Տուն-թանգարանների բիզնես. Սերո Խանզադյանի որդին` դարի խարդախ

Տուն-թանգարանների բիզնես. Սերո Խանզադյանի որդին` դարի խարդախ

Արձակագիր Սերո Խանզադյանի որդու` Արշակ Խանզադյանի եւ Ժորա Խաչատրյանի միջեւ 13 տարի առաջ ծագած դատական վեճը դեռեւս հանգուցալուծում չի ստացել: Տարիներ առաջ Արշակ Խանզադյանն ու իր կինը Խաչատրյանից, «ինչ-որ արհավիրքից փրկվելու նպատակով», պարտքով վերցնում են վերջինիս բնակարանի գումարը եւ պարտավորվում մի քանի ամիս անց վերադարձնել: Բայց երբ գումարն ուշանում է, Խաչատրյանը, տեսնելով, թե Արշակն ինչ «խարդախ գործերի մեջ է», ընդամենը 10 հազար ԱՄՆ դոլարի պարտավորագիր է վերցնում: Նա հոժարաբար, նոտարով հաստատված կարգով, տալիս է պարտավորագիրը, բայց գումարը մինչ օրս Խաչատրյանը չի կարողանում հետ ստանալ: Վերջինս դեռեւս 2001 թվականին դիմել է դատարան, դատարանը հօգուտ Խաչատրյանի վճիռ է կայացրել եւ ԴԱՀԿ-ին հանձնարարել հօգուտ Խաչատրյանի բռնագանձել 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար կամ գույք: Դատարանի վճռից հետո, սակայն, գործի է անցնում Արշակ Խանզադյանի կինը` Ռուզաննա Խանզադյանը` ամուսնու հետ միասին փորձելով ցույց տալ, որ իրենք սեփական գույք չունեն:



Մինչ այդ, մեկ այլ մութ գործի համար, Արշակն արդեն իսկ «Կրեդիտ-Երեւան» բանկում 30 հազար դոլարի դիմաց գրավադրած է լինում Նորքում գտնվող հայրական տունը, ապա այն բանկի կողմից բռնագանձելուց փրկելու եւ Խաչատրյանին չհանձնելու համար ինչ-որ ձեւով կարողանում է կառավարությունից հատուկ որոշում կորզել, որով կառավարությունը պահուստային ֆոնդից 10.5 միլիոն դրամ է հատկացնում Նորք-Մարաշ համայնքին, որպեսզի համայնքը ձեռք բերի բանկում գրավադրված Խանզադյանների բնակարանը եւ, որպես համայնքային սեփականություն, դարձնի տուն-թանգարան: Սակայն տունն այդպես էլ ոչ թանգարան է դառնում, ոչ էլ համայնքային սեփականություն: Խաչատրյանի փաստաբանի կողմից արված հարցմանը hամայնքապետարանից պատասխանել են, որ համայնքին գումար չի հատկացվել: Այդ գումարը փոխանցվել է «Կրեդիտ-Երեւան» բանկին` Խանզադյանի` բանկին ունեցած պարտքը մարելու համար: Համայնքապետարանից պատասխանել են նաեւ, որ նշված տունը թաղապետարանի հաշվեկշռում գրանցված չէ: Ստացվում է, որ տունը, այնուամենայնիվ, Խանզադյանին է պատկանում: Այն համայնքային սեփականություն չէ: Բանկն ընդամենը փակել է Արշակի պարտքը: Խաչատրյանը, սակայն, պնդում է, որ կառավարության այդ որոշումը հիմնազուրկ է: «Կառավարության այդ որոշումը հիմքեր չուներ: Խարդախ ճանապարհով ստեղծված առոչինչ որոշման հիման վրա յուրացվել, փոշիացվել է պահուստային ֆոնդից 10.5 միլիոն դրամ: Հենց այնպես չէր կարող կառավարությունը որոշում կայացնել` տրամադրել այդ գումարը: Հետո էլ հարց է առաջանում, թե կառավարությունն այդ ինչպես 10.5 միլիոն դրամով (17-18 հազար ԱՄՆ դոլարով) փակեց 30 հազար դոլար պարտքը` գումարած տոկոսները: Կառավարությունը, գողանալով ժողովրդի փողը, ծածկել է այդ Արշակի խուլիգանությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:



Ինչեւէ, 2012 թվականին Խաչատրյանը կրկին դիմում է դատարան, եւ դատավոր Էդիկ Ավետիսյանը, կրկին հօգուտ Խաչատրյանի, վճիռ է կայացնում: Արշակ Խանզադյանին ճանաչում է Սերո Խանզադյանի գույքի ժառանգորդ: Սակայն Արշակ Խանզադյանն այս անգամ էլ է գտնում մանեւրելու տարբերակ: ԱՄՆ-ից իր կնոջ եւ քենու` Սոնա Տիգրանյանի միջոցով ներազդելով դատական ատյանների վրա` կարողանում է ժամանակ շահել եւ գործն ուղարկել նոր քննության: Վերաքննիչ դատարանը բողոքարկման հիման վրա երրորդ կողմ է ճանաչում նաեւ Երեւանի քաղաքապետարանին եւ գործն ուղարկում առաջին ատյանի դատարան` մասնակի քննության: Այդ գործն այժմ քննվում է դատավոր Գայանե Կարախանյանի վարույթում: Ժորա Խաչատրյանի խոսքով, այս խնդրի հետ կապված` քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Արսեն Առաքելյանը, լինելով Նորքի բնակիչ եւ Արշակի մտերիմ ընկերը, քաղաքապետին ճիշտ չի զեկուցում, ճիշտ չի ներկայացնում իրավիճակը, թե պահուստային ֆոնդից փոշիացված 10.5 միլիոն դրամն իրականում ինչ նպատակով է օգտագործվել: Եվ հետո, Խաչատրյանի խոսքով, մի գրողը քանի՞ տուն-թանգարան կարող է ունենալ: Սերո Խանզադյանի տուն-թանգարանը գտնվում է Գորիսում, եւ երկրորդի կարիքը բնավ չկա: Իսկ Արշակն ուզում է Նորքի բնակարանն էլ տուն-թանգարան դարձնել միայն այն նպատակով, որ խուսափի իր պարտատերերի օրինական պահանջից եւ «փրկի» Նորքի 34 Ա տունը ԴԱՀԿ-ի բռնագանձումից:



Խաչատրյանը մի քանի անգամ խոսել է Արշակի հետ, հորդորել, հաշվի առնելով նախկին մտերմությունը, ընկերությունը, վերադարձնել գումարը, սակայն նա շարունակում է անընդմեջ խաբել: Վերջերս էլ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, թե լավ է արել` «քցել» է, թող գնա, որտեղ ուզում է` բողոքի: «Այստեղ հիմա արդեն պատվի հարց է: Ես փրկել եմ նրա ընտանիքն արհավիրքից, իսկ հիմա նա այդպե՞ս պատասխանի ինձ: Նա դարի խարդախն է, որը կարողանում է շուրջ 13 տարի մոլորության մեջ գցել ամբողջ իրավական համակարգին` օգտագործելով հոր անցյալի քիչ թե շատ հեղինակությունը: Անհիմն ձեւով շահարկելով տարբեր անձանց անուններ` փորձում է առաջ տանել իր սուտը»: Խաչատրյանը հույս ունի, որ դատավոր Գայանե Կարախանյանը եւս արդարադատ կգտնվի, եւ այդ չարչրկված թեման 13 տարի անց վերջապես կփակվի: 



 



ՀԳ - Արշակ Խանզադյանի հետ խոսելու բոլոր փորձերը դատապարտվեցին անհաջողության: Նա որեւէ հեռախոսի այդպես էլ չպատասխանեց:



 



Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ