Շվեյցարիան՝ քեզ օրինակ

Շվեյցարիան՝ քեզ օրինակ
Երբ երկրում տեղի ունեցող իրադարձություններին նայում ես միջին վիճակագրական հայաստանցու աչքերով, հնարավոր չէ չզարմանալ մեր իշխանությունների խաղաղ, անվրդով, անդարդ ընթացքի վրա:



 



Ինչո՞վ են զբաղված բազում օրհասական մարտահրավերների առաջ կանգնած երկրի նախագահն ու վարչապետը: Հարսանիքներ, գերատեսչական տոներ, դեսպանների ընդունելություն, այցելություններ քիչ թե շատ կայացած ընկերություններ, արտասահմանյան ուղեւորություններ: Ես չգիտեմ դուք ինչպես, բայց ինձ զարմացնում է երկրի նախագահի՝ հարսանիքի քավոր կանգնելու փաստը, անգամ եթե ամուսնացողը տաղանդավոր շախմատիստ է: Ինձ զարմացնում է նաեւ դատախազության չգիտեմքանիամյակին նվիրված շքեղ տոնակատարությունը, որտեղ փեսացուի նման սպիտակ հագած դատախազը դատախազության հուշամեդալ է հանձնում երկրի վարչապետին: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ են ուզում ցուցադրել օդանավակայանում կազմակերպած շքերթով: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ մի քանի օր է՝ դաժան քննադատության են ենթարկում Բաքվի նմանատիպ ցուցադրությունը:



 



Չեմ հասկանում նաեւ, թե ինչու է մարդու իրավունքների պաշտպանը Փակ շուկային նվիրված քննարկում կազմակերպում. մեր երկրում ոստնահարված իրավունքներով մարդիկ այլեւս չկան, հերթը հասել է շուկայի իրավունքների պաշտպանությա՞նը: Կամ՝ ինչու է Հանրային խորհուրդը քննարկում կաշվե իրերի, անասնապահության եւ «Արարատ 73»-ին նվիրված հուշարձանախումբ կերտելու հարցը: Ավելի կարեւոր հանրային հարցեր չկա՞ն: Երբ այս բոլոր քննարկումներն ու տոնախմբությունները դնում ես մի հարթության վրա, տպավորություն է ստեղծվում, թե մենք Հայաստանում չենք ապրում, այլ եվրոպական բարեկեցիկ երկրում, որտեղ ուտել-խմելուց-հարսանիք անելուց ու ոչ շատ պրոբլեմային հարցեր քննարկելուց բացի այլ անելիք չկա: