Տեսանելի, համոզիչ եւ արդար

Տեսանելի, համոզիչ եւ արդար

Մեր դատական համակարգի գլխավոր արատն այն է, որ մեզանում չի գործում միջազգային կոնվենցիաներում ամրագրված ոսկե կանոնը. «Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլեւ պետք է իրականացվի տեսանելի, համոզիչ եւ հասարակության կողմից ընկալվի իբրեւ արդարության հաստատում»։ Ցանկացած դատավճիռ, վճիռ, իրավական ակտ, քննչական որոշում հասարակությանը չի համոզում, բաց ու թափանցիկ չէ եւ արդարության հասարակական պատկերացումների մեջ չի տեղավորվում: Երեկ դատարանը հրապարակեց էպոսագետ Վարդան Սեդրակյանի դատավճիռը՝ 14 տարվա ազատազրկում: Շատ է, թե քիչ մարդու կյանքի նկատմամբ կատարված ոտնձգության համեմատ՝ այլ խնդիր է, բայց ամբողջ բանն այն է, որ ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչ դրդապատճառներ են մղել Վարդան Սեդրակյանին մահափորձ կազմակերպել Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Դատավարության ընթացքին հետեւողներն այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում, եւ պատվիրե՞լ է արդյոք այդ մահափորձը էպոսագետը: Այնպես, ինչպես չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի տան բակում, եւ ինչ հիմքեր ուներ նախաքննության մարմինը՝ պնդելու, որ Բուդաղյանի սպանությունը կատարվել է կասկածյալների կողմից «անհրաժեշտ պաշտպանության սահմաններում»: Այնպես, ինչպես չի հասկացվում, թե ինչու է շարունակում բանտում պահվել Տիգրան Առաքելյանը: Այս բոլոր դեպքերը կրկին ու կրկին ամրապնդում են հասարակության թերահավատությունն արդարադատության եւ այն իրականացնող ինստիտուտների նկատմամբ: Խոսում են այն մասին, որ իրավական համակարգն անկախ չէ, անաչառ չէ՝ եթե անմեղները դատապարտվում են, մեղավորները՝ ազատվում պատժից: Եթե արդարադատության իրականացման չափանիշը ոչ թե մարդու արարքն է, այլ հասարակության մեջ զբաղեցրած նրա դիրքը: