Անպատասխան հարցեր

Անպատասխան հարցեր

Մի քանի օր է` հայ հանրությունն ուշքի չի գալիս. Լիսկայի տղային ու թիկնապահին ազատ արձակելը բարոյականության ու տրամաբանության ոչ մի շրջանակում չի տեղավորվում, եւ անգամ իշխանության մեջ գտնվողները տարակուսած են, զայրացած ու զարմացած: Ինչ անուն տաս մի բանի, որի անունը ցինիզմ է, անամոթություն, անարդարության գագաթնակետ, սրբապղծություն օրենքի ու արդարադատության հանդեպ: Եվ ինչ կա ավելի անարդար այն բանից, երբ խոտի դեզ այրողն ու 100 հազար դրամ գողացողը բանտում են, իսկ մարդու կյանքը խլած ապիկարները` դրսում: Երբ ամեն ինչ արվում է, որ յուրային «սրիկան» չպատժվի՝ ի տես բոլոր նրանց, ովքեր իշխանության մեջ չեն ու իշխանության տակ չեն: Բայց, ի վերջո, ի՞նչն է դրդել Սերժ Սարգսյանին այսքան ներողամիտ լինել Լիսկայի հանդեպ, չէ՞ որ այլ օրինակներ էլ կան՝ Հովիկ Թամամյան, Մարգար Օհանյան, որոնք տասնյակ խնդրագրեր են հղել նրան, իրենց պատժաչափի կեսից ավելին կրել են եւ փոխհատուցել պետությանը պատճառված վնասը, որը բոլորովին էլ մարդկային կյանքին համարժեք չէր, բայց ներման չեն արժանանում: Այդ ինչ ծառայությունների դիմաց է Սուրիկ Խաչատրյանն արժանանում նման պատվի, որ, թքելով մի ողջ հանրության դեմքին, հանցագործներին ազատ են արձակում՝ հաշվի չառնելով ոչ արարքի ծանրությունը, ոչ թմրամիջոցների օգտագործման պահը, ոչ ապօրինի զենքի առկայությունը, ոչ նախկինում տարբեր հանցանքներ կատարած լինելու փաստը: Այդ ինչ շտապողականություն է ստիպում նախաքննությունն իրականացնող մարմնին 2-3 ամսում ավարտել մի գործի քննություն, որը սովորական պայմաններում կքննեին առնվազն մեկ տարի: Այդ ինչպես է պատահում, որ կիրառվում է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված սպանության հոդվածը, որը Հայաստանում երբեւէ չի կիրառվել: