Հարց ու պատասխան

Հարց ու պատասխան

Դեռ չէին հանդարտվել գլխավոր դատախազի քվեարկության հետ կապված կրքերը, երբ նոր սկանդալ պայթեց հայ քաղաքական երկնակամարում՝ «Ժառանգության» ամենաակտիվ պատգամավորներից մեկը, կատարելով իր խոստումը, ԵԽԽՎ բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանին հանդիմանեց նախ ընտրողի քվեները գողանալու, ապա կազինոյում 70 միլիոն եվրո պարտվելու համար: Հարցի տոնը, ձեւակերպումը, ուղղվածությունն այնպիսին էին, որ այն ավելի շուտ հռետորական էր եւ պատասխան չէր ենթադրում: Ասվել էր հնչեցված լինելու, իսկ եթե ավելի պարզ ասենք՝ Սերժ Սարգսյանին Եվրոպայի առաջ խայտառակելու պարզ հաշվարկով: Երեկ հայ հանրությունն այս առիթով բաժանվել էր երկու հավասար ճամբարի. մի մասն ասում էր, որ լավ արեց, բա լա՞վ է, որ իրենք ընտրություններ են կեղծում, քրեական գործեր փակում, թալանում, գռփում, կործանում երկիրը: Բա ի՞նչ պիտի աներ՝ Հայաստանում չի կարողանում տալ էդ հարցը, պետք է Ստրասբուրգում տա: Ներսում չենք կարողանում հարցը լուծել. պետք է հույսներս դնենք եվրոպացիների վրա: Մյուս թեւն ասում էր. Զարուհին թուրք է, դավաճան, երկրի կեղտոտ սպիտակեղենը հանել է դուրս: Մեկն անգամ «Ֆեյսբուքում» գրել էր. «Մահ Զարուհուն»: Եթե երկուստեք համակած կատաղությունն ու ոչ կոռեկտ արտահայտությունները թողնենք մի կողմ, պետք է նկատենք, որ երկու կարծիքի մեջ էլ ճշմարտության նշույլներ կան: Երկու թեւին էլ կարելի է հասկանալ: Մի կողմից ինչ-որ բան երկրում փոխելու երիտասարդական մաքսիմալիզմն է, մյուս կողմից՝ երկրի նախագահի ինստիտուտի նկատմամբ հարգանքն ու բարեկրթության պահանջը: Բայց եթե բոլորին արդարացնելու մայրական այս մոտեցումը մի կողմ դնեմ, պետք է ասեմ, որ տհաճ էր լսել այդ հարցը եւ տեսնել, թե ինչպես են քո երկրի նախագահին օտար ափերում այդպես նվաստացնում: