Էլբակյանին գեներալի կոչում տվեք

Էլբակյանին գեներալի կոչում տվեք
Երեկ մի տարեց կին էր զանգել Թալինից: Գրագետ, պատկառելի կին էր: Ասում էր, որ զանգում է ոչ միայն իր անունից, այլեւ իր «30 հարեւանների», որոնցից մի քանիսը, դատելով ընկալուչում լսվող ձայներից, կողքին էին ու կոլեկտիվ հուշում էին, թե ինչն ինչպես ասի:



 



Պարզվում է՝ թալինցի կանայք «Գեներալի աղջիկը» սերիալի լսարանն են եւ զանգել էին մի հարցով: Ուզում էին գրենք եւ իրենց անունից հատուկ խնդրենք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որ սերիալի «գեներալին»՝ Արմեն Էլբակյանին, արտահերթ կարգով գեներալի կոչում շնորհի: Այո, այո՝ միանգամայն լուրջ էին ասում եւ հավատում էին, որ դա հնարավոր է: Ասում էին՝ նա պարկեշտության, հայրենասիրության, օրինավորության օրինակ է: Ասում էին՝ հենց այդպիսի գեներալների կարիք ունի մեր ժողովուրդը: Էպիզոդներ էին պատմում ֆիլմից, թե ինչ ազնիվ ու խելացի մարդ է իրենց սիրելի «գեներալը», ինչքան ճիշտ է իրեն պահում: Խնդրանքն ինձ լավ զվարճացրեց, խոստացա անպայման գրել այդ մասին:



 



Բայց նաեւ մտածեցի, որ մեր խեղճ ժողովուրդն օրինավոր ու պարկեշտ մարդկանց կարոտ ունի: Մեր պաշտոնյաների ու հասարակական-քաղաքական գործիչների մեջ այնքան պակասում են ազնիվ ու նվիրված մարդիկ, որ սերիալի հերոսը դարձել է իրական հերոս: Տարեց կանայք սերիալը դիտելիս այնքան են տարվել իրենց հերոսի կերպարով, որ նրանց թվացել է, թե իրենց տեսածը ոչ թե սցենարիստի, ռեժիսորի, դերասանի ստեղծած կերպար է, այլ մարդ, որին պետք է կոչում տալ, փայփայել, որ միս ու արյուն ստանա՝ դառնա իրական հերոս: Սա իրականում մեր մտավորականության, մեր էլիտայի ամոթն ու խայտառակությունն է՝ կնշանակի նրա շարքերում ոչ միայն հերոսներ չկան, այլեւ իսպառ բացակայում են օրինավոր, պարկեշտ, իրենց գործին ու երկրին նվիրված մարդիկ: