«Այ չռված կեղտ, այ ոճրագործ… ես ձեզ բերդում թիքա-թիքա անել եմ տալու»

«Այ չռված կեղտ, այ ոճրագործ… ես ձեզ բերդում թիքա-թիքա անել եմ տալու»

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կայացավ նախորդ տարի՝ 2012 թվականի նոյեմբերին Լոռու մարզի Շահումյան գյուղիռեստորանում սպանված Երևան քաղաքի բնակիչ, Փատաբանների պալատի անդամ, փաստաբան, 49-ամյա Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատական նիստը:



Նիստերի դահլիճում ներկա էին 100-ից ավելի մարդիկ, մեծ մասամբ՝ մեղադրյալների ընկերներն ու մտերիմները: Ներկա էին նաև տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցն ու սպանվածի քույրը:



Դատական նիստը տևեց շատ կարճ, քանի որ 3 մեղադրյալներից ներկա էին երկուսը՝ Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը, Արեն Վերանյանի եղբայրը՝ Արտակ Վերանյանը ներկա չէր դատական նիստին: Նիստը նախագահող դատավորը դատն հետաձգեց մինչև հոկտեմբերի 4-ը:





Դատական նիստի ավարտից հետո, սակայն, տեղի ունեցավ միջադեպ՝ սպանված փաստաբանի քրոջ՝ Հասմիկ Շարբաթյանի մասնակցությամբ: Վերջինս նիստի ավարտից անմիջապես հետո հարձակվեց մեղադրյալների վրա, ասելով. «Այ չռված կեղտ, այ ոճրագործ, ես քո աչքերը հանելու եմ, մատաղ եմ անելու ախպորս գերեզմանին… Հայտարարում եմ, ես սրանց աչքերը հանելու եմ, ես սպանելու եմ ձեզ, հլը սրանց հավաքած զորքին նայեք, խուժաններ, դուք ո՞նց եք էս հանցագործների կողքը կանգնել, արուն եմ թափելու, որ տենաք արուն թափելն ինչ էր…»: Ու մինչ դատական կարգադրիչները փորձում էին դուրս հանել նրան դատական նիստերի դահլիճից, Հասմիկ Շարբաթյանը շարունակում էր աղմկել ու մեղադրյալների հասցեին վիրավորանքներ նետել՝ արդեն դատարանի միջանցքում. «Թող նկարները հրապարակեն, թող տեսնեն ինչ են արել փաստաբանին, դեմքը չէր ճանաչվում ախպորս, ես սրանց մորթելու եմ, ես սրանց բերդում թիքա-թիքա անել եմ տալու»… Սպանված փաստաբանի քրոջ բղավոցները շարունակվեցին նաև դատարանից դուրս գալուց հետո:



Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 4-ին: Հիշեցնենք, որ փաստաբանի սպանության մեջ մեղադրվում են 3 հոգի՝ եղբայրներ Արեն և Արտակ Վերանյաններն ու Սամվել Դիլոյանը, ով Վանաձորի ավագանու նախկին անդամներից է: Նշենք, որ սպանված 49-ամյա Սամվել Շարբաթյանը նախկինում աշխատել էր որպես քննիչ, ուներ 3 երեխա:





Շուշաննա Գրիգորյան, Լոռու մարզ