Իշխանությունը դրել է իր վերջի սկիզբը

Իշխանությունը դրել է իր վերջի սկիզբը
2008 թվականի նախագահական ընտրությունները 2013-ի հետ, բնականաբար, չես համեմատի: Աժիոտաժ, բռնություն, սկանդալ, թեկնածուների կողմնակիցների միջեւ բախումներ, փոխադարձ վիրավորանքներ, թեկնածուների պիտակավորումներ, Ազատության հրապարակ եւ այլն: Տպավորություն էր, որ այդ ամբողջ թոհուբոհն ավարտվելու է շատ լուրջ փոփոխություններով:



 



«Հեղափոխությունն անխուսափելի է»,-համոզված էին Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիներն ու քաղաքական ուժերը, որոնք հույսեր էին կապում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կգա իշխանության: Բոլորը վստահ էին, որ հաղթանակը մոտ է: ՀԱԿ-ի առաջնորդների հանդեպ անվերապահ վստահություն կար, եւ ժողովուրդը նոր Հայաստանի հույսը տեսնում էր հենց նրանց քայլերի մեջ: Մարդիկ համոզված էին, որ իրենց քվեն իրավիճակ է փոխելու, եւ ամեն գնով պայքարում էին այդ քվեի համար: Ոգեւորությունը համատարած էր՝ ցանկացած մարզի ամենախուլ գյուղից մինչեւ Երեւան: Մարդիկ ամենատարբեր եղանակներով փորձում էին Երեւան հասնել, մասնակցել հանրահավաքներին, իսկ ոստիկանությունը, մյուս ուժային կառույցներն ամեն ձեւով փակում էին ավտոճանապարհները՝ թույլ չտալով մարզային բնակչության հոսքը դեպի մայրաքաղաք: Այդ ոգեւորությունն առավել ակնառու է 2008-ի մամուլում:  



 



Իսկ ի՞նչ է արձանագրում 2013-ի մամուլը: 10-15 հոգի, տարբեր բնագավառներից, առաջադրվեցին կամ ցանկություն հայտնեցին առաջադրվել որպես նախագահի թեկնածու՝ այդպիսով անլրջացնելով ընտրությունները: Քաղաքական քիչ թե շատ լուրջ ուժերը հրաժարվեցին մասնակցել ընտրությանը՝ խորհրդարանական ուժերից թեկնածու առաջադրեցին միայն ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը»: Մինչ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը բոլորը՝ լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, արձանագրում էին, որ այդպիսի տաղտկալի, միապաղաղ նախընտրական շրջան երբեւէ չի եղել: Թեկնածուի դեմ մահափորձը կարծես թե ինչ-որ չափով ակտիվացրեց քաղաքական դաշտը, սակայն դա էլ եղանակ չփոխեց: Այս նախագահական ընտրությունները ոգեւորություն չեն առաջացնում անգամ հասարակության շրջանում: Մեր անցկացրած փոքրիկ հարցախույզը եւս դրա մասին է վկայում: Հարցվածների մի մասը պնդում է, որ ընդհանրապես ընտրության չի գնալու, քանի որ լուրջ չի վերաբերվում դրան, մի մասն էլ պնդում է, որ կգնա, բայց անվավեր կդարձնի իր քվեաթերթիկը, որպեսզի իր ձայնը պարզապես չօգտագործեն: «Չեմ գնա ընտրության, մի հատ լուրջ թեկնածու չկա, ոչ մեկին էլ չեմ համակրում»,-ասաց մի մանկավարժ կին:



 



Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, սակայն, որեւէ արտառոց բան չի նկատում այս նախագահական ընտրությունների մեջ: 2008-ի եւ 2013-ի նախագահական ընտրությունների միջեւ ուղղակի զուգահեռներ անցկացնել դժվարանում է, սակայն արձանագրում է, որ ստեղծված իրավիճակն անսովոր է: «Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է լրիվ անսովոր իրավիճակ: Մինչեւ հիմա, 15 տարի, բավական սովորական վիճակ է եղել, երբ որ եղած-չեղած կուսակցությունները, քաղաքական գործիչները մասնակցում էին ընտրություններին եւ հայտարարում էին, որ եթե ընտրությունները չկեղծվեն, իրենց թեկնածուն անպայման կանցնի: Դրանից հետո ասում էին, որ ռեժիմը կեղծում է ընտրությունները, եւ ժողովրդին կոչ էին անում, որ եթե լինեն միասնական եւ թույլ չտան ընտրությունները կեղծվեն, ապա չեն կեղծվի: Ապա հայտարարում էին, որ ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունը:



 



Այս ալգորիթմը շատ սովորական է դարձել մարդկանց համար: Մարդիկ գիտեն, որ քաղաքական ուժերը կմտնեն ընտրապայքար եւ վերջում, արդարանալով, կգնան տուն,- կարծում է Մանվել Սարգսյանը եւ ավելացնում:- Բայց այս անգամ այդպես չեղավ: Պառլամենտական որոշ ուժեր նախապես հայտարարեցին, որ ընտրությունները կեղծվելու են, եւ չմտան ընտրական պրոցեսի մեջ: Բացի դրանից, այն քաղգործիչները, ովքեր նույնպես այդպես  հայտարարեցին, պայմաններ դրեցին իշխանությունների առաջ, որոնց բավարարման դեպքում նոր միայն ընտրությունները կհամարվեին օրինական: Մյուս մասը՝ 3 հայտնի թեկնածուները, շարունակեցին այն հին, ավանդական մոտեցումը, որ եթե ռեժիմը չկեղծի ընտրությունները, ապա իրենք կհաղթեն»: Սարգսյանի խոսքով, հենց այս երկու թեզերի բանավեճ է սկսվել հասարակության մեջ: Հավատալ թեկնածուներին, որ եթե ընտրությունները չկեղծվեն, ապա իրենք կհաղթեն, եւ հակառակը՝ ընդհանրապես չընդունել ընտրությունները որպես օրինական պրոցես: «Այս բանավեճն է, որում, չեմ կարծում, որ հասարակությունն առանձնապես կողմնորոշվում է: Չեմ կարծում նաեւ, որ հասարակությունն այդ ժամանակ (2008-ին) ավելի ռացիոնալ էր: Մարդու հետեւից էին գնում, եւ այդ մարդն ինքը հայտարարեց, որ չկան ընտրություններ, եւ հրաժարվեց առաջադրվել: 5 տարվա մեջ քաղաքական պրոցեսները տանող, վարող քաղաքական ուժը եկավ եզրակացության, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի կարող լինել»,-նկատեց քաղաքագետը:



 



Նրա բնորոշմամբ, ստեղծված իրավիճակը միայն վկայում է այն մասին, որ իշխող ռեժիմը ցինիկացել է եւ պատերազմ է հայտարարել հասարակությանը: Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը դրա վառ ապացույցն են, թե ինչքան ուզեն, այնքան էլ կխփեն: Ամենաանօրինական իշխանությունն անգամ իրավունք չունի նման բան թույլ տալ իրեն, եթե տալիս է, ապա դրանով դնում է իր վերջի սկիզբը: