Ոչ թե «մի խումբ», այլ 350 մտավորական

Ոչ թե «մի խումբ», այլ 350 մտավորական

Օրերս Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը նիստ էր հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը:



Գանձասարի 2011թ. գարնանից սկսված երեսպատումը մի քանի անգամ արդեն դադարեցվել եւ վերսկսվել է, երեսպատման երկրորդ փուլն իրականացվեց 2012թ. ձմռանը, իսկ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին վանքային համալիրի սալիկապատումը դադարեցվեց: Բայց ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը կանխատեսում է, որ ինչպես նախորդ անգամներ, այնպես էլ այս անգամ կարող է անսպասելիորեն սալիկապատման 3-րդ փուլն սկսվի: Ասրյանը սալիկապատումը բնորոշում է հայկական մշակույթի հերթական ոչնչացում, որը, սակայն, իրականացվում է ոչ թուրքերի կողմից. «Մեր մշակույթի հանդեպ վերաբերմունքը Գանձասարի օրինակով նույնիսկ ստիպում է ամաչել Արեւմտյան Հայաստանում գտնվող որեւէ մշակութային հուշարձանի հարցը բարձրացնելուց»: 



Ժասմեն Ասրյանը նշեց, որ, ի ուրախություն իրենց, Արցախի կառավարության եւ Հայաստանի մշակույթի նախարարության դիրքորոշումը բացասական է, ովքեր կտրուկ դեմ են երեսպատմանը, որպես ապացույց ընթերցելով հարցում ուղարկած նամակների պատասխանները: Վերջինս նշեց, որ Արցախի կառավարության կողմից ստեղծվել է հանձնաժողով, որոնք դարձյալ կտրկանապես դեմ են սալիկապատմանը եւ իրականացվող աշխատանքներն ապօրինի են համարում: Բայց Գանձասարի սալիկապատման շուրջ Արցախում կարծիքները կիսվել են, մասնավորապես ԼՂՀ Զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը, պատասխանելով մտավորականների նամակին, նշել է, որ այդ երեսպատման աշխատանքները պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը չի կարող ազդեցություն ունենալ վերականգնողական աշխատանքների արդյունքների վրա, եւ որի ընթացքում բոլոր թերությունները կվերացվեն, սակայն «կատարվում է պարսպի քանդում, թուլացնում են պարիսպը, խորշեր առաջացնելով այդ պարսպի մեջ, այսինքն` դա անում են ու համ էլ ասում, որ ժամանակավոր բնույթ է կրում: Ինչպե՞ս դա կարող է չազդել ընդհանուր տեսքի վրա, եթե արդեն խարխլում է պարսպի հիմքերը»,- ասում է Ասրյանը: Հետաքրքիր է, որ նույն զբոսաշրջության վարչությունը 2011 թ. դեմ էր սալիկապատմանը եւ որոշում էր կայացրել դադարեցնել Գանձասարի վանքում իրականացվող պարսպապատման աշխատանքները:



Այն դիտարկմանը, թե որն է պատճառը, երբ Արցախի կառավարությունը, մշակույթի նախարարությունը դեմ են, ստեղծված հանձնաժողովն էլ է դեմ կառուցապատմանը, բայց, միեւնույն է, Գանձասարի սալիկապատումը շարունակվում է, եւ արդյո՞ք դա նշանակում է, որ Լեւոն Հայրապետյանի կողմից ճնշում կա, ինչի պատճառով չի դադարեցվում սալիկապատումը, Ժասմեն Ասրյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում, եւ ինքը ճնշում գործադրում է, թե ոչ, միայն կարող եմ ասել, որ դա այն մարդկանց գործն է, որոնք կարող են արգելել երեսպատումն իրականացնողին կամ թույլատրել, որ շարունակի: Բայց բոլորս էլ կարող ենք ենթադրել, թե այդ ինչ հանգամանք է, որ շահագրգռում է ղեկավար կոչված որոշ պաշտոնյաների, որպեսզի նրանք թույլատրեն մեր մշակութային օջախների նմանատիպ ոչնչացումը»: 



Վարչության պատասխան նամակը վիրավորել է նաեւ այն 350 մտավորականներին, ովքեր ամիսներ առաջ դիմել էին ՀՀ, ԼՂՀ նախագահներին` միջոցներ ձեռք առնելու եւ դադարեցնելու Գանձասարի սալիկապատումը, վարչության պետը 350 մտավորականներին տվել է «մի խումբ» մտավորականներ բնութագրումը, որը վիրավորել է 350-ին էլ, վերջիններս այդ հարցով դիմել են հանրային ենթահանձնաժողով: «Մտավորականությունը սա համարում է որպես ծաղր հայ մտավորականության նկատմամբ»,-ասաց Ասրյանը` նշելով, որ ենթահանձնաժողովը որոշում է կայացրել անհապաղ ապամոնտաժել Գանձասարի երեսպատված մասի սալիկները, անգամ պատրաստ են մասնակցել ապամոնտաժման աշխատանքներին` համապատասխան բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ: Իսկ իրենց որոշումն ուղարկելու են նորից ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:  



Սոնա ԱԴԱՄՅԱՆ