Մեր փառատոնի բյուջեն միլիոնի էլ չի հասնում

Մեր փառատոնի բյուջեն միլիոնի էլ չի հասնում

Այս տարվա ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով բացված «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնն սկսել է իր աշնանային համերգաշրջանը: Փառատոնի շրջանակներում Երեւանում սեպտեմբերի 29-ին տեղի կունենա աշխարհի լավագույն բարիտոններից մեկի` Դմիտրի Խվորոստովսկու համերգը, որի դիրիժորն է Կոնստանտին Օրբելյան կրտսերը, բայց, ինչպես մեզ հետ զրույցում նշեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, Կոնստանտին Օրբելյանը նույնպես մասնակցելու է համերգին եւ պետք է նվագակցի Խվորոստովսկուն:  



Աշխարհահռչակ բարիտոնի երեւանյան համերգի ծրագիրը շատ հարուստ է լինելու, առաջին բաժնում կատարվելու են հանրահայտ օպերային արիաներ, իսկ երկրորդ բաժնում` սիրված երգեր, որոնց հեղինակներն են Պախմուտովան, Դունաեւսկին, Բաբաջանյանը, Խաչատրյանը, Օրբելյանը:



 



 



 



«Շատ անգամ ինձ հարցնում են` ինչո՞ւ են նրանք Հայաստանից այդքան գոհ գնում, բայց գիտեք` դա միայն հյուրասիրության ու լավ ուտելիք մատուցելու խնդիրը չէ, այստեղ վերաբերմունքի, մարդկային գործոնը կա: Արտիստներ կան, որ ցանկացած երկրում էլ ամենաբարձր մակարդակով են ընդունվում, օրինակ` նույն Յուրի Բաշմետը թագավորական ընտանիքների մտերիմն է, այսինքն` ոչնչով չես զարմացնի նրանց»:



Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ նախագահական մակարդակով ընդունելություն եւ պարգեւատրումներ են լինում այն երաժիշտներին, ովքեր Հայաստանի համար ծառայություն են մատուցել, օրինակ` նույն Բաշմետի դեպքում նրա 4-րդ այցելությունից հետո է բարձրացվել պարգեւատրման հարցը, երբ սեղանի վրա դրվել են նրա բոլոր ծառայություները Հայաստանի համար. «Բաներ կային, որ մենք էլ չգիտեինք, օրինակ` որ երկրաշարժի տարիներին Բաշմետը Սթիվի Ուոնդերի եւ Էլթոն Ջոնի հետ դրամահավաքներ է արել, Հայաստան գումար ուղարկել, ինչքան է կատարել հայ կոմպոզիտորների գործեր կամ աշխարհով մեկ պրոպագանդել Էդվարդ Միրզոյանին, աջակցել հայ երիտասարդ ալտահարներին. դրանից հետո նոր անդրադարձան իրեն պարգեւատրելու հարցին: Նույնը նաեւ Եվգենի Կիսինի դեպքում, ով երկրաշարժից հետո շարունակաբար օգնություն էր ցուցաբերել աղետի գոտուն, որի մասին շատերը չգիտեն: Հետո՝ իր վերաբերմունքը Թուրքիային ամոթանք տալու եւ ցեղասպանությունը ժխտելու հարցում, նա աշխարհի բոլոր լրատվամիջոցներով ասում է, որ ես Թուրքիա չեմ գնում հենց այդ պատճառով, բայց նա հրեա մարդ է եւ պարտավոր չէ նման դիրքորոշում ունենալ: Նա 25 հազար դոլար նվիրաբերեց «Նվիրիր կյանք» հիմնադրամին` ուռուցքով հիվանդ երեխաների բուժման համար: Դրանից առավել ի՞նչ կարելի էր պատկերացնել, որ երաժիշտը կարող է անել Հայաստանի համար, միանշանակ, նա արժանի էր այդ շքանշանին: Իսկ այս դեպքում արդեն արտաքին քաղաքականության համար են տեղաշարժեր լինում, եւ այդ մարդիկ, որ դառնում են մեր դեսպանները, պրոպագանդողները, արժանի են այդ պատիվներին: Դրա համար պատվո շքանշաններով մեր նախագահը պատվեց Պենդերեցկուն, Դոմինգոյին, Գեորգիեւին, Կիսինին»:  



Փառատոնի մենեջերն ընդգծեց, որ իրենք սկզբունքորեն թուրք երաժիշտների չեն հրավիրում. «Ասեմ ավելին. մեզ մոտ մի նվագախումբ պիտի գար, որ թուրք սոլիստ ուներ, եւ մենք իրենց չհրավիրեցինք, գուցե սխալվում ենք, բայց չուզեցինք: Մարդիկ ասում են, որ արվեստն ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունը, բայց թե ես եւ թե Ռոստոմյանը, հայ մարդ լինելով, չենք կարողանում մեր մեջ Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն կառուցել, քանի դեռ նրանք հերքում են ցեղասպանության հարցը: Շատ են եղել թուրք երաժիշտների կողմից կապեր հաստատելու ցանկություններ, անգամ առաջարկել են այնտեղ Ռոստոմյանին նվիրված համերգ անել, բայց մենք չենք գտել իրենց հետ շփման եզր»:



Ինչ վերաբերում է փառատոնի բյուջեին, ապա Հովհաննիսյանը նշեց, որ կոլեգա փառատոնների դեպքում թվերն ուրիշ նիշերից են սկսվում, որտեղ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների ու եվրոների մասին. «3 միլիոնից սկսվում է, բայց կա նաեւ 10, 12 միլիոն բյուջե ունեցող փառատոն, Թուրքիայի փառատոններն անսահման մեծ բյուջե ունեն, բայց իրականում մենք այդ ամենը Հայաստանում անում ենք շատ ավելի քիչ ծախսերով` միլիոնի էլ չի հասնում, 100 հազարների մասին է խոսքը, եւ մեզ մոտ գալիս են ավելի ցածր հոնորարներով, իսկ սա արդեն նվաճում է: Իհարկե,   շնորհակալություն նաեւ նախագահին, որ աջակցում է փառատոնին եւ ֆինանսապես, եւ բարոյապես»:      



Փառատոնի շրջանակներում այս տարի հոկտեմբերին Հայաստան կժամանի «Շանհայ» լարային քառյակը, իսկ նոյեմբերին Երեւանում հանդես կգա ռուս հայտնի  դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, ով համարվում է Մոցարտի լավագույն մեկնաբաններից մեկը: Տարին կեզրափակվի դեկտեմբերի 9-ին նախատեսված Կլաուդիո Աբադոյի եւ «Մոցարտ» նվագախմբի համերգով, որից հետո, ուղիղ մեկ ամիս անց, արդեն կսկսվի «Երեւանյան հեռանկարներ» 15-րդ երաժշտական փառատոնը. «Շատ վաղ է մեր հաջորդ տարին սկսվում, մենք այս տարի շատ էինք ուզում Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանին անդրադառնալ, ով մեր փառատոնի, Հայաստանի մեծագույն ընկերն է, եւ մենք շատ պատվում ենք իրեն, քանի որ մոլորակի ապրող ամենամեծ կոմպոզիտորներից է եւ իր հայկական ծագման մասին շարունակաբար խոսում է: Եվ դրա համար, իր 80-ամյակի հետ կապված, հունվարին մենք մեր փառատոնի մեջ փառատոն ենք անում` մեկ շաբաթյա Պենդերեցկու օրեր, որտեղ կհնչեն այն ստեղծագործությունները, որոնք գրվել են Հայաստան իր նախորդ այցելությունից հետո, մեծամասնությունը կլինեն հայկական պրեմիերաներ մեծանուն երաժիշտների կատարմամբ»: 



 



 



Սոնա Ադամյան



[email protected]