մուտքը դիտելու: Շատերն էին նկատել, որ   Սամվել Բալասանյանը շենք է մտել մի քանի թիկնապահների ուղեկցությամբ, իսկ քաղաքապետարանի շենքի մոտ եւ հրապարակում մարդիկ քաղաքացիական հագուստով «օրգանների» բազմաթիվ աշխատակիցների էին նկատել: Ուժեղացված հսկողությունը նշանակում է, որ  Բալասանյանն իրեն վստահ եւ սիրված չի զգում իր քաղաքում:



 



Հիշեցնենք նաեւ, որ  Վարդան Ղուկասյանի լիազորությունները, օրենքի համաձայն, պետք է ավարտվեին նոյեմբերի 12-ին, սակայն, ըստ որոշ լուրերի, նկատի ունենալով նոր քաղաքապետի նկատմամբ ձեւավորված գյումրեցիների մեծամասնության ոչ բարյացկամ վերաբերմունքը, Վարդան Ղուկասյանին վերեւից խնդրել են ժամկետից շուտ հեռանալ պաշտոնից: