Դմիտրի Խառատյանը, Եվգենի Պետրոսյանը, Իրինա Ռոդնինան և ուրիշներ

Դմիտրի Խառատյանը, Եվգենի Պետրոսյանը, Իրինա Ռոդնինան և ուրիշներ
2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հաստատվել է մինչ այժմ «պիլոտային» տարբերակով իրականացվող «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրը: Նույն օրը որոշում է ըն­դունվել նաև «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայ­րաքաղաք» հայտարարելու մասին: Նշենք, որ «պիլոտային» տարբերակով 2011 թ-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են հայտարարվել Գոմելը (Բելառուս) և Ուլյանովսկը (ՌԴ), իսկ 2012 թ-ին՝ Աստանան (Ղազախստան) և Մառին (Թուրքմենստան): ԱՊՀ մշակութային մայրաքաղաքների ընտրությունը կատարվում է ռուսական այբուբենի այբբենական կարգով՝ ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք: Սույն սկզբունքով 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել Հայաստանի Գյումրի, Բելառուսի Մոգիլյով և Ադրբեջանի Գաբալա քաղաքները:



Ս. թ. հունվարի 11-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայ­րաքաղաք» ծրագրի նախագիծը, որը բաղկացած է հետևյալ բաժիններից` միջազգային, հանրապետական և մարզային նշանակության միջոցառումներ: Պատրաստվել են նաև ծրագրի խորհրդանշանի և կայքէջի մրցույթների մասին հայտարարությունները:



Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) նախաձեռնությամբ, վերոնշյալ ծրագրի դրույթների հստակեցման և իրականացման ուղղությամբ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստան է ժամանել ՀՀՄՀ 24 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի մշակույթի, սպորտի, կրթության, գիտության անվանի գործիչներ և լրագրողներ: Նրանց թվում են ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, օլիմպիական եռակի չեմպիոն Իրինա Ռոդնինան, դերասան Դմիտրի Խառատյանը, էստրադայի արտսիտ Եվգենի Պետրոսյանը և լրագրող Նիկոլայ Սվանիձեն:



Հունվարի 23-ին պատվիրակության անդամները ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կմեկնեն Գյումրի, կհանդիպեն «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայ­րաքաղաք» ծրագրի մարզային և քաղաքային պատասխանատուների հետ, այնուհետև՝ «Ձիթողցոց տուն»: Այցի շրջանակում նախատեսվում է այցելելություն «Պատվո բլուր» հուշարձան, Գյումրիի ռուսական ռազմաբազա: