Ազնվության եւ անազնվության մասին

Ազնվության եւ  անազնվության մասին

Երբ օրեր առաջ, անդրադառնալով ԱԺ խմբակցությունների հետ գլխավոր դատախազի թեկնածուի հանդիպումներին, ներկայացրել էինք այն էյֆորիան, որը տիրում էր խորհրդարանում, մանավանդ Լեւոն Զուրաբյանի հենց տեղում տված հարցազրույցը, մեզ ուղղված բազում մեղադրանքներ հնչեցին, թե ստում ենք, խեղաթյուրում նրա խոսքը եւ այլն: Զուրաբյանը, ԱԺ-ից հեռանալով, հավանաբար, իր կուսակիցների նախատինքին էր արժանացել եւ անմիջապես սրբագրել իր ասածները՝ նոր հարցազրույց տալով եւ հայտարարելով, որ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածուին: Բայց խոսքն արդեն ասվել էր, եւ այն բխում էր սրտից, ուստի երեկ խորհրդարանում արձանագրված քվեարկության արդյունքները միանգամայն սպասելի էին եւ առանձնապես տարակուսանքի տեղիք չէին տալիս: Ընդամենը 3 դեմ, երբ սպասվում էր գոնե 8-9-ը: Ի վերջո՝ վատ բան չկա այն բանում, որ երբեմն էլ ընդդիմությունը դուրս գա ամեն ինչին ու ամենքին ընդդիմանալու կեցվածքից եւ ազատ լինի իր որոշումներում: Սակայն վրդովմունքի տեղիք, ըստ իս, տվել են ոչ այնքան քվեարկության արդյունքները, որքան ստախոսության փաստը: Քվեարկեք այնպես, ինչպես ուզում եք: Հայտարարեք, որ հրաժարվում եք ընդդիմադիրի կեցվածքից, մտնում եք կոալիցիա, վայր եք դնում մանդատները կամ համագործակցում եք սատանայի հետ... բայց մի ստեք, պարոնայք քաղաքական գործիչներ: Հարգարժան անձինք, որոնք ճանապարհ են անցել, սիրուն ելույթներ են ունենում, խոսում են հայրենիքից, բարոյականությունից եւ այլ վսեմ արժեքներից, հանկարծ պարզվում է, որ պարզունակ ստախոսներ են: Խոսքը նրանցից մի քանիսի մասին է: Փաստորեն, այս մարդիկ ունակ չեն ըմբռնելու ազնվություն եւ անազնվություն հասկացությունները, արդարացնելու ժողովրդի հույսերը, առաջնորդելու եւ օրինակ ծառայելու նրան: