Եկեք լսենք միմյանց

Եկեք լսենք միմյանց
Ազատության հրապարակը կրկին դարձել է հավաքատեղի՝ մարդիկ այցելում են Րաֆֆի Հովհաննիսյանին, իրենց զորակցությունն են հայտնում, հորդորում են դուրս գալ հացադուլից, առաջարկներ են անում, թե ինչպես շարունակել պայքարը:



 



Երեկ վաղ առավոտյան հրապարակ է այցելել ոստիկանապետ Վովա Գասպարյանը, հետո՝ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը: Ավելի ուշ նրա կողքին էին Լիլիթ Գալստյանը, Նիկոլ Փաշինյանը, Արկադի Վարդանյանը, Ավետիք Իշխանյանը: Երեկոյան հրապարակում էր Խաչատուր Սուքիասյանը: Երիտասարդ ակտիվիստները նստացույց էին անում, տատիկ-պապիկները՝ վաշ-վիշ: Մարդիկ նվերներ էին բերում, գրքեր, թերթեր: Ամեն մեկն ուզում էր ինչ-որ բանով աջակցել հացադուլի մեջ գտնվող գործչին: Պրովոկատորներ էլ են պատահում, որոնք այստեղ տիրող կարեկցանքի ու մարդկայնության մթնոլորտը պղտորելու են գալիս: Նորմալ է: Այդպես էլ պետք է լիներ:



 



Ի վերջո՝ հասարակությունը միատարր չէ: Եվ իշխանությունն ու Սերժ Սարգսյանն էլ իրենց համախոհներն ու նվիրյալներն ունեն: Առողջ հասարակության գաղտնիքը հենց դրանում է, որ միանգամայն տարբեր հայացքներ ունեցող մարդիկ կարողանում են կողք-կողքի խաղաղ գոյատեւել եւ հանդուրժել միմյանց գոյությունը: Ավելին՝ փորձում են մտնել դիմացինի դրության մեջ, նրա աչքերով նայել դեպքերին ու իրավիճակին: Չարության, ատելության, մերժելու ու ոչնչացնելու կիրքն անկիրթ ու վայրենի հասարակություններին է բնորոշ: Հիմա եկեք ենթադրենք, որ մենք այնքան ենք հասունացել, որ պատրաստ ենք լսելու մեր հակառակորդներին, թշնամիներին: Պատրաստ ենք ընդառաջել նրանց պահանջներին: Այս պարագայում հարց է ծագում՝ ի՞նչ զիջումների է պատրաստ ընդդիմությունը, եւ ի՞նչ է պատրաստ զիջել իշխանությունը, որ այս առճակատումն իր տեղը զիջի խաղաղ գոյակցությանը: