Սեպտեմբերի 19-ը վճռորոշ է Սափեյանի համար

Սեպտեմբերի 19-ը վճռորոշ է Սափեյանի համար

Արագածոտնի մարզի Երեւան-Գյումրի ճանապարհին, Կաթնաղբյուր համայնքի տարածքում գործող գազալցակայանը` ԱԳԼՃԿ-ն (ավտոգազալցաճնշակային կայան) պատկանում է «Սափեյան եղբայրներ» ընկերությանը: Թերեւս այս եղբայրների ընդդիմադիր հայացքներն են պատճառը, որ նրանք հիմա էլ գազալցակայանի հետ կապված խնդիրներ ունեն: Հիշեցնենք, որ նրանք պարբերաբար հայտնվում են բանտում, քրեական հետապնդման են ենթարկվում, մասնավորապես՝ հետապնդվում էին Մարտի 1-ից հետո: Հիմա, փաստորեն, հերթը հասել է նրանց բիզնեսը խլելուն:



«Մենք աշխատում ենք գազալցակայաններին համապատասխան բոլոր չափորոշիչներով, ոչ մի խնդրի առջեւ չենք կանգնել»,- ասում է «Սափեյան եղբայրներ» ընկերության տնօրեն, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը: Իսկ «ՀաՌուսգազարդի» կողմից գազահաշվիչները մշտապես հսկողության տակ են գտնվում, եւ այդպիսի ստուգումներից մեկի ժամանակ էլ գազահաշվիչը հանել են, ակտ կազմել, որտեղ նշվել է կապարակնիքների վնասված չլինելու փաստը, սակայն գազահաշվիչն ստուգելու ժամանակ պարզվել է, որ հետին հոսքաուղղիչը ձգող չորս պտուտակներից մեկը թույլ է ձգված եղել: «Ես չէի կարող առանց կապարակնիքները խախտելու թուլացնել պտուտակը, իսկ իրենք ասում են, որ միջամտություն է տեղի ունեցել»,-ասում է Ժորա Սափեյանը:  Եվ չնայած Չափագրության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Սուրեն Վարդանյանը եկել է այն եզրակացության, որ այդ պայմաններում, եթե նույնիսկ դրված չլիներ 4-րդ պտուտակը, այն չէր կարող գազի հաշվարկի ստուգաչափության վրա որեւէ ազդեցություն ունենալ, այնուամենայնիվ պահանջել են, որ 72.887 խմ  ծավալի վերահաշվարկված գազի արժեքի դիմաց վճարի 7 մլն 196 հազար 406 դրամ:  «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, չհամաձայնելով այս որոշմանը, հայց է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի` խնդրելով անվավեր ճանաչել 15.12.2011 թ. թիվ 00111541 եզրակացության հիման վրա կատարված գազի ծավալների վերահաշվարկը: ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 12.07.2012 թվականի վճռով հայցը բավարարել է եւ անվավեր ճանաչել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արագածոտնի ԳԳՄ-ի (գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղ) կողմից «Սափեյան եղաբայրներ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի նկատմամբ կատարված գազի ծախսերի վերահաշվարկը: Առաջին ատյանի վճռի դեմ «ՀայՌուսգազարդը» վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ հասել նրան, որ բեկանվել է առաջին ատյանի որոշումը եւ ետ ուղարկվել առաջին ատյան՝ նոր քննության: Սափեյանը վստահ է, որ դա տեղի է ունեցել ճնշման ազդեցությամբ: Նա համոզված է, որ դատավորները կաշառվել են կամ կառավարվել դրսից: «Մենք էլ մեր հերթին ենք բողոքարկել, ու ամսի 19-ին վերաքննիչ դատարանում հրապարակելու են վճիռը»,- ասաց Սափեյանը` ավելացնելով, որ եթե Հայաստանում կան արդար դատարաններ, ուրեմն իրենց գործը պետք է հօգուտ իրենց լինի, այլ ոչ թե «ՀայՌուսգազարդի»:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ