Տարոն Մարգարյանը հանձնարարություններ է տվել

Տարոն Մարգարյանը  հանձնարարություններ է տվել

Աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին, հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու համար: Զեկուցվել է, որ, համաձայն սահմանված ժամանակացույցի, մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 2013 թվականի տարեկան ծրագրով իրականացվող հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել որակի ապահովման ուղղությամբ հսկողությունը և գործընթացը պահել մշտադիտարկման ներքո: Հանձնարարվել է ակտիվացնել գլխավոր և երկրորդական փողոցներում ընթացող փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինհրապարակների կազմակերպման և շինարարության իրականացման ընթացքում էկոլոգիական պահանջների պահպանման նպատակով մշակվել են նոր մոտեցումներ: Քաղաքապետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել շինհրապարակների կազմակերպման բաժանարար հարակից տարածքների սահմանված կարգով պաստառապատմանը: <<Երևան Ջուր>> ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են անձրևատար համակարգերի մաքրման աշխատանքները: Շուրջ 1100 կետերում դրանք արդեն ավարտված են: Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո և պարբերաբար զեկուցել ընթացքի վերաբերյալ: Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների հետ կապված՝ զեկուցվել է, որ զանգվածային լրատվության և հնարավոր այլ միջոցներով շարունակաբար իրազեկվում է մրցույթի և անցկացման պայմանների մասին, սակայն մինչ օրս 23 երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մասնակցության հայտեր չեն ստացվել: Էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքների մասով <<Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ տեղադրված 21 սարքավորումներից 19-ը գործարկված են: Առաջիկայում սպասվում է սարքավորումների հաջորդ խմբաքանակի ներկրումը: Քաղաքապետը հանձնարարել է նախապես իրականացված ծանուցումներից հետո համապատասխան քայլեր ձեռնարկել փոքր կենտրոնում առկա գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման ուղղությամբ: <<Կազմված ժամանակացույցով պետք է սկսենք փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Դրանցում պետք է ներգրավել պատկան բոլոր մարմիններին: Ապամոնտաժումներից հետո կարճ ժամկետում պետք է կազմակերպել նաև տարածքի բարեկարգումն ու պատշաճ տեսքի ապահովումը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի վարչական շրջաններում տեղադրվող առաջարկությունների արկղերի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է քաղաքացիների կողմից մայրաքաղաքի զարգացմանն ուղղված առաջարկները քննարկել ու ներկայացնել դրանց կյանքի կոչման համապարփակ նախաձեռնություններ: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ դրանցից լավագույնները կարող են ընդգրկվել նաև 2014 թվականի տարեկան ծրագրում: Անդրադառանլով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող <<թեժ գծերի>> հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում համապատասխանաբար ստացվել են 203 և 102 հեռախոսազանգ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի մեծ մասն արդեն իսկ ստացել է դրական լուծում, 82 հարց ընթացքի մեջ է: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, մայրաքաղաքում նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում: Զեկուցվել է, որ տոնական միջոցառումներ են նախատեսված վարչական շրջանների տարբեր հարթակներում, նաև՝ կրթական ու մշակութային օջախներում: Երևանը կապահովվի նաև համապատասխան արտաքին ձևավորմամբ: Նոր սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքներին անդրադառանալով՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների հիմնական մասն ավարտված է: Նշվել է, որ շարունակվում են ծաղիկների, անհրաժեշտության դեպքում, համալրման, ինչպես նաև ծաղկային կոմպոզիցիաների տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ այս տարի ծաղկային տարածքներն ավելացել են մեկուկես, իսկ սիզամարգերի ծավալները՝ 13 հեկտարով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել աշնանային ծառատունկի կազմակերպման ուղղությամբ:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն