Նենգ ու ողորմելի

Նենգ ու ողորմելի
Անչափ տհաճ է տեսնել, թե ինչպես են նախկին զինակիցները բամբասում ու վայրահաչում միմյանց հասցեին: Ինչպես են ոհմակային կանոններով առաջնորդվելով՝ հարձակվում երամից առանձնացած տեսակի վրա: Երամից զատվելը համարում են անպատվություն իրենց հասցեին, անարգանք, դավաճանություն, որի դեմ պայքարելու համար ոչ մի միջոց մերժելի չէ:



 



Ոչ միասին կտրած հացը, ոչ անցած ճանապարհը, ոչ անքուն գիշերներն ու բանտային տառապանքները հետ չեն պահում նրանց: Ինչ եղել է՝ ջնջվել է, չկա, նախկին զինակիցը ներկա հակառակորդից վատն է ու ատելի: Երեկվանից կրկին գրոհ է սկսվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Առիթը, հավանաբար, նրա վերջին հարցազրույցն է, որտեղ նա, ինչպես միշտ, շիտակ ու առանց սեթեւեթանքի իր տեսակետն է շարադրել, անկեղծորեն պատասխանելով լրագրողի հարցերին: Դժվար է ասել, թե ինչն է հատկապես զայրացրել նրան վատաբանողներին: Գուցե 2018-ին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու հավանական հեռանկա՞րը, որը Նիկոլը չժխտեց: Գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությանն» անդրադարձը եւ ՀԱԿ-ի հետ տարակարծությունների մասին ուղիղ խո՞սքը:



 



Կոնկրետ կենտրոնից ստացված հրահանգով «Ֆեյսբուքն» ու որոշ կայքեր անմիջապես չփաստարկված ու անհեթեթ, անճաշակ ու անհասցե հայհոյանքներով լցվեցին Նիկոլի նկատմամբ: Նա, անշուշտ, ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի: Եվ իր անցած ճանապարհին ոչ քիչ դժվարություններ է տեսել ու դեռ շատ է տեսնելու: Բայց կեղծանունների տակ թաքնված, կեղծ պրոֆիլներով իբր պայքարող այս բազմությունն արժե, որ հասկանար երկու բան՝ մեր հասարակությունն անհատականությունների պակաս ունի, եւ Նիկոլ Փաշինյանն անհատականություն է: Ստոր ու նենգ մեթոդներով պայքարը, հայհոյանքները անհատականություններին չեն վնասում՝ նրանք դրանից ուժեղանում են: