Մարտիրոս Սարյանը միջազգային ասպարեզում անհա՞յտ նկարիչ է…

Մարտիրոս Սարյանը միջազգային ասպարեզում անհա՞յտ նկարիչ է…
Հայաստանը հպարտանում է Մարտիրոս Սարյանով: Ազգովի նրան մեծարում,  բարձրացնում ենք մինչեւ Մասիսի անհաս գագաթը: Անկեղծ ասած, ցնցվեցի, երբ կարդացի Սասուն Քոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումը: Մտավորականի մտահոգություն, անհանգստություն ու ցավ զգացի նրա խոսքի մեջ: Ինչ որ տեղ խոցվեցի, երբ նա ասում էր, որ Սարյանը միջազգային ասպարեզում հիմնականում անհայտ նկարիչ է: Անհա՞յտ… Ուզում էի կիսվել հանրության, արվեստագետների հետ, որպեսզի նրանք հակառակը պնդեին:  Պնդեին ոչ թե պնդելու, այլ հիմնավորելու համար:  Ահա թե ինչ է գրում Սասուն Քոսյանը. «Շատ կուզեմ, որ խխունջացած արվեստագետներին սկսի անհագստացնել այդ միտքը: Հայկականն այն չէ, ինչ-որ արդեն արվել է, այլ այն, ինչ -որ սինթեզվելու է մեր ունեցածի հետ»:

Արվեստն այն բնագավառներից է, որտեղ կրկնությունը, նույն ոճով անընդհատ աշխատելը, առանց նորարության, իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում: Այդ խխունջացած արվեստագետները թող մտածեն այդ մասին: Ձանձրալի է անընդհատ նույն բաները տեսնել բոլորի մոտ: Դուրս եկեք ձեր խխունջներից:



 



Մյուս կողմից էլ դա վաղուց այդպես քարոզվում, թե իբր ազգային է, լավ է: Օրինակ, Մարտիրոս Սարյանը, որը համարվում է հայ արվեստի գագաթնակետերից մեկը, միջազգային արվեստի ասպարեզում կարելի է ասել հիմնականում անհայտ նկարիչ է: Հայաստանի եւ ինչ որ չափով նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս նրան չեն ճանաչում: Ինչու՞: Որովհետեւ նա նոր բան չի մատուցել համաշխարհային արվեստին:



 



Գոգենը մատուցել է, նա է հայտնի, իսկ Սարյանն ընդամենը ընդօրինակել է Գոգենին եւ այդ ոճով նկարել հայկական եւ արեւելյան թեմաներով: Աշխարհի ամենահայտնի հայ նկարիչը դա Արշիլ Գորկին է: Նա իր նոր խոսքն ասաց եւ դա ճանաչվել է ամբողջ աշխարհում, եւ նրա համբավը բոլորովին չի նվազել իր մահվանից տասնամյակներ հետո: Նրանով ես հպարտանում եմ, Սարյանով՝ ոչ: Իր քոմենթներում շարունակում է պնդել. «Մինաս Ավետիսյանը նույնպես ավելի տաղանդավոր եւ ինքնատիպ է քան Սարյանը, խեղջի նկարների մեծ մասն այրվեցին: Բայց նրա նկարներն էլ որոշ չափով Գորկու նկարներն են հիշեցնում...»: Մեկնաբանությունն ավելի է հիմնավորում. Շոու բիզնեսի գործոնը արվեստում կա իհարկե, փուչիկներ լինում են, օրինակ ներկայումս միլիոնատեր արվեստագետներ Damien Hirst, Jeff Koons, որոնք վարպետորեն հարստացել ու շարունակում են հարստանալ՝ օգտագործելով իրենց շոու բիզնեսի ունակությունները: Այդ գործում առաջնեկը երեւի Andy Warhol-ն էր, երբ նա լուսանկարիչների էր վարձում, որ իր ցուցահանդեսների ժամանակ լուսանկարելով աղմուկ բարձրացնեին ու այդպես արհեստական համբավ էր ստեղծում (առանց նսեմացնելու իր տաղանդը եւ իրական նորարարությունները պոպ արվեստի բնագավառում): Բայց միայն դա չէ:



 



Հայտնի արվեստագետների մեծ մասը արժանի են իրենց համբավին եւ հաջողության են հասել իրենց տաղանդի եւ աշխատանքի շնորհիվ: Եթե Սարյանը իրոք արժանի է, հիմա էլ հո բռնապետական կայսրությունը չկա, իր գործերը կարող են թեկուզ հիմա հայտնի դառնալ: Երկար ապրած հայտնի արվեստագետներ էլ շատ են եղել՝ Միքելանջելոն էլ երկար է ապրել, Պիկասոն էլ, վերջերս 89 տարեկանում մահացավ Լուսիան Ֆրոյդը՝ նույնպես շատ հայտնի դեռ կենդանի օրոք: Գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերը 80 տարեկան է, շարունակում է նկարել, շատ հայտնի է եւ հաջողակ (կենդանի օրոք վաճառված ամենաթանկ նկարի ռեկորդը իրեն է պատկանում՝ $34 մլն), առանձնապես արկածների մեջ էլ չի ընկել: Կարելի է նման շատ օրինակներ բերել:



 



Հայ արվեստը, մեղմ ասած, հետ է ընկած աշխարհից: Նոր ուղղություններ կան, հարկավոր է նոր խոսք ասել, իսկ հայ արվեստագետները բացառությամբ փոքրաթիվ քանակությամբ ժամանակակից ոճում աշխատողների, շարունակում են ստեղծագործել ինչպես իրենց պապերը ու պապի պապերը: Իսկ դա աշխարհում ոչ ոքի չի հետաքրքրում:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ