Շարք` «թանգարանները քաղաքում»

Շարք` «թանգարանները քաղաքում»


Դեռ ցանկությունն ու նախասիրությունը մի կողմ դրած, ով ապրելու է Երեւան քաղաքում, ինչքան էլ որ տեւի Երեւանը, այս կամ այն շենքի կողքով անցնելիս լսելու է նրա հիմնադրի ձայնը: Մեկն անպայման Թամանյանի անունը կտա:




 



Մեկը՝ ափսոսանքով, որ նա այլեւս իր գծած քաղաքում անելիք չունի, դուրս է մղված քաղաքաշինության ներկա պարագծից, դարձել է պատմական պասիվ դեմք: Արդյոք իրավունք ունե՞նք մենք` քաղաքի բնակիչներս, ծանոթ լինելու Ալեքսանդր Թամանյանին միայն անվան մակարդակով, որն ավելի ու ավելի է հեռացնում մեզնից նրա մասշտաբների ընկալումը` թողնելով մասնագետների նեղ շրջանակի հայեցողությանը: Իսկ մասնագետները միշտ էլ կասկած են հարուցում:



 



Ապրել տան մեջ ու չիմանալ տունը նախագծողի՝ տան մասին պատկերացումները: Եվ քաղաքի պատմության մեջ դաջված հիշողությունը ժամանակակից մարդուն երես առ երես փոխանցելու վերջին ճիգը թանգարաններն են, որտեղ կարելի է ավարտին հասցնել մինչ այդ եղած աբստրակտ հորինվածքը: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը գտնվում է կառավարության շենք 3 հասցեում, մուտքը՝ Հանրապետության փողոցից:



 



Ցուցասրահների լռության եւ Թամանյանի կարծր դիմագծերի ներքո պատկերվում է Երեւան քաղաքի հատակագիծը, այնուհետեւ ճարտարապետի ռուսական շրջանը` առաջին անգամ նրան հռչակ բերած Ս. Պետերբուրգի Սբ. Եկատերինայի եկեղեցու վերանորոգման նախագիծը եւ իրականացումը, եկեղեցու թուջե դռան ցանցաճաղի էսքիզը: Թամանյանի ռուսական շրջանի աշխատանքների անունները՝ իր գծագրերի նման, ասես արվեստի գլուխգործոցներ լինեն: Հյութեղ, ազնվական: Արքունական արարողապետ Վ. Պ. Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոե սելոյում (այժմ` ք. Պուշկին), իշխան Ս. Շչերբատովի տան նախագիծը եւ կառուցումը Մոսկվայում, իշխանի եւ Թամանյանի հայտնի ծաղրանկարը: Մեծն իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնայի նախաձեռնությամբ Հռոմում կառուցվելիք ուղղափառ տաճարի նախագիծը, կոմսուհի ԵգՎգ Շուվալովայի տան դահլիճի վերակառուցումը, նախասրահի մարմարյա հատակի եւ դահլիճի հավաքովի բեմի նախագծերը, Ս. Պետերբուրգում հայկական եկեղեցու հարեւանությամբ գտնվող «Cafռ de Frans»-ի ներսույթների նախագծումն ու իրականացումը (ճարտարապետ Վ. Շչուկոյի եւ նկարիչ Ե. Լանսերեի համահեղինակությամբ), կոմսուհի Մուսինա-Պուշկինայի պատվերով Յարոսլավլի նահանգում գտնվող նրա տոհմական Բորիսոգլեբ կալվածքում առանձնատան եւ դրա տնտեսական կառույցների նախագծեր եւ դրանց իրականացում:



 



Եվ այսպես շարունակ, մինչեւ 1919 թվական, առաջին ժամանումը Երեւան, ապա՝ Թավրիզ եւ 1923 թվականին վերադարձ արդեն խորհրդայնացված քաղաք, որի տները հում աղյուսից շաղախված հյուղակներ են, մի քանի շենքեր` պատրաստված ռուսական «կազիոննի» ոճով, նեղլիկ, իրար գլխի թափված փողոց-գալարներով, առանց կոյուղու, առանց լուսավորության, շեղջի, փսխուքի ու մեզի վտակների մեջ խեղդվող մի բնակելի տարածություն, եւ 15 տարի հետո Թամանյանի գիտելիքն ու եռանդը, նրա դասական գեղատախտակը վեր հանեց մոնումենտալ մի քաղաք` իր օրգանական կառուցվածքով, հյուսվածքաշերտերով, հաղորդակցության երակներով, ի վերջո՝ ճարտարապետական դիմագծով: Երեւան քաղաքի վերածնության, քաղաքային կյանքի սկզբնադրման այս ժամանակագրությունը պատկերվում է թանգարանում ցուցադրվող Թամանյանի յուրաքանչյուր էսքիզի, ճեպանկարի, գծագրի, անձնական լուսանկարների հավաքածուի, արժեքավոր նմուշների, փաստաթղթերի, նամակների միջով: Երեւանում մի ժամանակ էր, երբ մարդիկ ականատես էին լինում ճարտարապետական գյուտերի, որոնք բարեկեցություն ու ոճ էին հաղորդում նրանց տաղտուկ կյանքին: Թամանյանի մասին Ադվարդ Կանայանի հուշերում` կապված Հրազդանի ձորում ճարտարապետի նախագծով կառուցված հիդրոէլեկտրակայանի շենքը գործածելու հետ, այսպիսի մի դրվագ կա.



 



«1926 թվականի մայիսի 16-ն էր, իրիկնապահ. Երեւանը սպասողական ժամեր էր ապրում. նա սպասում էր մութն ընկնելուն, որպեսզի տեսներ իր փողոցների լուսավորումը հիդրոշենից եկող առաջին հոսանքի զորությամբ: Մի տեսակ տոնական տրամադրություն էր տիրում ամբողջ քաղաքում… եւ ով հիշում է այն ժամանակվա Երեւանի գիշերների պատմական խավարը, նրանց համար մեծ տոն էր այդ խավարի վերացումը… Ամբողջ քաղաքը լցվել էր Աբովյան փողոցը, որը ողողված էր պայծառ լույսերով. քաղաքը տոնում էր Լույսի հաղթանակը»:



 



Թամանյանն աշխատում էր անխնա, փոխում մարդկային կեցության որակը: Կոնստրուկտիվիստները քննադատում էին նրան: Նա աշխատում էր, ստեղծում Կառավարական շենքը, Օպերայի եւ բալետի թատրոնը, Աստղադիտարանը եւ մնացածը: Նա կորցնում էր տեսողությունը. աշխատում էր, կորցնում էր դուստրերին. աշխատում էր: Առաջին փուլում ասկետիզմը ենթադրում է կորուստներ, որից հետո սկսվում է պայծառատեսությունը: Ալեքսանդր Թամանյանը կորուստների հեղինակ է: Նա հեղինակն է Երեւան քաղաքի: Սա «ձեռքբերում» չէ, աշխատանք է` քաղաքակրթության սահմանում:



 



ՀԳ - Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը, բացի երկուշաբթի, երեքշաբթի օրերից, գործում է ամեն օր, ժամը 11:00-18:00-ն: