Կրծքով, զենքով ու ոստիկանով

Կրծքով, զենքով  ու ոստիկանով

Մեր որոշ պետական հիմնարկներ, որոնք, թվում է, պետք է ծառայեին ժողովրդին, վերածվել են անառիկ բերդերի, եւ դրանց մատույցներում ոստիկանական կուռ ջոկատներ են կանգնած: ՀՀ նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Երեւանի քաղաքապետարանը ժողովրդից սկսել են պաշտպանվել զենքով ու զորքով: Նախագահականի մոտ ակցիա անող երիտասարդներին, ովքեր բողոքում են Մաքսային միություն մտնելու որոշման դեմ, արդեն երկրորդ անգամ թույլ չեն տալիս մայթն անցնել. նրանք իրենց բողոքն արտահայտում են մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կանգառի մոտից: Իսկ անառիկ ամրոցի վերածված քաղաքապետարանի մուտքն արդեն մի քանի ամիս է` նստացույց անողներից պաշտպանվելու պատրվակի տակ չի ազատվում ոստիկանական ներկայությունից: Երեկ էլ ոստիկանական ջոկատն այստեղ էր հայտնվել Երեւանի ավագանու նիստի առիթով: Դեռ մուտքի աստիճանների մոտ քաղաքապետարանի լրատվության վարչության պետը դավթարով ստուգել է հավատարմագրված լրագրողների անուններն ու միայն դրանից հետո ներս թողել: Հետո «պահակազորը» տեղափոխվել է նիստերի դահլիճ. լրատվականի պետն ու աշխատակիցը կրծքով փակել են դեպի Տարոն Մարգարյան տանող բոլոր ճանապարհները եւ ոչ մի լրագրողի թույլ չեն տվել, որ մոտենա նրան: Երբ մեր լրագրողը հաջողացրել է պատը ճեղքել ու մոտենալ, պետը խուճապահար վազել է, ետեւից բռնել ու տարել հակառակ ուղղությամբ: Երբ այս խայտառակությանն ամբիոնի մոտից լուռ հետեւող Տարոն Մարգարյանին լրագրողը հեռվից դիմել է՝ ինչի՞ց եք վախենում ու պաշտպանվում, փոխանակ մոտենաք ու պատասխանեք լրագրողների հարցերին, նա չի արձագանքել, այլ անհաղորդ ու վախվորած  հայացքով նայել է նրան: Նիստից հետո նույնպես «թիկնապահները» շարունակել են նրան պաշտպանել, իսկ քաղաքապետի դռան մոտ էլ, դե, մշտապես հսկող մի ոստիկան կա:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ