«Նժդեհի» ֆիլմը ՀՀԿ-ի պատվերը չէ՝ ասում է Քեշիշյանը

«Նժդեհի» ֆիլմը ՀՀԿ-ի պատվերը չէ՝ ասում է   Քեշիշյանը
Այն օրից, երբ պարզ դարձավ, որ Հրաչ Քեշիշյանը ֆիլմ է նկարահանում Գարեգին Նժդեհի մասին, քննարկումները, հատկապես համացանցում, ոչ մի րոպե չեն դադարում եւ պարզ է, թե ինչու. մտահոգվելու առիթ կա թե Նժդեհի համար եւ թե Քեշիշյանի: Նախ՝ Նժդեհի համար, որովհետեւ դեռ պարզ չէ, թե ինչպես նրան կներկայացնի Քեշիշյանը, եւ, իհարկե, Քեշիշյանի ռեժիսորական ունակությունների մասով, որովհետեւ սա արդեն «Սպանված աղավնի» չէ:



 



Ֆիլմի ֆինանսավորողն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի տնօրեն Մաքսիմ Հակոբյանից փորձեցինք ճշտել ֆիլմին հատկացված գումարի չափը: «Ո՞վ է ֆինանսավորում... ե՞րբ եմ տվել... հա՜, հնարավոր է, որ արած լինեմ... քանի որ դա ինձ համար սովորական բան ա, չեմ էլ կարա ասեմ, թե դաժե ինչքան ենք նախատեսել, բայց հիշում եմ, որ նման մի բան արել ենք, ես շատ բան եմ ֆինանսավորում, բայց ոչ մեկն էլ չեմ նայում, ես դա անում եմ մեր ազգի համար, ով ուզում ա, տալիս եմ, եթե ուզում եք նկարահանվեք, էկեք, ձեզ էլ փող տամ, գնացեք, ինչքան ուզում եք, նկարվեք, ինձ լուրջ հարցեր տվեք՝ երկրի տնտեսության, աշխարհի կրիզիսի մասին, որ սպառիչ պատասխաններ ստանաք»:



 



«Սպառիչ» պատասխանների ակնկալիքով զանգահարեցինք ֆիլմի սցենարիստ Քրիստ Մանարյանին, ով հրաժարվեց պատասխանել հարցերին՝ նշելով, որ պետք է իր խոսքը համաձայնեցնի Հրաչ Քեշիշյանի հետ, ում հետ երեկ վերջապես կարողացանք զրուցել: Վարշավայից նկարահանող խմբի հետ նոր վերադարձած Քեշիշյանը նշեց, որ սեպտեմբերի 16-ին սկսված նկարահանումները շատ շուտով՝ մինչեւ ամսվա վերջ կավարտվեն: «Նկարահանումները շատ լավ են գնում, ամեն ինչ հիանալի է, ըստ պլանավորվածի»,-նշեց նա, ապա հավելեց, որ հավաքել է շատ համարձակ թիմ՝ ամբողջ աշխարհից, իսկ մասնավորապես՝ կան մի քանի հրավիրված դերասաններ Ռուսաստանից, մնացածը մերոնք են՝ Արտաշես Ալեքսանյան, Վիգեն Ստեփանյան, Խորեն Լեւոնյան, Նազենի Հովհաննիսյան, Արմեն Մարգարյան, Նժդեհի կնոջ դերում նկարահանվել է Չուլպան Խամատովան:



 



Նկարահանումներն իրականացվել են Սյունիքում, Գորիսում, Կապանում, Քաջարանում, Գյումրիում, Երեւանում եւ Լեհաստանում: Դեռ պարզ չէ՝ հեռուստատեսային տարբերակ կլինի, թե ոչ, լինելու դեպքում կլինի 5-7 սերիա, լիամետրաժ տարբերակը, որը որոշված է անել մինչեւ 130 րոպե, պատրաստ կլինի հաջորդ տարվա սկզբին:



- Թող մեծամիտ չհնչի, բայց նկարահանել ենք գեղեցկագույն Հայաստան, այս ֆիլմը եթե ուրիշ առավելություն չունենա, գոնե ֆիլմում գեղեցկագույն Հայաստան է երեւում:



- Մամուլում գրվեց, որ ֆինանսական մասով նեղություն եք կրում, հովանավորի կողմից հատկացված գումարը չի՞ բավարարում:



 



- Որեւէ սղություն չկա, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, անկախ ֆինանսավորվող ֆիլմ ենք նկարում, պետությունից որեւէ կոպեկ չենք վերցնում, մենք ունենք շատ լավ, շատ հզոր հովանավոր՝ պղնձամոլիբդենային գործարանն է, ինչպես նաեւ որոշակի ֆինանսական միջոցներ են օգտագործվում «Արմենիա» հեռուստաընկերության կողմից:



 



- Իսկ բյուջեն կասե՞ք ինչքան է կազմում:



 



- Հիմա չեմ նշի, ֆիլմի ավարտից հետո անպայման կհրապարակեմ այդ թիվը: Ասեմ, որ դա ֆանտաստիկ գումար չէ, այլ այն նորմալ գումարն է, որով անգամ չենք հասնում եվրոպական կինոյի մինիմումին:



 



- Նման պատմական կերպարի մասին ֆիլմ նկարահանելուց առաջ ի՞նչ աղբյուրներից եք օգտվել, խորհրդատուներն ովքե՞ր են:



 



- Իրանք շատ են, գրականության թիվն էլ բազմաթիվ է, բայց հիմնական հեղինակը եղել է ինքը՝ Գարեգին Նժդեհը: Նախապատրաստվել ենք մոտավորապես 7-8 ամիս, իսկ որոշ բաներ տարիների ընթացքում իմ մոտ գրառված էին, նշված: Իմիջիայլոց, թեթեւ քոմենթներ կան, թե Նժդեհի մասին նոր եմ իմացել, եւ այլն եւ այլն, դա էլ շատ ծիծաղելի է ինձ համար, որովհետեւ եթե ես, օրինակ, 5 տարեկանում գիտեի Նժդեհի մասին, էդ ի՞նչ ա նշանակում՝ ես 5 տարեկանո՞ւմ պիտի ֆիլմ նկարեի Նժդեհի մասին:



 



- Իսկ ինչո՞ւ Նժդեհի մասին ֆիլմ նկարելու պատվերը հիմա իջավ:



 



- Ես մոտավորապես 5 տարի ունեմ այդ մտահղացումը՝ նկարել «Գարեգին Նժդեհ» ֆիլմ: Ուղղակի ես ունեմ հետեւողական բնավորություն եւ ամեն ինչ անում եմ, որ, այսպես ասած, իմ ոչ շատ ծանր երազանքները, նպատակները իրականություն դառնան, դա ես փորձեցի անել այս տարի, ու ստացվեց:



 



- Այնուամենայնիվ, Նժդեհի ֆիլմն ընկալվում է որպես ՀՀԿ-ի պատվեր՝ քարոզարշավի ռոլիկ նախագահական ընտրություններից առաջ, ու գուցե պատահական չէ, որ այն հենց այս տարի իրականացավ:



 



- Գիտեք ինչ, ես այսպես եմ մտածում. թող ֆիլմը լավ ստացվի, մնացածը ոնց ուզում է ընկալվի, ես ասել եմ ու հիմա էլ եմ ասում. այս ֆիլմը ես առաջին հերթին անում եմ իմ զավակների համար՝ 13 ու 14 տարեկան տղաներիս համար: Ամեն դեպքում, դա ՀՀԿ-ի պատվերը չի եղել:



 



- Բայց կարծես թե ժամանակը հարմար ընտրեցիք կամ գուցե համընկավ: 



 



- Դրանք ընդամենը պատահականություններ են: Նժդեհի կերպարը յուրաքանչյուր հայ կարող է կապել եւ երկրի ղեկավարի հետ, եւ զորավարի հետ, եւ սպարապետների հետ, ամեն դեպքում, նպատակաուղղված ընտրություններին ընդառաջ որեւէ բան չենք մտածել:



 



- Հաշվի առնելով Նժդեհի կերպարը, գուցե գաղափարախոսական մեսիջնե՞ր լինեն ֆիլմում:



 



- Ֆիլմն ամբողջությամբ արված է ազատ ոգով, ամբողջ սցենարը կառուցված է Նժդեհի գրչով, Նժդեհի ձայնն է, Նժդեհի խոսքերն են, նրա շատ հայտնի արտահայտությունները, եւ այնպիսի անհայտ հոդվածներ, նամակներ ենք օգտագործել, որ ոչ բոլորն են կարդացել:



 



- Տեղեկություն կա, որ Նժդեհի բարեկամները բողոքում են, որ ֆիլմի խորհրդատվության համար իրենց չեք դիմել:



 



- Մենք խորհրդատվության համար դիմել ենք Նժդեհի եղբոր որդուն, կոնկրետ դրվագի համար դիմել ենք Նժդեհի թոռնուհուն, նա նույնպես մեզ շատ օգնել է: Գիտեմ, որ Նժդեհի թոռները Միացյալ Նահանգներում բողոքել են, որ մենք չենք կապվել իրենց հետ, բայց, անկեղծ ասած, կապի ձեւը չենք գտել, որ կապվենք: Քանի որ ողջ պատմությունը, ֆիլմի սյուժեն հիմնականում կապված է 1918-1944թթ. իրադարձությունների հետ, այդ պարագայում միգուցե այն խորհրդատվությունները, որ ստացել ենք Նժդեհի եղբոր որդուց եւ թոռնուհուց, բավարարել են: Հույս ունեմ, որ անպայման ֆիլմի պրեմիերայից առաջ կփորձեմ հավաքել Նժդեհի ընտանիքին եւ առաջին պրեզենտացիան ցույց տալ նրանց:



 



- Իսկ եթե գոհ չմնա՞ն արդյունքից:



 



- Դե, արդեն չգիտեմ... շատ դժվար հարց եք տալիս:



 



- Ինչպե՞ս է ստացվում, որ նման մեծամասշտաբ ֆիլմերի էկրանավորումը հենց Ձեզ է վստահվում:



 



- Ես ուրիշ կերպ պատասխանեմ. Հայաստանում մշակույթի նախարարության պատվերով տարին նկարահանվում է մոտ 6-7 ֆիլմ, գումարները, որ տրվում են այդ ֆիլմերին, փոքր չեն, թեմաները պետությունը եւ մշակույթի նախարարությունը ոչ մեկին չի պարտադրում, այսինքն՝ յուրաքանչյուր արվեստագետ ազատ է իր ընտրության մեջ...



 



- Ամեն դեպքում, հովանավորներ այդքան հեշտ չէ ձեռք բերել:



 



- Հովանավորը մի ընկերություն է, իսկ ես 20-ից ավելի տարի աշխատում եմ հեռուստատեսությունում, միգուցե իմ կապերն են ավելի մեծ, միգուցե իմ արած գործերի հանդեպ վստահությունն է ավելի մեծ: Ես արել եմ 4 ֆիլմ, որոնք ունեցել են իրենց կոմերցիոն հաջողությունը:



 



- Հենց վստահության մասով էլ կասկածներ կան, մարդիկ Ձեզ ընկալում են որպես կլիպմեյքեր եւ կասկածանքով են վերաբերվում Ձեր ռեժիսորական աշխատանքներին:



 



- Ով ինձ վերաբերվում է որպես կլիպմեյքեր, թող այդպես վերաբերվի, ես շատ ուրախ եմ, որ ստեղծել եմ Հայաստանում կլիպմեյքեր արտադրության դպրոց եւ կարող եմ ինձ իրավունք վերապահել եւ մի քիչ մեծամիտ երեւալ, շատ ուրախ եմ, որ հեռուստատեսությունում կարողացել եմ անել բաներ, որոնք եղել են հեղափոխական, շատ ուրախ եմ, որ կինոյում նույնպես կարողացել եմ որոշակի իմաստով անել հեղափոխություն, կարողացել եմ պրոդյուսինգ անել հայկական նոր ժամանակակից ամենադիտվող ֆիլմերից մեկը:



 



- Բայց Ձեզ, միեւնույն է, որպես ռեժիսոր չեն ընդունում:



 



- Իսկ կլիպմեյքերը ռեժիսոր չէ՞, ովքե՞ր են այն հեղինակությունները, որ շարունակում են ինձ չընդունել: Գիտեք ինչ, ամեն մարդու դատում են իր արած գործերով: Իմ առաջին մասնագիտությամբ ես ֆիզիկ-մաթեմատիկ եմ եւ բավականին հաջողակ: Երկրորդ մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ավարտել եմ 2 մոսկովյան բարձրագույն հաստատություն, ունեմ բոլոր դիպլոմները, դրանից հետո ինձ ոնց ուզում են, թող ընկալեն: Իմ կյանքով եւ գործունեությամբ փորձել եմ նվաճել այն իրավունքը, որ կինո նկարեմ: Այս ֆիլմում ես փորձել եմ ավելի շատ հիմնվել փաստերի վրա եւ այդ փաստերով բացահայտել Նժդեհի կերպարը, իմ հակասությունները ես փորձում եմ լուծել ինքս իմ մեջ եւ չեմ փորձի հիմա խոսել, թե ինչ հակասություններ ունեմ կերպարի հանդեպ եւ ինչպես եմ դրանք լուծել: Ես չափից ավելի եմ սիրում Նժդեհին, որպեսզի կարողանամ Ձեր հարցին ավելի օբյեկտիվ պատասխանել:



 



- Նժդեհից ունե՞ք սիրած արտահայտություն կամ միտք:



 



- Ունեմ, հիմա բառացի կարող է սխալվեմ, բայց միտքը սա է՝ փառքին հասնելու համար գոյություն ունի մի սանդուղք, որի առաջին աստիճանը կոչվում է քաջություն եւ վերջին աստիճանը՝ նորից քաջություն:



 



- Քանի որ դա մեջբերեցիք, ենթադրում եմ, որ փառքի եք ձգտում:



 



- Ես ունեմ բավականաչափ փառք, ունեմ հզոր, համերաշխ ընտանիք՝ իմ հոր գլխավորությամբ, ունեմ լավ աշխատանք, ընկերներ, որոնք իմ համախոհներն են, ինչու չէ՝ ունեմ նաեւ լավ հանդիսատես, ովքեր ինձ սիրում են, երբ ինչ-որ մի գյուղում մի տատիկ սկսում է ինձ համբուրել, գրկել, իմանալ ես ով եմ, դրանից ավել փառք պատկերացնո՞ւմ եք՝ ասենք, մի երկու կինոֆեստիվալում մի երկու մրցանա՞կ:



 



- Դե, ռեժիսորները սովորաբար «Օսկարի» են ձգտում:



 



- Ես չեմ ձգտում «Օսկարի», միգուցե ես այնքան չկամ, որ ձգտեմ, բայց ես չեմ ձգտում: