Բարդ ժամանակներ են

Բարդ ժամանակներ են
Չգիտեմ՝ արդյո՞ք բավարարվածության զգացում ունի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագրի հետ կապված ԱԺ քննարկումներից: Իսկ նախարարնե՞րը. թեթեւացած շո՞ւնչ քաշեցին, թե որոշ ժամանակով ազատվեցինք քննություն տվող աշակերտի նման չիմացածի համար կարմրելուց եւ սեփական համոզմունքներից չբխող հայտարարություններ անելուց:



 



Արդյո՞ք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ վերջին քառօրյան հաջող է անցել, եւ ինքն ու իր «հոտը» կատարել են մինիմում ծրագիրը: Իսկ երկրի նախագա՞հը. գո՞հ է իր կուսակիցներից ու ձեւավորած խորհրդարանից: Կարծո՞ւմ է, որ սրանք բռնեցին «քննությունը»՝ ընդդիմությանը մատ արեցին ու առաջիկա 5 տարիների համար իրենց դիրքերն ամրապնդեցին: Հետաքրքիր է: Բայց այս պահին ավելի շատ հետաքրքիր է, թե ինչ է մտածում այս ամենի մասին շարքային քաղաքացին: Ի՞նչ է զգում ԱԺ պատգամավորների ելույթներն ու փոխադարձ խայթոցները լսելիս: Արդյո՞ք էկրանի առաջ նստած՝ յոթհարկանի հայհոյանքներ է տալիս իր «ընտրյալներին», թե՞ ծիծաղից ուշաթափվում է, ինչպես երեկ ԱԺ այցի գնացած եւ նիստի ամենաթեժ մասին ականատես եղած աշակերտները:



 



Այդ նույն քաղաքացին ինչպե՞ս է վերաբերվում կառավարության ծրագրին եւ դրա քվեարկության արդյունքներին: Իսկ գազի գնի 156 դրամ դառնալը նրան վախեցնո՞ւմ է, թե՞ համարում է, որ «էժան պրծանք»: Գուցե էլի՞ մի հարյուր ընտանիք այս օրերին սկսեց հետաքրքրվել արտերկրում ապրելու պայմաններով ու ինքնաթիռ-ավտոբուսների տոմսերի գներով: Իսկ արմավիրցի գյուղացիները բավարարվա՞ծ են վարչապետի, ԿԲ նախագահի տված խոստումներից, թե՞ կարծում են, որ կանցնի ժամանակ, եւ իրենց «կքցեն»: Վերջապես՝ ինչպե՞ս է զոհված տղայի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, վերագտե՞լ է հոգու խաղաղությունը: Աղոթենք, որ այդպես լինի: