Կրթական բիզնեսն ու կրթությունը տարբեր բաներ են

Կրթական բիզնեսն ու կրթությունը տարբեր բաներ են
Խորհրդային Միության տարիներին եթե մի բան կար, որի մասին կարելի էր ասել՝ կատարյալ է, դա կրթական համակարգն էր: Բացի այն, որ անվճար էր, բացի այն, որ բոլորի համար էր, բացի այն, որ մակարդակով էր, նաեւ համակարգված էր եւ իր կուռ կառուցվածքով ընդգրկում էր կյանքի գրեթե բոլոր կողմերը: Կրթությունը միայն «Ա»-ն «Բ»-ից ջոկելը չէր, «X»-ից «Y» հանելը եւ կամ «ռուսերեն եւ անգլերեն չրթել» սովորելը:



 



Կրթությունը կրթություն էր, մարդու՝ որպես անհատի ձեւավորում, նրանից պիտանի քաղաքացու կերտում: Այդ հետո էին առանձին անհատներ դառնում հայտնի լեզվաբաններ, գրականագետներ, մաթեմատիկոսներ, ճարտարագետներ, լավորակ խառատներ, հյուսներ, էլեկտրիկներ, խոհարարներ: Այս ամենի հիմքը դպրոցն էր, իսկ հիմնադիր վարպետը՝ դպրոցի ուսուցիչը՝ իր ասելիքով, ծրագրով, դասը բացատրելու իր մեթոդներով, համարյա ծնողին հավասարեցված, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ ծնողից ավելի բարձր իրավունքներով: Ուսուցիչն այն տարիներին իր գործն անում էր անվրեպ, իսկ այսօր նա հիմնադիր-վարպետից վերածվել է կրթության գործի «վինտիկի»: Եվ դա՝ կրթության բնագավառի մեր փանջունիների շնորհիվ:



 



Իմ շատ սիրելի Փառանձեմ Մեյթիխանյանը (մենք ԵՊՀ բանասիրականի նույն կուրսից ենք), կարծում եմ, կընդունի տարածում գտած այն տեսակետը, որ կրթությունը խորհրդային տարիներին բիզնես չէր, իսկ այսօր բիզնես է՝ իր բոլոր ճյուղերով ու ենթաճյուղերով: Իսկ որեւէ բիզնես, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող կրթություն եւ կրթական համակարգ համարվել: Բիզնեսն ունի իր, իսկ կրթությունն իր օրենքները: Հետեւաբար, մինչեւ դրանք չտարանջատվեն, մենք կրթության մասին, որպես հոգեմտավոր ձեռքբերումի, խոսելու իրավունք չենք ունենա:



 



Մի պարզ օրինակ՝ բնությունից: Առյուծն իր կորյուններին սովորեցնում է որս անել: Ինչո՞ւ: Կասեք՝ դա բնական է, նա «մտածում է» իր սերնդի վաղվա «բարեկեցության», տեսակի պահպանության մասին եւ այլն: Իհարկե մտածում է, իհարկե առյուծը չի կարող յոլա գնալ առանց որսի: Բայց արդյոք մայր առյուծը երբեւէ «մտածո՞ւմ է» ձագերին որսորդություն սովորեցնել սեփական շահի համար: Բացառվում է, այդպես չէ՞:



 



Կրթությունը ծառայեցնելով սեփական շահերին՝ մենք սպանում ենք կրթությունը: Մենք այսօր երեխային պարտադրում ենք սովորել այս կամ այն բազմիմաստ բառի մինչեւ տասներորդական նշանակությունները, բայց ոչ թե հանուն նրա վաղվա օրվա, այլ որ կարողանանք այդ երեխային «երկու» նշանակել տվյալ բառի, ասենք, 7-րդ եւ 8-րդ իմաստները չիմանալու համար: Կարո՞ղ է արդյոք այսպիսի մոտեցումն ինչ-որ նույնիսկ հեռավոր աղերսներ ունենալ կրթություն ասվածի հետ:



 



Ինչի՞ համար են ձեր այդ տարատեսակ շտեմարաններն ու բառարանները, սիրելի Փառանձեմ: Կրթելո՞ւ: Մի ծիծաղեցրու ինձ, Փառանձեմ: Ինչո՞ւ ուրեմն շտեմարանը դպրոցական դասագիրք չէ, այլ մի «զուբրիլկա»՝ դպրոցի եւ բուհի արանքը ճխտված, առանց որի մեր երկրում հնարավոր չէ նույնիսկ պոլիտեխնիկ ընդունվել եւ կամրջաշինարար դառնալ: Ինչո՞ւ է այդ քարը նետվել մեր սերունդների ճանապարհին: Եվ, առհասարակ, ինչո՞ւ պետք է ես իմ համակուրսեցու մասին այսպիսի տողեր կարդամ մամուլում. ««Շտեմարանային» աժիոտաժն օրեցօր ավելի բուռն է դառնում: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետների մի ստվար խումբ խոտան է համարում Փառանձեմ Մեյթիխանյանի համահեղինակությամբ ստեղծված շտեմարանները»: Ես հիմա ո՞ր մեկին բացատրեմ, որ թեեւ Փառանձեմ Մեյթիխանյանը մեր կուրսի լավագույն ուսանողուհիներից էր, այնուամենայնիվ, չէր կարող ինքնուրույն նման բան մոգոնել, որովհետեւ ժամանակին, բոլորի նման, բանասիրական էր ընդունվել իր դպրոցական դասագրքերից, հայերենի ուսուցիչներից եւ արտադասարանական ընթերցանությունից ձեռք բերած ամենասովորական գիտելիքներով: Որ Փառանձեմ Մեյթիխանյանն էլ բանասիրականի ուսանող եղած ժամանակ է սովորել մեր հնագույն գրական լեզուն՝ գրաբարը, մեր լեզվի մոռացված ու մոռացվող բառերը, որ նա հետո է պեղել ու հասկացել, թե ինչու Չարենցի այս բանաստեղծության մեջ նույն բառը մի դեպքում այս, իսկ մյուս դեպքում այն իմաստն ունի: Հետեւաբար, հայրենակիցներ, խնդիրը Փառանձեմը չէ, այլ Փառանձեմի գրքի բարդության ու խճողվածության աստիճանը որոշողները:



 



Որտե՞ղ փնտրել «բոբոներին»: Իհարկե՝ ՀՀ կառավարությունում, իհարկե՝ ԿԳ նախարարությունում, իհարկե՝ ԳԹԿ-ում, իհարկե՝ բուհերի խորհուրդների ղեկավարների պաշտոններն իրենցով արած պետական այրերի, կրթությունը քաղաքական նպատակներին ենթարկողների մեջ: Մի քիչ էլ, իհարկե, այն գիտնականների, ովքեր, ինչպես հմուտ դերձակներ, կարում են վերեւների պատվիրած շտեմարանները եւ կրթական այս բիզնեսում իրենց հասույթն են հետապնդում:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ