Գույժ եւ ավետիս

Գույժ եւ ավետիս

Երեկ իրադարձություններով, չար ու բարի լուրերով լի օր էր: Օրն սկսվեց նոր գլխավոր դատախազի մասին հաղորդումով՝ ՀՀ նախագահը որոշել է այդ պաշտոնում ներկայացնել Գեւորգ Կոստանյանին: Երիտասարդ իրավաբանը, ով հատկապես աչքի է ընկել Եվրադատարանում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելով եւ իրավական հիմնավորումներով փորձել է արդարացնել ՀՀ դատական համակարգի կայացրած որոշումները, այժմ զբաղեցնելու է օրինականության թիվ մեկ պաշտպանի աթոռը: Սակայն պետք չէ մոռանալ, որ նա այդպես էլ չկայացավ որպես զինդատախազ, եւ դատախազության համակարգը նրան չընդունեց: Կկարողանա՞ արդյոք գլխավոր դատախազի հույժ պատասխանատու պաշտոնում Գ. Կոստանյանը կայանալ, կընդունի՞ արդյոք իրավապահ համակարգը նրան, ի՞նչ հետեւանքներ կունենա այս նշանակումը երկրի ու մարդու իրավունքների համար, այսօր դժվար է ասել: Երեկ եւս մի սկանդալային հաղորդագրություն տարածվեց. Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանն ազատվել է աշխատանքից եւ որպես կասկածյալ ներգրավվել է կաշառքի գործով: Հիշեցնենք, որ սա այն անձն է, ով ժամանակին դատի էր տալիս «Հրապարակին» եւ հայտարարում, որ մենք զրպարտել ենք իրեն: Կյանքը ցույց տվեց, որ մեր հրապարակումները, որոնցից բողոքում էր նա, լուրջ հիմքեր ունեին, եւ եթե ժամանակին դրանցով իրավապահները լրջորեն զբաղվեին, գուցե կանխվեին հետագայում տեղի ունեցած բազմամիլիոն յուրացումները պետական բյուջեից: Եվ, վերջապես, օրվա ավարտին ստացանք Սոս Սարգսյանի՝ մեր կինոյի Նահապետի մահվան գույժը: Մեր հայրերի, մեր ու մեր զավակների կինեմատոգրաֆը նախեւառաջ նույնանում է Սոս Սարգսյանի անվան ու կերպարի հետ: Նրա անմահ դերակատարումները վառ ու կերպարային ստեղծագործություններ էին՝ կինոյի պատմության մեջ մնայուն աշխատանք: