Տուն, որտեղ սիրով են հյուրընկալվել հայ երևելիները

Տուն, որտեղ սիրով են հյուրընկալվել հայ երևելիները

Այս օրերին նշվում է հայ երաժշտարվեստի ռահվիրաներից մեկի` Կոմիտասի ծննդյան 144-ամյակը: Սփյուռքի նախարարությունը նույնիսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները հայտարարել է «Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնի ամիս, որի շրջանակներում միջոցառումներ է նախատեսել այն վայրերում, որոնք առանցքային նշանակություն են ունեցել հանճարի կյանքում: Հայոց հոգեւոր կենտրոնը եւս ընդգրկված է այդ ցուցակում, իբրեւ Կոմիտասի ուսումնառության, ապաեւ` ուսուցչության դարբնոց: Բայց քչերը գիտեն, որ այդ քաղաքում, բացի Գեւորգյան հոգեւոր ճեմարանից, մի հասցե էլ կա, որտեղ սիրում էր հյուրընկալվել Կոմիտաս վարդապետը: Դա ռազմական գործիչ, դաշնակցական Դրաստամատ Կանայանի տունն է, որն այժմ էլ կանգուն է Շահումյան 10 հասցեում:



275 տարեկան երկհարկանի առանձնատունը, որ ներկայիս բնակիչները գնել են Դրոյի զարմուհուց` օրիորդ Գայանեից, ժամանակին Վերնատուն է եղել: Պատմում են, որ  այստեղ պարբերաբար հավաքվել են գրականության, արվեստի ու ռազմական գործի հայ երեւելիներն ու քննարկել հայոց համար կարեւորագույն հարցեր: «Այստեղ հաճախ են եղել Կոմիտասը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, որոնք Դրոյի Էջմիածին գալուն պես հավաքվել են այս տանն ու սերունդներիս համար պատմությունը թողել: Հավաքույթների ժամանակ Կոմիտասը հաճախ է երգել, որի ձայնը կարծես հիմա էլ արձագանքում է այս պատերի ներսում»,- մասնավոր մի զրույցի ժամանակ ասել է պատմական տան ներկայիս տերը` Անուշ Պետրոսյանը: Տիկինն ասել է նաեւ, որ նշանավոր հյուրերը տանտերերին թանկարժեք նվերներ էլ են բերել, որոնք Դրոյի զարմուհին տան վաճառքի հետ միասին փոխանցել է նոր տերերին:



Անուշ Պետրոսյանի ասելով` դեռեւս խորհրդային տարիներին, իրենց բացակայության ժամանակ, տնից շատ իրեր են անհետացել: «Ովքեր մեր տուն ազատ ելումուտ են ունեցել, մեր բացակայությունն ի չարս են գործադրել: Գանձեր գտնելու նպատակով անգամ նկուղի հատակն են քանդել: Երբ իրենց փնտրածը չեն գտել, տարել են այն, ինչ կարողացել են, այդ թվում  եւ Կոմիտասի նվիրած թանկարժեք սպասքը»:



Դրոյի եւ նրա երեւելի հյուրերի մասին պատմող շատ իրեր տանտերերը դեռ պահպանում են, բայց արդեն՝ այլ հասցեում: Գանձագողերի հետաքրքրությունը չգրգռելու համար դրանք ժամանակավոր պահ են տվել մասնավոր հավաքածուներով հայտնի արվեստագետներից մեկին, որտեղ դրանք ոչ միայն անվտանգ ու ապահով են, այլեւ ներկայացված են ցուցադրության:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ