«Գրանիշ» հանդեսի «խուժանական» խորագրով նոր համարը

«Գրանիշ» հանդեսի «խուժանական» խորագրով նոր համարը
«Գրանիշ» գրական ակումբի կողմից լույս տեսավ «Գրանիշ» գրական հանդեսի երրորդ թեմատիկ համարը՝ «Խուժանական» խորագրով, որի բնաբանում գրված է. «Վաճառքը 16 տարին չբոլորած անչափահասներին արգելվում է, 30 տարին բոլորած անչափահասներին` խրախուսվում:«Խուժանական» բնորոշումը հայաստանյան արդի բանավոր լեզվում դարձել է էրոտիկի հոմանիշ՝ փոքր-ինչ զվարթ-ամոթխած երանգով, առանձնացնելով այն սովորական «խուժան» եւ «խուժանություն» հասկացություններից, որոնք մեկնաբանվում են որպես միանշանակ բացասական բնորոշումներ: Այս փոքրիկ հնարանքով խուսափելով զուտ «էրոտիկ հայ գրականության զտման եւ քննության» տափակ փաթեթավորումից, մենք ստանձնում ենք գրականության՝ որպես «Այդ մասին» անսեթեւեթ խոսացող բերանի, եւ հասարակության՝ որպես «Այդ մասին» գործնական լռության սովոր ականջի միավորմանը մեկ դիմագծի մեջ»:



«…Գրականությունն արդյոք դնո՞ւմ է իր առջեւ «Այդ մասին» լինելու հարց, թե՞ ոչ, գրականությունը նախատրամադրվա՞ծ է հասարակության վարք ու բարքին, թե՞ միամիտ է եւ ինքնաբուխ, գրականությունը հասարակության խնդիրների՞ց է ելնում` դրանք բարձրաձայնելով եւ ձեւակերպելով, թե՞ ակամա դառնում է նրա վատ երազը, գրականությունը դաստիարակում ու բարեկրթո՞ւմ է, թե՞ այլասերում եւ նյարդայնացնում: Ահա այս հարցերի շուրջ էլ կծավալվի «Գրանիշի» խուժանական համարի թեմատիկ միջուկը»:



Հանդեսում ներկայացված են հատվածներ Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ», Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը», Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավ» վեպերից, պատմվածքներ, բանաստեղծական շարքեր, գրականագիտական հոդվածներ, էսսեներ, հարցազրույցներ, ինչպես նաեւ թեմայի շուրջ հայ դասականների կարծիքներից: Օրինակ, Գրիգոր Զոհրապը հոդվածներից մեկում գրում է. «Հեռու մեզմե այն բարոյախոսները` որ ընկերական կարգերու ամեն կեղծիքներուն դեմ անտարբեր` միայն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագնին», իսկ Շիրվանզադեն Դանիել Վարուժանի պոեզիան այսպես է գնահատում. «Դա արդեն պոռնկություն չէ, այլ կատարյալ պոռնկություն: Եվ ահա Դանիել Վարուժանի պես էրոտոմանները մեզ իրենց պոռնկության նմուշները ծախում են բանաստեղծության տեղ»: «Գրանիշում» ներկայացվել է նաեւ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենատաղանդավոր ու ամենահետապնդված արձակագիրներից մեկի՝ Սալման Ռուշդիի «Ցենզուրայի մասին» հոդվածը, որն ավարտվում է այսպիսի տողերով. «Մեծ արվեստը կամ, եկեք ավելի համեստ արտահայտվեմ, ինքնատիպ արվեստը երբեք անվտանգ միջավայրում չի ստեղծվում, այլ մշտապես` եզրագծին: Ինքնատիպությունը վտանգավոր երեւույթ է, այն մարտահրավեր է նետում, հարցեր առաջացնում, գլխիվայր շուռ տալիս ենթադրությունները, հունից հանում բարոյական օրենքները, անհարգալից վերաբերվում սրբազան դեմքերին կամ նման այլ անձանց: Այն կարող է ցնցել կամ տգեղ լինել, կամ, դեղին մամուլի կողմից այդքան սիրելի անբովանդակ մի բառով` վիճահարույց: Եվ եթե ցանկանում ենք, որ մեր շնչած օդը լինի անսպառ ու որակյալ, դա հենց այն արվեստն է, որի գոյատեւման իրավունքը մենք ոչ միայն պետք է պաշտպանենք, այլեւ փառաբանենք: Արվեստը ժամանց չէ: Իր լավագույն ձեւի մեջ այն հեղափոխություն է»:



 



Արամ ՊԱՉՅԱՆ